10-13-րդ դարերում կառուցված Հաղարծնի վանական համալիրը մինչեւ վերջերս ոչ բարվոք վիճակում էր գտնվում: Այն հիմնանորոգվեց Արաբական Միացյալ Էմիրությունների Գերագույն խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ Նորին Գերազանցություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի բարերարությամբ: Շեյխն այդ նպատակով 5 մլն դոլար էր հատկացրել: Հաղարծնի բացման արարողությունն էլ կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերին:
Օրերս մեր այցելության ժամանակ միջնադարյան համալիրը լեցուն էր ուխտավորներով, ընդ որում՝ նրանք ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից են ու Երեւանից, այլեւ արտերկրից: Եկել էին եւ երեխաներ՝ իրենց ուսուցիչների հետ, եւ ընտանիքներ, եւ տարբեր կազմակերպությունների աշխատակիցների խմբեր: Ցավոք, անգամ ոչ մասնագետի աչքին է զարնվում այն, որ Հաղարծնի վանական համալիրը վերանորոգվել է ոչ հարազատ նյութով՝ սրբատաշ քարեր, նաեւ ժամանակակից տեսքով պատուհաններ ու դռներ, որմնաջահեր, որոնք համահունչ չեն բուն կոլորիտի հետ:
Հիմնանորոգումն ավելի շատ եվրանորոգում է հիշեցնում: Համալիրից քիչ այն կողմ էլ վանականների համար մեկ այլ շքեղ համալիր է կառուցվում: Հաղարծնի եկեղեցու բակում է գտնվում նաեւ հայտնի դարավոր ընկուզենին, որ անցյալ տարի ապրիլին անփութորեն կամ գուցե միտումնավոր այրեցին: Այժմ նրա վրա ցուցանակ կա՝ ՉԾԽԵԼ:
Կարդացեք նաև
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝
հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
22.10.2014