Լրահոս
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյանը չգիտե՞ր՝ ինչի համար է ստորագրում եւ ուր է ուղեգրում

Հոկտեմբեր 23,2014 15:30

Մեր երկրում պետական, պաշտոնական փաստաթուղթն էլ արդեն որեւէ արժեք եւ նշանակություն չունի. նախարարի ստորագրությամբ ու կնիքով թուղթն էլ հաշվի չեն առնում՝ հատկապես, երբ գործը հասնում է գումարին:

78-ամյա 2-րդ կարգի հաշմանդամ Եղիշ Մինասյանը առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի ձեռամբ կնքած ու ստորագրած պետպատվերի ուղեգրով դիմել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն՝ կոնքազդրի հոդի վիրահատության համար: Եղիշ Մինասյանն ու իր կինը՝ տիկին Էմման, «Առավոտի» հետ զրույցում պատմեցին, որ պետպատվեր ստանալու համար բավականին չարչարվել են. 2 շաբաթ հիվանդ-հիվանդ մեկ առողջապահության նախարարություն են գնացել, հետո՝ հիվանդանոց, հետո՝ էլի նախարարություն, պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացրել են, որպեսզի կարողանան պետության կողմից երաշխավորված անվճար բուժսպասարկում ստանալու իրենց իրավունքից օգտվեն:

Ամուսինները երկուսն էլ 2-րդ կարգի հաշմանդամ են, միայնակ են, ժառանգ չունեն, «Փարոսի» անդամ են, եւ միայն ճշտելուց հետո, որ կարող են պետպատվերով բուժսպասարկում ստանալ, պայքարել են դրա համար:

Ամուսինները՝ վստահ լինելով, որ վիրահատությունն անվճար է լինելու, դիմել են բուժհիմնարկին, սակայն «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Պետրոսյանը վստահեցրել է, որ այն բաժանմունքում, որտեղ պետք է վիրահատությունը կատարվի, պետպատվեր չկա. «Մինիստրի պեչատով ու ստորագրությամբ թուղթը վերցրեց, շպրտեց մի կողմ ու ասեց՝ միայն վճարովի պիտի լինի, մենք էլ ասեցինք՝ բա ձեր բժիշկներն ասում են՝ եթե մինիստրի թուղթ կա, ուրեմն կարելի է անվճար, բայց Պետրոսյանը ոչ էլ բանի տեղ դրեց մեր ասածները: Ի՞նչ է, ուրեմն մինիստրը մեզանից ազատվելու համար էնքան որ թուղթ էր՝ ստորագրե՞ց, տվե՞ց: Մի հատ սպրավկայի համար էլ 6000 դրամ էին ուզում, էդ էլ, մեր դժգոհությունից հետո, անվճար տվեցին: Մենք հազիվ եղած գումարը ծայրը ծայրին ենք հասցնում, մի ավել կոպեկ մուծելն արդեն խնդիր է մեզ համար»:

Եղիշ Մինասյանն արդեն այնպիսի սուր ցավեր ուներ, որ անգամ մեկ օր չէր կարողանում դիմանալ, ուստի, ինչպես ինքն ասաց, խնդրել է շտապ վիրահատության օր նշանակել: «Մի սարսափելի ցավեր էին, լաց էի լինում, չէի դիմանում, էդ ցավերիս պահին բերին թուղթ ստորագրել տվին, պարզվեց՝ վիրահատության փողն է՝ 450 հազար դրամ՝ 25% զեղչ արած:

Մենք վարկ էինք վերցրել, ստիպված մուծեցինք՝ մտածելով, որ մինիստրությունը հետո կխառնվի, որովհետեւ պետպատվեր է տվել»,- պատմեց Մինասյանը: Ամուսիններն ընտրել էին այդ հիվանդանոցը, քանի որ իրենց բնակության վայրին մոտ է, եւ ամուսնուն խնամելու համար կնոջն ավելի հարմար էր տանից այդ հիվանդանոց գնալը: Ընդ որում, վիրահատության բժշկին էլ, ինչպես իրենք ասացին՝ արդեն հարմարվել էին, վստահում էին, ու այլեւս ցավերն անդիմադրելի էին, ուստի էլ չընկան դռնեդուռ՝ այլ հիվանդանոց ու բժիշկ գտնելու համար: Վիրահատությունից հետո, երբ Եղիշ Մինասյանը սկսել է կազդուրվել ու արդեն ձեռնափայտով քայլել, դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններ, սակայն պատասխան չի ստացել, թե՝ ինչո՞ւ իրեն հասանելիք պետպատվերը չի աշխատել այդ հիվանդանոցում:

Պարոն Մինասյանի խոսքերով՝ «Հիմա օրերով կիսաքաղց ենք մնում, որ վարկի տոկոսները մուծենք: Ուտելու ու մնացած բաների վրա տնտեսում ենք, որ փող հավաքենք տոկոսները մուծենք: Մի քանի անգամ զանգել ենք առողջապահության նախարարության թեժ գիծ ու ասել, որ պետպատվերը չեն ընդունել, մի կարգին չլսելով, թե ինչ ենք ուզում, ասում էին՝ նախարարությունը գումար չի վերադարձնում, ու անջատում էին հեռախոսը: Լավ, մինիստրն առանց իմանալո՞ւ է պետպատվերի ուղեգիր տվել, ինչի՞, մինիստրությունում չգիտեի՞ն, որ էդ բաժանմունքում պետպատվեր չկա, ոնց որ հիվանդանոցի տնօրենն էր ասում: Ուրեմն՝ չտային էդ թուղթը, մեզ էլ հույսով չանեին: Էդքան էլ տանջվեցինք, ես էլ էս հիվանդ վիճակիս՝ քաղցկեղ եմ ունեցել, վիրահատել էին, ես էլ լավ չէի, ու տենց էդքան էլ ներվային ապրումներ ունեցանք, էլ չեմ ասում՝ էդքան վազվզելն ու դռնից դուռ ընկնելը»:
Տիկին Էմման մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հիվանդանոցի օրթոպեդիայի բաժնի վարիչն էլ վստահեցրել էր, որ նախարարի կողմից տրված փաստաթղթով բոլոր հիվանդանոցներում հնարավոր է պետպատվերով սպասարկվել:

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնը Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ է գործում, քաղաքապետարանից խնդրի առնչությամբ «Առավոտին» վստահեցրին, որ օրենքի խախտում չի եղել. «Ինչ արվել է՝ օրենքի շրջանակներում է արվել, քանի որ հիվանդին նախապես տեղեկացրել են, որ այդ բաժանմունքում պետպատվեր չկա»:

Ուշագրավ է, սակայն, առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի տրված ուղեգիրը՝ ««Քանաքեռ-Զեյթուն ԲԿ» ՓԲԸ տնօրեն պարոն Հայկ Պետրոսյանին՝ ՀՀ առողջապահության նախարարությունն ուղեգրում է Երեւան քաղաքի բնակիչ Եղիշ Մինասյանին, 78 տարեկան, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների շրջանակներում ստացիոնար բուժման (հետազոտման) համար (վիրահատության մասով)». նախարար՝ Դերենիկ Դումանյան»: Այսինքն՝ եթե հիվանդանոցի տնօրինությունն ու քաղաքապետարանը վստահեցնում են, որ օրենք չեն խախտել, եւ այդ բաժանմունքում պետպատվեր չկա, ապա անհասկանալի է, թե ինչի՞ համար է պետպատվերի ուղեգիր տվել նախկին նախարարը. դժվար թե պարոն Դումանյանը տեղեկացված չլիներ, որ տվյալ բաժանմունքում իր ուղեգիրը չի աշխատի, կամ որ դեպքերում եւ հիվանդանոցների բաժանմունքներում է պետպատվերը գործում:
Հիմա տարեց ամուսինները պայքարում են, որպեսզի հիվանդանոցից պետպատվերի նախատեսած գումարը հետ ստանան՝ այդ գումարով իրենց վարկը մարելու համար:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարում` 78-ամյա Եղիշ Մինասյանը պահանջում է պետպատվերի գումարը:

«Առավոտ» օրաթերթ
22.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031