Ասում է քանդակագործ Տիգրան Սարգսյանը
Հոկտեմբերի 25-28-ը Երեւանում տեղի է ունենալու ոսկերչական համահայկական ցուցահանդես-շոու, որին կմասնակցեն տասնյակ երկրների հայ ոսկերիչները:
ԱՄՆ-ում ճանաչված քանդակագործ Տիգրան Սարգսյանը նույնպես մասնակցելու է այդ միջոցառմանը:
-Դուք ինչպե՞ս եք նախապատրաստվել:
– Երեւանում տեղի ունենալիք ցուցահանդեսը չորրորդ տարին է, ինչ անցկացվում է:
Առաջին անգամ 2011թ. սեպտեմբերին էր՝ Հայաստանի անկախության օրը, «Մարիոթ» հյուրանոցում:
Միջոցառման տնօրինությունը ձեռք է բերել ազատ գոտի՝ մեծ շինություն, «Մերիդիան», ուր եւ ցուցադրություններն են լինելու: Ցուցադրությունները կարեւոր են այն իմաստով, որ երեւում է առաջխաղացումը ոսկերչության մեջ, կցուցադրվեն նոր զարդեր, կծանոթանաք աշխարհի հայ ոսկերիչների աշխատանքներին: Շոուն ամեն տարի լինելու է:
Ինձ այս տարի տնօրինությունը՝ Գագիկ Գեւորգյանը, հրավիրեց, տեղ հատկացրեց, որ ես իմ արվեստը ցույց տամ շոուի ժամանակ:
-Ի՞նչ եք ցուցադրելու:
-Կցուցադրեմ իմ արծաթյա շախմատները: Հինգ տեսակի, պայմանական անուններով՝ «Հայկական- պատմական», «Ռուսական-պատմական», «Նապոլեոն-ֆրանսիական», «Ամազոնկա» եւ «Խաղաղության»:
Վերջինը ներկայացված է արկերի ձեւով, խաղաղության նշաններով, որոնց հիմքի տակ կան հատկանշական նախադասություններ: Օրինակ, ատոմային ռումբը, որը խորհրդանշում է թագավորին, խաղաքարի հիմքի վրա գրել եմ. «Ատոմային էներգիան՝ միայն էներգիա ստանալու համար», կամ նեյտրոնային ռումբը խորհրդանշում է թագուհուն՝ «Գիտության համար», բալիստիկ ռումբ-խաղաքարի տակ գրված է՝ «Միայն ամպերը ցրելու համար են», նավակի հիմքի տակ՝ «Եթե պատերազմ՝ միայն շախմատի դաշտում»:
-Պարոն Սարգսյան, այս աշխատանքների հետ կապված որեւէ առաջարկ եղե՞լ է: Մասնավորապես, չեմ թաքցնում, որ շախմատը մեզ մոտ դիվանագիտական մարզաձեւից զատ՝ ընկալվում է որպես մշակութային «դիվանագիտության» մաս:
-Իմիջիայլոց, երբ ինձ հրավիրեցին մասնակցելու առաջին շոուին, հանրապետության նախագահը մտավ մեզ մոտ: Նա շուրջ տասնհինգ րոպե կանգնեց իմ շախմատների մոտ, առաջին բառը, որը լսեցի՝ «էս ինչ հրաշք շախմատ է, էս ինչ հրաշք գործեր են»: Ու առանձին-առանձին խաղաղության շախմատի խաղաքարերը վերցնելով՝ հարցրեց. «այս գրանատով ի՞նչ խաղաղություն»:
Ես էլ նրան ասացի՝ «եթե պատերազմ, ապա շախմատի դաշտում», որը գրել էի խաղաքարի տակ:
Իմ այս աշխատանքները շատերն են տեսել: Ամենայն հայոց կաթողիկոսն է տեսել, գահը վերցրել, ասել է. «Մենք գահ էինք ման գալիս, արդեն դիզայն արվել է»:
-Մի խաղաքարն ինչքա՞ն ժամանակում եք ստեղծել:
-Ռուսական շախմատը ես վերջացրել եմ 9 տարում:
Ամենածանր խաղաքարը, որն արծաթից է, հայկականն է, մեկ կիլոգրամ չորս հարյուր գրամ է:
Ռուսականը բրոնզից է՝ մի քիչ ավելի կլինի:
-Կապ ունի՞ նյութը: Մանավանդ որ՝ Դուք ավելի շատ ոսկու վրա եք աշխատել:
-Նյութը կապ չունի: Կարեւորն այն է, ինչ ես անում եմ. մոմի վրա էլ եմ կատարում:
Շախմատը պիտի նախ խաղալ իմանաս: Ինքս գնացել եմ շախմատի: Պիտի իմանաս ոսկերչություն, երեւակայություն, քանդակագործություն, մանրաքանդակագործություն, ու բացի դրանից, ուսումնասիրես պատմությունը, որից հետո ստեղծես շախմատ: Պետք է այնպես ստեղծես, որպեսզի միջնախաղում մարդիկ չշփոթեն թագուհին թագավորի հետ:
Ես շախմատները ստեղծելուց առաջ, ինչքան շախմատի մասին գիրք կար, երեւի մի տասը հազարի չափ գիրք, ուսումնասիրել եմ: Իմ երեւակայությունն էլ եմ ներդրել. ինչպես կցանկանայի տեսնել:
-Պարոն Սարգսյան, սիրո՞ւմ եք խաղալ:
-Շախմատ սիրում եմ: Երբեք չեմ ուզում պարտվել: Ոչ ոք չի սիրում պարտվել, բայց ես հոգեպես չեմ կարող տարվել: Դրա համար շատ քիչ եմ խաղում:
-Դուք ավելի շատ ոսկու հետ եք աշխատել: Վերջին շրջանում նկատում եմ, որ ավելի շատ արծաթի հետ եք «կռիվ» տալիս, անգամ՝ փայտի: Ենթարկվո՞ւմ է նյութը Ձեզ:
-Հիմնականում աշխատում եմ մոմի հետ:
Միաժամանակ եմ աշխատում: Մինչ քսանյոթ տարեկանը քանդակագործ չեմ եղել, նկարել եմ շատ-շատ: Կրթությունս եղել է ինժեների. ավարտել եմ արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության բաժինը: Երեւանում աշխատել եմ աշխղեկ: Հետո Ամերիկա գնացի՝ քսաներեք տարի առաջ: Ձեռնամուխ եղա վաղեմի երազանքների կատարմանը:
Մանկուց երազում էի խաղողի մի ողկույզ կամ մի փոքր մանրակերտ պատրաստելու մասին:
Երբ ազատ ժամանակ ունեցա, իմ ամենաճիշտ որոշումն այն եղավ, որ գնայի քանդակագործություն սովորելու, որի մասին միշտ երազել եմ: Նախ՝ քարի վրա փորձեցի: Քարը չսիրեցի: Ցուրտ էր: Փայտի վրա սովորեցի:
Չորս ամսվա ընթացքում դարձա ժողովրդական վարպետ:
-Դուք երկու իրականության մեջ եք. ամերիկյան եւ հայկական, որից կտրված չեք: Ամերիկյան իրականությունը, չեմ թաքցնում, «բիժուտերիային» մտածողության կրող է, այն դեպքում, երբ Դուք հոգեւոր թեմաներով եք ստեղծագործում:
-Բացի ազգային ոսկերչությունից, ես ունեմ կլասիկ՝ ռոք արվեստին մոտ ոսկերչություն, որն ինձ շատ բան տվեց, որ մտնեմ ամերիկյան շուկա:
Շատ կարեւոր է, որ մասնակցես ամերիկյան տարեկան շոուներին: Երկու-երեք անգամ, ինձ նման անձինք կամ ընկերությունները ներկայանում են իրենց շոուներին, որպեսզի նորույթներ ասեն:
Իմ ոճն ուրիշ է, ես ունեմ իմ «Տիգրանը»:
Հիմա միայնակ եմ:
-Դուք Հայաստանում եղել եք երեք տարի առաջ: Ձեր աչքերով ուզում եմ տեսնել իմ-քո Հայաստանը: Կա՞ն փոփոխություններ: Նկատո՞ւմ եք:
-Ավելի շատ ժողովրդի մեջ եմ զգում: Իրենք շատ են դժգոհում եւ ճիշտ են դժգոհում: Բարձրահարկերի հետ կապված էլ եմ զգում փոփոխություն. ճնշող բան կա, չեմ սիրում, մանավանդ, էս Հյուսիսային պողոտան:
Որովհետեւ, երբ հրապարակից գալիս ես, ոնց որ մեր Օպերան օպերան չլինի, մի փոքրացած զանգված լինի:
Օպերան՝ մեր ազգային հարստությունը մեռցրել են:
Ման եմ գալիս, սառում եմ:
-Ձեր նախընտրած վայրերը որո՞նք են:
-Իմ նախընտրած վայրը միշտ Աբովյան փողոցն է, հրապարակը:
Հայաստան ամեն անգամ գալուց իմ ընկերներին եմ հանդիպում, հարազատներիս, ես շատ ծանր եմ տանում բաժանվելը:
Ամեն անգամ նույն զգացումով եմ մեկնում. չեմ ուզում գնալ: Այնտեղից ուրախ գալիս եմ, այստեղից չեմ ուզում գնալ: Շրջապատս, վերնիսաժային էներգիան, այս քաղաքն ինձ համար էր, զգում եմ՝ մի օր անպայման գալու եմ:
Ամեն բան հոգուցս է գալիս:
Ամերիկայում շատ բան կորչում է: Կարող ես նստել համակարգչի դիմաց ու «արտադրանք» տալ:
Ես նայում եմ՝ հստակ ուղիղ, կանոնավոր պատկերներ են: Չեմ ուզում տեսնել:
Շրջապատում որեւէ ուղիղ գիծ չկա: Մեր աչքը սովոր չէ այդ ուղիղ գծերին: Մարդու հոգին այդ ծռությունների մեջ է: Համակարգիչն արժեք չի ստեղծում:
Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2014