Գործարարը ներկայացնում է այն խնդիրները,
որի առաջ կանգնելու է նոյեմբերի 1-ից հետո
«Եթե մարդ օրինական դաշտում աշխատում է՝ ի՞նչ իմաստ ունի տարատեսակ օրենքներ ընդունել, որը միայն վնասում է փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Սա միայն ուղղված է մեզ՝ փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներիս դաշտից դուրս բերելուն եւ դաշտը միայն խոշորներին թողնելուն»,- երեկ այսպիսի համոզմունք հայտնեց «Առավոտի» խմբագրություն դիմած մի գործարար, որի անունը նրա խնդրանքով չենք հրապարակում: Անհատ ձեռներեցը, որը արտերկրից ապրանք է ներկրում եւ երկար տարիներ է՝ աշխատում է օրինական հարկային դաշտում, պարտաճանաչ վճարում է բոլոր հարկ ու տուրքերը, այսօր կանգնած է բիզնեսը փակելու մտքի առաջ:
Նրա մտահոգությունն առնչվում է նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ «Առեւտրի եւ սպասարկման մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնք վերաբերում են մի շարք ապրանքատեսակների դրոշմապիտակավորմանը:
Գործարարի խոսքերով՝ ինչ ՀՀ կառավարությունը հաստատել է այս փոփոխությունները, արդեն մի քանի ընկերությունների հետ դադարեցրել է պայմանագիրը, մինչեւ հասկանա, թե ինչպես պետք է աշխատի այդ նոր օրենքի պայմաններում: «Դրսից ապրանք եմ ներկրում՝ սննդամթերք հիմնականում, որոնց թվում են տարաներով ապրանքատեսականի, 70 հազար բանկա հատ-հատ պիտակները փակցնելը հեշտ չէ, այդ ընթացքում պատահում է, որ տարաները կոտրվում են, եւ ստացվում է, որ ես անտեղի վնասներ եմ կրում: Բացի այդ, աշխատանքը կատարողներ են պետք՝ 4 հոգի, օրական պետք է վճարել 25-30 հազար դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ մեկ ամսում միլիոնից ավելի միայն այդ մարդկանց պետք է վճարել, որն էլ կազմում է մի կլորիկ գումար: Ունեմ 240 քառակուսի մետր պահեստային տարածք, իսկ դրոշմապիտակավորման համար նվազագույնը 100 քառակուսի մետր լրացուցիչ տարածք է անհրաժեշտ, որպեսզի պիտակավորման աշխատանքները կազմակերպեմ: Այդքան արկղերը բացելն ու տարաները մեկ-մեկ պիտակավորելը հազարավոր խնդիրներ են առաջացնում, ինչը կառավարությունն ընդհանրապես հաշվի չի առնում»,- ասում է մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նկատենք, որ նոյեմբերի մեկից ՀՀ «Առեւտրի եւ սպասարկման մասին» օրենքում կատարված փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանում վաճառվող բոլոր տեսակի փաթեթավորված կաթնամթերքը, սուրճը, թեյը, ձեթը, միսը եւ ձկան պահածոները, պահածոյացված բանջարեղենը եւ մրգերը, պաղպաղակը, կոսմետիկ միջոցները, օճառները, լվացքի փոշիները, դեղորայքը եւ այլ ապրանքներ պարտադիր պետք է դրոշմապիտակավորվեն, որի նպատակը՝ ինչպես հիմնավորում է կառավարությունը, այդ ապրանքների ստվերային շրջանառությունը կանխելն է:
«Միեւնույն է՝ այս փոփոխությամբ ոչ մի ստվեր էլ չի կրճատվի: Արտադրողները թանկացնում են, որի համար էլ սպառողն է վճարելու: Մարդ պետք է մտավոր հետամնաց լինի, որ նման օրենքի տակ ստորագրի: Ի՞նչ ստվերի մասին է խոսքը, 15 տարի է՝ աշխատում եմ, անընդհատ օրենքներ են մտցվում, փոփոխվում, բայց սա ոչ մի տրամաբանություն չունի: Կարծում եմ՝ պետության նկատմամբ սաբոտաժ է, ուրիշ ոչինչ»,- ասում է գործարարը:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2014