Փոխվարչապետ եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրաժարականը զանազան մեկնաբանությունների առիթ տվեց: Խորաթափանց վերլուծություններից մեկում կարդացի, որ Սերժ Սարգսյանը հենց հիմա է հիշել, որ որոշ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀԿ-ն պարտվել է ԲՀԿ-ին, ու դրա համար պատժեց Արմենչիկին: Մյուսում, կամ գուցե նույն տեղում էր, խոսվեց ծրագրվող հանրաքվեից առաջ տեղական իշխանության համակարգը ամրապնդելու եւ ուղղաձիգը ձգելու Սարգսյանի մտադրության մասին, եւ որպես այդ հեռատես գործի սկիզբ՝ նշվեց կրկնահանցագործ Լիցկային Սյունիքի մարզպետ նշանակելն ու փափկամարմին Գեւորգյանին հեռացնելը:
Ֆեյսբուքում աչքովս ընկան նաեւ դրվատանքի խոսքեր՝ իբր չդիմացավ տղան նույն այդ չարագործ Լիցկայի խայտառակ նշանակմանը, հրաժարվեց գնալ Կապան՝ նրան ներկայացնելու, ու արժանապատվորեն հրաժարական գրեց: Կարծես հանցագործ Ռոբին ու Սերժին կարելի էր դիմանալ, իսկ Լիցկային՝ ոչ:
Ինչ-որ վարկածներ եղան նաեւ վարչապետի հետ ընդհարման մասին՝ դե, չկարողացավ երկար աշխատել այդ թերուսի հետ եւ այլն, եւ այլն:
Իսկ օրվա հերոսը այդպես էլ ոչ մի մեկնաբանություն չարեց, կարծեմ ասաց, որ ամեն ինչ լավ է եւ ամեն ինչից գոհ է ու շնորհակալ, հետո, եթե ճիշտ էր թերթերից մեկի գրածը, լքեց Հայաստանը:
Այնպես որ՝ ի վերջո, երկրի փոխվարչապետի եւ նախարարի անսպասելի հրաժարականի շուրջ քննարկումները արագ եկան, հանգեցին պարապ մնացածների համար ամենահետաքրքիր հարցին՝ ո՞ւմ, ո՞ր մի հանցագործին կնշանակեն նրա տեղը:
Ես, սակայն, ուզում եմ արծարծել մեկ այլ հարց: Այս փոքրիկ հրապարակումով ուզում եմ փորձել գնահատական տալ Արմեն Գեւորգյանի համարյա 17-ամյա գործունեությանը ՀՀ իշխանության բարձր հարկերում:
Կարդացեք նաև
Այնպես չէ, իհարկե, որ վշտացած եմ նրա հրաժարականից կամ ուշադիր հետեւել եմ նրա կարիերային: Անձամբ չեմ ճանաչում, որքան հիշում եմ՝ երբեք չենք էլ հանդիպել ու գործով չենք առնչվել նույնիսկ միջնորդավորված: Այնուամենայնիվ, դրդող երկու հանգամանք կա:
Առաջինն այն է, որ, որքան հիշում եմ, Արմեն Գեւորգյանը մեկն էր այն մի խումբ երիտասարդներից, որոնք ժամանակին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի օժանդակությամբ մեկնել էին արտասահման՝ ուսում ստանալու, եւ վերադառնալով՝ նույն օժանդակությամբ գործի անցան իշխանության տարբեր ճյուղերում:
Հիմա, երբ աշխարհի տարբեր հարգված բուհերի՝ արդեն երեւի հազարավոր շրջանավարտներ ունենք, այդ փաստը այնքան էլ նշանակալի չի թվում: Բայց այն ժամանակ սկիզբն էր: Նոր, գիտակ, սովետական կաղապարներից զերծ, հովանավորչությունից դուրս կադրերի սով կար: Նոր կադրեր՝ նորանկախ Հայաստանի համար: Կատարյալ ռոմանտիկա՝ մի խոսքով: Հետաքրքիր կլինի երեւի իմանալ ողջ այդ առաջին խմբի հետագա գործունեության մասին, բայց ես միայն երկուսին եմ հիշում՝ Արմենին, արդեն ասացի, մեկ էլ Վիգենին Սարգսյան, որը այն ժամանակ կարճ ժամանակով Արարքցյանի օգնական, թե խորհրդական դարձավ, իսկ հիմա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն է:
Որպեսզի այս առաջին դրդապատճառին ու դրանից բխող գնահատականին այլեւս չանդրադառնամ, կարճ ամփոփեմ, ու անցնենք առաջ: Իմ տպավորությամբ՝ թե՛ Արմենը, թե՛ Վիգենը չարդարացրին իրենց հետ կապվող հույսերը, դրսեւորեցին իրենց որպես սովորական սովետահայ կարիերիստներ եւ կոնֆորմիստներ: Արտասահմանում չսովորած կամ ընդհանրապես կրթություն չստացած՝ երկրին նվիրյալ հազարավոր երիտասարդներ պայքարի էին ելնում ընտրություններ կեղծողների, իշխանությունը զավթողների, երկիրը թալանողների դեմ, իսկ նրանք տաքուկ տեղավորվեցին ու այդպես էլ մնացին այդ նույն կեղծողների, զավթողների ու թալանողների կողքին:
Շահագրգիռ լինելուս երկրորդ դրդապատճառն այն է, որ տեղական ինքնակառավարման համակարգը միշտ եղել է ուշադրությանս կենտրոնում՝ թե՛ գործադիր ոլորտում ժամանակին աշխատելուս պատճառով, թե՛ որպես օրենսդիր աշխատելիս, երբ տքնում էի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքների նախագծերի վրա:
Ուստի հետեւում եմ ոլորտի զարգացմանը մինչեւ հիմա եւ անկեղծ հրճվանք կապրեի, եթե տեսնեի, թե ինչպես է երիտասարդ, առաջադեմ, կրթված ու բանիմաց Արմեն Գեւորգյանը բարեփոխումներ անում ու ներդնում տեղական ինքնակառավարման արեւմտյան առաջավոր փորձը մեր երկրում: Կողջունեի նրա վճռական ավանդը համայնքների բյուջետային անկախության ամրապնդման, համայնքապետերի ինքնուրույնության բարձրացման, ավագանիների ֆունկցիոնալ արդյունավետության բարձրացման, համայնքների համահավասար զարգացման գործում:
Ավաղ: Ստիպված եմ արձանագրել, որ բացի Երեւանի ինքնակառավարմանն անցնելուց, որը, սակայն, արվեց թաղային ինքնակառավարման վերացման հաշվին, ոչ մի էական առաջընթաց պարոն Գեւորգյանի ղեկավարած ոլորտում չի եղել: Փոխարենը քանդվել ու ամայացել են հարյուրավոր գյուղական համայնքներ, ավագանիները վերջնականապես դարձել են անպետք մարմիններ, իսկ ինքնուրույնությունից զրկված ու դաժանորեն հանրապետականացված համայնքի ղեկավարները դարձել են մարզպետերի ուղղակի ենթակաները:
Յուրաքանչյուր քանդվող ու ամայացող գյուղի վրա դողալու, դրանք փրկելու ծրագրեր գործադրելու փոխարեն՝ պարոն Գեւորգյանի նախարարությունը շրջանառության մեջ է դրել համայնքների խոշորացման կործանիչ մի ծրագիր, որի հետեւանքով կորցնելու ենք հարյուրավոր գյուղեր: Թքած՝ թե դարեր շարունակ հենց այդ գյուղերն են ապահովել մեր ազգի բնական աճը, պահպանել գենոֆոնդը: Շեֆը (Սերժ Սարգսյանը) ասաց, չէ՞, որ ոչ մի վատ բան չի տեսնում սահմանամերձ եւ բարձր լեռնային գյուղերի ամայացման մեջ:
Ռեժիմը, այդ թվում եւ Գեւորգյանը՝ իր նախարարությունով, տարիներ շարունակ այնքան էին տարված իրենց զավթած, ապօրինի իշխանության ամրապնդմամբ, որ մի կողմ թողած տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը, մոռացած վարչատարածքային բաժանման ճշգրտման լուրջ խնդիրները՝ ժամանակ չգտան նույնիսկ բնակավայրերի վերանվանման հեշտ, բայց կարեւոր գործն առաջ տանելու համար:
Քսաներեք տարին բոլորած անկախ Հայաստանում դեռ երեխաներ են ծնվում, ու իրենց ծննդյան վկայականներում որպես ծննդավայր գրվում է Լենուղի, Uովետական գյուղ, Շահումյանի թռչնաֆաբրիկա գյուղ, Գազանաբուծական պետ, տնտեuությանը կից գյուղ, Ռադիոկայանին կից գյուղ, Փայտամշակման գործ. կից գյուղ: Այդպես էլ իրենց համար արժանի անուններ չգտան չքնաղ Լոռվա Ալավերդին ու Ախթալան, իսկ որոշ քաղաքացիներ մինչեւ հիմա ստիպված են որպես իրենց ծննդավայր նշել Յանըղը, Կորչլուն, Բաշգյուղը, Գյուլլիբուլաղը, Մուuալլամը, Ղզլջուղը, Ղարատղան, Աղբուլլաղը, Ղուրդղուլլաղը, Ներքին ու Վերին Գյոդակլուն ու Հաջաթինը:
ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2014