Երեք օր Այսրկովկասի մշակութային խոշոր կենտրոնում՝ Թբիլիսիում, թատերական տոն էր ու թատերական հրավառություն: Այստեղ հյուրախաղերով հանդես եկավ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնը, որն իր հյուրախաղերը նվիրեց հայ-վրացական թատերական կապերի պատմության մեջ կարեւոր տեղ զբաղեցնող Աբելյանի եւ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնների համագործակցության 50-ամյա հոբելյանին: Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը դարձավ այս հոբելյանը կարեւորողը, իսկ նրա նախաձեռնությանն էլ աջակցեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Լռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Այսօր հատկապես, երբ Վրաստանում հակահայ տրամադրությունները, Թուրքիայի եւ Ադրբեջանի հորդորներով, նոր ծավալներ են ստանում, երբ վիրահայ համայնքը եւս ենթարկվում է այդ քաղաքականության տխուր հետեւանքներին՝ չափազանց կարեւոր են Հայաստան-Վրաստան կապերը, այցելությունները, որոնք ոգեշնչում են վիրահայերին:
Պատահական չէր, որ Պ. Ադամյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն ասաց. «Այս հյուրախաղերից հետո մենք հպարտությամբ լցվեցինք, մեր շնչառությունը բացվեց, հիմա կարող ենք վրացիների մոտ մեզ զգալ համարձակ, քանի որ մեր թիկունքին Հայաստանն է կանգնած, մենք սերտակցված ենք հայ թատերական կյանքին: Աբելյանցիներն ապացուցեցին, որ ունենք հզոր թատրոն, որը ոչնչով չի զիջում վրացականին»: Նման գնահատականներ հնչեցրեցին շատերը՝ իրենց ուրախությունն արտահայտելով աբելյանցիների հյուրախաղերի առթիվ: Պ. Ադամյանի անվան թատրոնը վթարային լինելու պատճառով չի գործում, հետեւաբար փոքր-ինչ գունազրկվել է ազգային թատերական կյանքը Թբիլիսիում, ուստի աբելյանցիների հյուրախաղերը դիտարկվեցին որպես այդ կյանքին նորից շարժում եւ նոր գույն հաղորդելու միտում, մի հրաշալի քայլ, որի շնորհիվ երեք օր շարունակ հատկապես հայ թատերասերները նորից թատրոն եկան, բեմից լսեցին հայոց խոսքը…
Աբելյանցիների հյուրախաղերը տեղի ունեցան Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական ակադեմիական թատրոնի շենքում, որի գեղարվեստական ղեկավար, Վրաստանի ամենանշանավոր բեմադրիչներից մեկը հանդիսացող Ավթանդիլ Վարսեմաշվիլին սիրով ողջունեց եւ բարի երթ մաղթեց՝ միաժամանակ նշելով, որ շատ բարձր է գնահատում Վահե Շահվերդյանին, որի բեմադրությունները տարբեր փառատոներում տեսնելու երջանկությունն է ունեցել: Գրիբոյեդովցիներն ամեն ինչ արել էին, որպեսզի Աբելյանի անվան թատրոնի համար ստեղծեն հարմարավետություններ: Երեք օր շարունակ թատրոնի ողջ բեմադրական անձնակազմն օգնում էր աբելյանցիներին, աջակցում: Եվ Աբելյանի անվան թատրոնի հյուրախաղային հաջողությունները պայմանավորվեցին նաեւ ձեւավորված լավ ու գործնական վերաբերմունքով:
Ինքնատիպ եւ ուշագրավ էր Աբելյանի անվան թատրոնի հյուրախաղային ազդագիրը. Ալ. Շիրվանզադեի «Չար ոգի», Արմեն Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտ» եւ Վ. Շեքսպիրի «Լիր արքա»: Երեք բեմադրության հեղինակն էլ Վահե Շահվերդյանն է, երեք աշխատանքն էլ նշանավոր բեմադրիչի ստեղծագործական կյանքում իմաստավորում եւ սկզբնավորում են մի նոր շրջան, որում առաջնային են դառնում պոստմոդեռնիստական հաստատումները, մղումները դեպի 21-րդ դարի թատրոն, որն առաջադրում է սեփական գեղարվեստական հայեցակարգերն ու գեղագիտական վճիռները: Ժամանակակից թատրոնում գեղարվեստական խորհրդանիշի կողքին հառնում է փիլիսոփայական մետաֆորն, ինչն էլ ընդլայնում է բեմադրաձեւերի ու արտահայտչական համակարգերի սահմանները, գրական տեքստը դիտարկում նրա նշանային անդրադարձների մեջ: Այս ամենի անդրադարձը կա Վահե Շահվերդյանի երեք բեմադրության մեջ էլ, ուստի թատերական նորարարության կենտրոններից մեկը հռչակված Թբիլիսին ընդունեց վանաձորյան բեմադրությունները, բուռն ծափերով վարձատրեց եւ ծավալեց ուշագրավ խոսակցություն հատկապես հայկական թատերական շրջանակում, որը տեսնում էր Վահե Շահվերդյանի ստեղծագործության մեջ մի նոր շրջադարձ, տեսնում էր համարձակ ու խիզախ փորձարարություն, որը հատկապես երեւան եկավ Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսի բեմադրության մեջ: Թբիլիսիում լավ գիտեն այս ստեղծագործությունը, Ադամյանի անվան թատրոնում մի քանի բեմադրություն է եղել, վերջինը 1980-ականների վերջերին էր, որում յուրովի բացահայտվեց «բախտի խորթ զավակ» դարձած Ոսկանի կերպարը: Եվ Ոսկանի դերակատար Արմեն Բայանդուրյանն էլ առաջիններից մեկը՝ իր հիացմունքն արտահայտեց Վահե Շահվերդյանի բեմադրության առթիվ: Այս նոր բեմադրության մեջ հավատի խնդիրն է, ներդաշնակության խաթարման խնդիրը:
Կարդացեք նաև
Բարոյական տարբեր ըմբռնումները, հասարակության սոցիալական բեւեռացումները խաթարում են ներդաշնակությունը, ավերում-ոչնչացնում միասնականությունը, ուստի ծնունդ է առնում մեծ ողբերգությունը, որին հակադրվում է սերը: Վահե Շահվերդյանի բեմադրությունը ներդաշնակության խաթարման ու սիրո պայքարի մասին է: Վիրահայ մտավորականության շատ ներկայացուցիչներ խոսեցին այս մասին, նշեցին այն հանգամանքը, որ Աբելյանի անվան թատրոնում ոչ թե դիպաշարն են բեմադրել հանրահայտ ստեղծագործության, այլ թափանցել են նրա ենթաշերտերի մեջ, տեսել ժամանակի ու հասարակության մեծ բախումը, հավերժական արժեքների տրոհումները…
Հանդիսատեսը յուրովի ընկալեց նաեւ Վահե Շահվերդյանի համարձակ մտահղացումը՝ հիմնովին փոխել պատկերացումները Գիժ Դանիելի մասին, Դանիելին դիտարկել որպես հեղինակային ներկայություն, յուրատեսակ կորիֆեյ, որը դարձել է գաղափարական կենտրոնացումների առանցքը, տարրալուծվել Մուրադի եւ Սոնայի մեջ: Հանդիսատեսներն առանձնակի ոգեւորությամբ ընդունեցին ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի Գիժ Դանիելին, Էդգար Քոչարյանի Մուրադին, Նոնա Թելունցի Սոնային, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանի Զառնիշանին, Արթուր Պապիկյանի Չոփուռ Կարապետին… Բոլոր դերակատարներին, որոնք ավանդական կերպարներին նոր մատուցում ու նոր մեկնաբանություն էին առաջադրել:
Ստացվել էր այնպես, որ հյուրախաղային ազդագրում ընդգրված բոլոր ստեղծագործություններն էլ ունեին «թիֆլիսյան գրանցում»: «Չար ոգին» գրվել ու առաջին անգամ բեմադրվել է Թիֆլիսում, շեքսպիրյան «Լիր արքան» եւս հայ բեմում առաջին անգամ, բեմադրվել է այս թատերապաշտ քաղաքում: Իսկ Արմեն Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտ» պիեսը գրվել է Պ. Ադամյանի անվան թատրոնի համար եւ առաջինը բեմադրվել այստեղ՝ ունենալով հրաշալի կին դերակատարներ: Վահե Շահվերդյանն իր բեմադրությունը նվիրել էր երկու թատրոնի բարեկամությանը, բեմադրել իր նախկին ուսանողի ստեղծագործությունը, որը վերաբերում է ծերանոցում ապրող, լքվածության ու օտարման զգացողությունների դեմ ելած ծերերին, հանրային անտարբերությանը, հարազատության կորստին: Վահե Շահվերդյանը միտումնաբար միավորել-մեկտեղել էր ծերանոց-հոգեբուժարան հասկացությունները՝ այսպես հուշելով, որ ծերանոցում ապրող մարդիկ աստիճանաբար կորցնում են իրենց հոգեկան հավասարակշռությունը, հայտնվում հոգեբանական ավերումների շեմին՝ կորցնելով իրականության հետ բոլոր շոշափուկները եւ աղերսները… Թբիլիսյան հանդիսատեսը հիացավ ոչ միայն Վահե Շահվերդյանի բեմադրությամբ, այլեւ դերակատարներով. ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի Աշխենով, ՀՀ վաստակավոր արտիստներ Ալլա Հովհաննիսյանի Բավականով, Հասմիկ Ալեքսանյանի Սիրանով, Հայկ Թորոսյանի Գրիգորով, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանի Արշակով, դերասաններ Գայանե Մեսրոպյանի Վարսենիկով, Մարինե Պետրոսյանի Հարսով… Գայանե Մեսրոպյանը հյուրախաղերի հայտնություններից մեկը դարձավ, հանդիսատեսը բուռն ծափահարություններով վարձատրեց նրա կին խեղկատակին «Լիր արքա»-ում՝ տեսնելով Արամ Մխիթարյանի բացառիկ Խեղկատակի կողքին համարժեք կատարում:
Հատկապես մասնագետ հանդիսատեսները բարձր գնահատեցին Աբելյանի անվան թատրոնում գեղարվեստական բարձր որակ դարձած համախաղը, որը հաստատում է անսամբլային թատրոնի առանձնահատկությունը՝ միաժամանակ կարեւորելով հատկապես երիտասարդության գործուն ներկայությունը թատրոնում: Իսկ Աբելյանի անվան թատրոնն այսօր ունի կայացող ստեղծագործական երիտասարդություն, որի համար եւս հյուրախաղերը քննություն էին: Արմինե Վերմիշյանի, Ալլա Դարբինյանի, Էդգար Քոչարյանի, Սարգիս Ավետիսյանի, Սարգիս Մանուկյանի, Հակոբ Դեմիրճյանի կողքին այսօր արդեն նոր անուններ ի հայտ եկան՝ Մարինե Պետրոսյան, Սոնա Մաթեւոսյան, Լեւոն Զաքարյան, Վահրամ Խառատյան, Քրիստինե Ալիխանյան: Թբիլիսցիները տեսան ու գնահատեցին նաեւ միջին սերնդի շնորհալի դերասաններին՝ Հերիքնազ Բաղդասարյանին, Համլետ Գյուլզադյանին, Էլֆիք Զոհրաբյանին, այլոց:
Թատրոնի հյուրախաղերն անցան բարձր կազմակերպվածությամբ, որն արդյունք էր տնօրեն Հովիկ Չախմախչյանի նվիրված աշխատանքի:
ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Թատրոնի գրական մասի վարիչ
«Առավոտ» օրաթերթ
22.10.2014
Ինչ ճոռոմ հոդված է միջակ ներկայացումների մասին: