Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղբանտարկյա՞լ է արդյոք Շանթ Հարությունյանը

Հոկտեմբեր 23,2014 17:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում
թեման քննարկում են խորհրդային շրջանի քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Արամ Աբրահամյան.– Ձեր սուբյեկտիվ ընկալմամբ` ի՞նչ է նշանակում քաղբանտարկյալ՝ ընդհանրապես եւ Հայաստանում՝ մասնավորապես:

Աղասի Արշակյան.- Եթե շատ կարճ ասենք՝ եթե գոյություն ունեցող իշխանության նկատմամբ այլ կարծիք ունեցող որեւէ մեկը ձերբակալվում է, կալանավորվում, ենթարկվում է քրեական հետապնդման այդ կարծիքի համար, այսինքն՝ քաղաքական հայացքների համար, նա քաղբանտարկյալ է: Բայց դեպքերը մաքուր չեն արտահայտվում: Սովետական Միությունը այդ իմաստով ազնիվ էր, ուներ հատուկ 3 հոդված, Հայաստանում դա 65, 67 եւ 203-ի «պրիմ» հոդվածներն էին, որոնք մաքուր քաղաքական էին, կոչվում էին «հակասովետական քարոզչություն»: Քարոզչություն կար պարզապես հերյուրանքներ տարածելու միջոցով, դա մեղմ էր՝ մինչեւ 3 տարվա ազատազրկում էր նախատեսվում, եւ կար պետությունը քայքայելու նպատակով: Մենք՝ ես եւ իմ ընկերները, քայքայում էինք: Ուրեմն այդ 3 հոդվածները կային, եւ մարդիկ գիտեին՝ ովքեր այդ հոդվածներով են դատվել, ուրեմն քաղաքական հանցագործներ էին:

Ա. Ա.– Անկախ Հայաստանում այդպիսի հոդվածներ չկան: Ձեր ձեւակերպումը` կա՞ն եվրոպական ստանդարտներ, չափանիշներ:

Արթուր Սաքունց.- Մի քանի տարի առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ընդունեց չափորոշիչներ, եւ, ճիշտն ասած, դա էլ զարմանալի չէր: Եվրոպայի խորհուրդը գոյություն ունի արդեն 50 թվականից, նոր որոշեց՝ Արեւելյան Եվրոպայի մուտքից հետո, որովհետեւ այնպիսի խնդիրների հետ էր առնչվում՝ քաղաքական ենթատեքստ, ազատազրկման ժամկետը, վերաբերմունքն ազատազրկմանը եւ այլն: Երբ որ մենք հղում ենք կատարում չափորոշիչների առկայությանը կամ դրա բացակայությանը, դա մի քիչ աբսուրդ է, որովհետեւ ամեն ինչ չէ, որ հնարավոր է չափել: Կա կոնկրետ իրավիճակ, եւ կա կոնկրետ գործողություն, անկախ նրանից` այդ չափորոշիչները կան, թե չկան: Հստակ է, որ Շանթ Հարությունյանը եւ իր ընկերները քաղաքական գործիչներ են, եւ նրանք քաղաքական հայտարարություն են կատարել: Նույնիսկ եթե ասեն, որ մենք գնում ենք այսինչ քաղաքական պետական ղեկավարին մահափորձ կատարելու, դա էլի քաղաքական նպատակ ունի, որովհետեւ չի գնում՝ Բաղրամյան 26-ը վերցնելու իր տունը դարձնելու: Այսինքն` հրապարակային արտահայտության մեջ կա հստակ քաղաքական վերաբերմունք, դիրքորոշում: Մենք ունենք այդպիսի քաղաքական ենթատեքստ ունեցող հոդված՝ 316 հոդվածը, երբ որ իշխանության ներկայացուցչի դեմ բռնության խնդիր է, ինքը քաղաքական է՝ ինչի պետք է տարբերություն լինի իշխանության ներկայացուցչի եւ սովորական քաղաքացու նկատմամբ բռնությունների հանգամանքը: Տեսեք՝ ինչ արեցին Շանթենց նկատմամբ, նրանց սկզբից տալիս են հենց 316 հոդվածը, բայց մարտի 1-ի դեպքերի հետ կապված, երբ որ լայնորեն կիրառվեց 316 1-ի հոդվածները, նրանք տեսան, որ իրապես քաղաքական հոդվածներ են, դա տեղափոխեցին խուլիգանության հոդված: Հրապարակային միջոցառում՝ ազատ հավաքի մասնակցի նկատմամբ, չի կիրառվել խուլիգանական հոդվածը: Եվ չափորոշիչների հետ կապված պետք է ասեմ՝ եթե ուզում եք հղում կատարել չափորոշիչներին, խնդիրը աստեղ հստակ քաղաքական վերաբերմունքի մեջ է, որովհետեւ նման պատիժ, եթե նույնիսկ սովորական քաղաքացին է կատարում ինչ-որ գործողություն, եւ նրա նկատմամբ անհամաչափ պատիժ են կիրառում, դա ունի Հայաստանի պայմաններում քաղաքական ենթատեքստ:

Ա. Ա.- Ասում են նաեւ, որ Վարդան Պետրոսյանը եւ Վոլոդյա Ավետիսյանը նույնպես, ինչպես Շանթ Հարությունյանը, քաղաքական բանտարկյալներ են: Համաձա՞յն եք, թե՞ չէ:

Ա. Արշակյան.- Ես չգիտեմ, այդ չափորոշիչների համակարգին ծանոթ չեմ, բայց իմ սուբյեկտիվ կարծիքն ասեմ` ընդհանրապես ընդվզող, խռովարար մարդիկ սուրբ չեն լինում, եւ Սովետական Միությունում, եւ բռնապետություններում բացառիկ դեպքերում են քաղաքական հոդվածով մեղադրում այդ այլախոհին: Սովորաբար օգտագործում են այլ մեխանիզմներ, քանի որ նրանք ինչ-որ բանում ստանդարտից դուրս են գալիս, ստանդարտներ չհարգող մարդիկ են, նրանց մոտ անպայման գտնում են գործող օրենքին անհամապատասխան ինչ-որ արարք կամ դա ուղղակի սարքում են:

Քննարկումն` ամբողջությամբ

 

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

 

«Առավոտ» օրաթերթ
22.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031