Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Տիգրանակերտը հակափաստարկ՝ ադրբեջանական հավաստիացումներին, թե հայերը եկվորներ են

Հոկտեմբեր 22,2014 20:50

Այսօր ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեցին Արցախի Տիգրանակերտի հնագիտական հետազոտության 10 տարվա հիմնական արդյունքները: Այն առաջին անգամ է ներկայացվում ԳԱԱ լսարանին:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը 2005-ին հայտնաբերել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից Արցախում հիմնադրած Տիգրանակերտ քաղաքը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության:
Արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը նշեց, թե ժամանակին, երբ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հայերը եկվորներ են, ինքն իր գործընկերների հետ սկսել է Արցախի Տիգրանակերտի փնտրտուքները: Նա պատմեց. «Սկզբում մտածում էինք, որ քաղաքը առասպելի շարքին է պատկանում, բայց կատարելով տարբեր աղբյուրների քննություն՝ հասկացա, որ հնարավորություն կա փնտրելու և գտնելու քաղաքը»:

Aravot.am-ի հետ զրույցում Համլետ Պետրոսյանն ասաց. «Սա ոչ թե զուտ ակադեմիական հետազոտություն է, այլ մշակութային ծրագիր: Ոչ միայն նպատակ ունի գիտականորեն վերականգնել հին քաղաքը, նրա հիմնադրման ժամանակը, այլև այդ մշակութային ժառանգությունը մեր կենսընթացի մասը դարձնել»: Պարոն Պետրոսյանն ասաց, որ իրենք պեղել են 70 հա տարածքի մոտ 2 տոկոսը ու շարունակեց. «Պեղել ենք հիմնական հանգույցները. լավ պատկերացում ունենք Տիգրան Մեծի կառուցած ամրացված թաղամասի, անտիկ թաղամասերից մեկի մասին, ընդհանուր պատկերացում ունենք վաղքրիստոնեական Տիգրանակերտի մասին, որոշ պատկերացումներ ունենք ավելի ուշ դարերի մասին»:

Նշենք, որ Արցախի Տիգրանակերտի պեղումները 2008-ից սկսած ֆինանսավորվում են Արցախի իշխանությունների կողմից:

Aravot.am-ի հարցին՝ հանձինս Տիգրանակերտի ունե՞նք ծանրակշիռ փաստարկ ու կռվան ադրբեջանական կողմից հնչող այն հայտարարություններին, թե այդ տարածքները հայկական հողեր չեն, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Ավելին, Տիգրանակերտից ավելի լուրջ փաստարկ այդ տարածքների հայկականության մասին այդքան հին ժամանակների, մենք չունենք: Այլ խնդիր է, թե Ադրբեջանն ինչ չափով է դա հաշվի առնում»:
ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը Արցախի Տիգրանակերտի պեղումները համարում է շնորհակալ գործ ու նշում. «Արցախի Տիգրանակերտի հնագիտական պեղումների արդյունքները գալիս են ավելացնելու այն բազմաթիվ ապացույցները, որոնք մինչև այժմ ունեցել ենք այն առումով, որ նշված տարածքները հայկական են»:

Իսկ հարցին՝ արդյո՞ք Տիգրանակերտը հզոր կռվան է ադրբեջանական կողմի հավաստիացումներին, թե իբր դրանք ադրբեջանական հողեր են, պարոն Սիմոնյանն արձագանքեց. «Ապացուցման կարիք չունեցող բան է, որ Արցախ աշխարհը հին Հայաստանի տասնհինգ նահանգներից մեկն է եղել: Եթե նույնիսկ չհայտնաբերվեր Տիգրանակերտը, միևնույն է, դա հանրահայտ փաստ է: Եթե Ադրբեջանը դա ուրանում է, ուզում եք տասը Տիգրանակերտ բացեք, պետք է շարունակեն իրենց գեբելսյան գործելաոճը, համաձայն որի՝ ինչքան շատ կրկնեք սուտը, այնքան լավ այն կդառնա ճշմարտություն»:

Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանը խոսելով Տիգրանակերտի յուրահատկության մասին, փաստեց, որ եթե այլ հնավայրերում տեսնում ենք լոկ ժամանակաշրջանի շինարարական պատառիկներ, մնացորդներ ու ավերակներ միայն, ապա Տիգրանակերտում ճարտարապետությունը շատ խոսուն է. «Միջնաբերդում տեսնում ենք 5 մետր բարձրությամբ պահպանված պատեր, կիլոմետրերով ձգվող պարիսպներ, այդ հնավայրի միջով անցնում ենք, մեզ զգում ենք ճարտարապետական այդ միջավայրում»: Ըստ ճարտարապետի՝ անտիկ թաղամասում կառուցապատման սկզբունքը կանոնավոր, փոխուղղահայաց հատումների եղանակով շարված պատերով բնակարաններ, որոնցում պահպանված սանդերը, հորերը, թոնիրները պատկերացում են տալիս այս թաղամասի մարդկանց կենցաղի մասին: Ամփոփելով Լյուբա Կիրակոսյանն ասաց. «Այն եղանակով, ինչպես կառուցվել է Արցախի Տիգրանակերտը, ժամանակի բոլոր հելլենիստական քաղաքներն են կառուցվել: Շինարարական այսպիսի իրականացումը այն կարևոր կռվաններից մեկն է, որը խոսում է Տիգրանակերտի՝ հելլենիստական ժամանակաշրջանի պատկանելության մասին և ապացուցում, որ բնակավայրը հենց Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտներից մեկն է»:

ԳԱԱ նիստերի դահլիճում հայտարարվեց, որ Տիգրանակերտի հետազոտությունը գիտական և մշակութային արժեք ներկայացնելուց զատ նաև ունի կարևոր քաղաքական նշանակություն: ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի խոսքով՝ «այս պեղումները իրադարձային և օրինակելի են նաև այն տեսանկյունից, որ դրանց արդյունքները հանրահռչակվում են և կարևոր փաստարկ են ադրբեջանական քարոզչության դեմ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031