Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի Եվրամիության դեսպան. «Թուրք քաղաքական գործիչները սկսել են խոսել նաեւ զղջման, ցավակցության, համակրանքի մասին»

Հոկտեմբեր 22,2014 22:55

«Ես հավատում եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համագործակցությունը հնարավոր է»,- երեկ Թուրքիայի «TEPAV» կազմակերպության կոնֆերանս դահլիճում հայտարարեց Թուրքիայում Եվրամիության դեսպանի պաշտոնակատար Բելա Զոմբատին: Նա  ելույթ ունեցավ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ  նախաձեռնած «Աջակցություն Հայաստան- Թուրքիա հարաբերությունների նորմալացման» ծրագրի շրջանակներում կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին նույն ծրագրի շրջանակներում հայ եւ թուրք լրագրողների համար կազմակերպած երկշաբաթյա ուղեւորության մասնակիցները: «Ես երբեք չեմ եղել Երեւանում, Երեւանին  ամենամոտ տարածքներից  Կարսում , Անիում ու Վանում եմ եղել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ինքը մտածում է լինել նաեւ Երեւանում:

Ելույթում պարոն Զոմբատին մատնանշեց, որ Եվրամիության աջակցությամբ կազմակերպվող միջոցառումները նպատակ ունեն լավացնել հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ հարաբերությունները: Իսկ առանձին հայ եւ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարեւորեց լրագրողների դերն այս հարցում. «Ձեր դերը նշանակալի է, ինչը, որ դուք կարող եք անել, ինչը դուք կարող եք պատրաստել, ներկայացնել, որպես լրագրողներ, որպես տեղեկատվություն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ շփման, միմյանց հետ զրուցելով շատ խնդիրներ կլուծվեն:

Հայ լրագրողները Թուրքիայում Եվրամիության դեսպանի մոտ անկեղծացան. հայ եւ թուրք լրագրողները կարողանում են երկխոսել, արդեն մտերիմ, ընկերական մթնոլորտ է ստեղծվել, եւ այդ ջերմ հարաբերությունները հիմք են դառնալու համագործակցության, բայց Թուրքիայում ապրող շատերը տեղյակ չեն երկու երկրների խնդիրների մասին, չգիտեն իրականում ինչ է եղել անցյալում,  նաեւ որեւէ կերպ նմանատիպ միջոցառումները ազդեցություն չեն ունենում երկրների պետական քաղաքականության վրա:

Դեսպանը համաձայնեց, թե հնարավոր չէ, որ բոլոր մարդիկ ունենան նույն տեղեկացվածության աստիճանն ու հետաքրքրվածությունը խնդրի վերաբերյալ, ավելացրեց, թե նաեւ միշտ չէ, որ երկրի ղեկավարությունը  հետեւում է «անհատական ցանկություններին», անգամ եթե դրանք շատ լավն են: Սակայն նշեց, որ հայ եւ թուրք լրագրողների այս հանդիպումը կլինի քայլ, որով երկու երկրների ակտիվ խմբերը կքննարկեն իրենց հարաբերությունները: Խոսելով Հայոց ցեղասպանության մասին, դեսպանը տարակուսեց իրադարձությունն անվանելիս, միայն նշեց, որ «1915 թվականը դժվար թեմա է», եւ մարդիկ երկար ժամանակ չեն խոսել այդ մասին, եւ սա լավ հնարավորություն է խոսելու:

«Բայց խնդիրն այն է, որ մարդիկ չեն խոսել այդ մասին տարբեր պատճառներով: Եթե մարդիկ սկսեն խոսել, ավելի կլավանան հարաբերությունները»: Բելա Զոմբատին նշեց, որ չնայած նա հայ-թուրքական հարաբերությունների մասնագետ չէ, այս տարածաշրջանով չի զբաղվել, եւ ինքն էլ պաշտոնական հայտարարություն չի անում, բայց զգում է, որ  դրական տեղաշարժ նկատելի է նույնիսկ  պետական քաղաքականության մեջ : «Թուրք քաղաքական գործիչները սկսել են խոսել նաեւ զղջման, ցավակցության, համակրանքի մասին: Իհարկե դրանք առաջին քայլերն են, բայց կարծում, շատ կարեւոր առաջին քայլերը եւ ոչ այդքան փոքր քայլեր»:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031