«Ես ուզել եմ իմ նկարների մեջ չցուցադրել մեր ժողովրդի խեղճությունը, շատ ուժեղ հայդուկային պայքար էր: Հայերը կռվեցին մինչեւ վերջ սպանվեցին, իրենք էլ սպանեցին, այսինքն՝ իմ նկարներում ցույց եմ տվել նաեւ հայերի պայքարը»,-այսօր Նարեկացի Արվեստի Միությունում ասաց նկարիչ Զուլում Գրիգորյանը:
Վարպետի կտավներով լույս է տեսել պատկերազարդված օրացույց՝ «Ցեղասպանությանն ընդդեմ» խորագրով: Զուլում Գրիգորյանը վիրավորված նշում է, որ ցեղասպանության թեմայով իր որոշ կտավները, որոնք այսօր տեղ են գտել օրացույցի էջերում, Ազգային պատկերասրահի նկուղներից է հանել, ջարդված, կիսապոկված ու փոշու մեջ կորած, որոնք վերանորոգելուց հետո կրկին վերադարձրել է պատկերասրահին:
Զուլում Գրիգորյանն ինքը ցեղասպանությանը զոհ գնացած ընտանիքի զավակ է, գտնում է, որ եղեռն նկարելու համար նկարիչը պետք է անպայման արյան կանչ ունենա, գաղթականի զավակ լինի. «Ինձ վրա չի ազդել ոչ պիոներական վզկապը ոչ կոմսոմոլի նշանը, ինձ չեն խանգարել, որ ես նկարեմ»,-ասում է 84-ամյա վարպետը: Նկարչի պապը սպանվել է Սասունում:
Կարդացեք նաև
Կտավներից մեկը նկարիչը վերնագրել է «Գարուն էր»: Կտավն արվել է 1967 թվականին. «Դե գիտեք, որ թուրքերը գարնանն էին ուզում ոչնչացնել հայերին, բայց չհասան իրենց նպատակին»,-մեկնաբանում է վարպետը:
«Տեսիլք»-ը, նույնպես, Ազգային պատկերասրահի նկուղներից է գտել: Պատկերված է ձիու վրա նստած զորավար՝ մարտի դաշտում. «Մեկն ասում է Գեւորգ Չաուշն է, մեկն ասում է՝ Անդրանիկն է, ես էլ ասում եմ հորեղբայրս է: Երկու հայդուկ հորեղբայր եմ ունեցել»,-օրացույցի կտավները ներկայացնելիս ասում է վարպետը:
Օրացույցում 12 կտավ է տեղ գտել, որից երեքը նկարչի որդունն է՝ Մուշեղ Գրիգորյանինը: Նրա խոսքերով, որոշ կտավներ պարզապես անհետացել են եւ նկարիչը չգիտի թե դրանք ո՞ւմ թեթեւ ձեռքով են «կորել»:
«Զեյթունցիներ» խորագիրը կրող կտավը, որտեղ նկարագրվում է զեյթունցիների ազատագրական պայքարը, Մոսկվայում վերցրել են բացիկի համար:
Օրացույցի կտավներից՝ «Արդարադատություն»-ը պատկերում է Դեր Զորի անապատում սավանով փաթաթված մի որբ պատանու, որը արդարադատություն պահանջող հայացքով դիմում է աշխարհին: Նկարիչն այս նկարը, նույնպես, գտել է մի նկուղում, ջարդված եւ վրան նավթ լցրած. «Երեւի չեն հասցրել վառել: Բերել եմ, մաքրել եմ: Եվ հիմա այս կտավն իմ արվեստանոցում է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հոդվածում կա ինֆորմացիոն սխալ:
Զուլում Գրիգորյանը նշել էր ,որ իր «Տեսիլք» կտավը վերցրել էր նկուղից , դա «Ցուցահանդեսների կենտրոնի» պահոցն է եղել ,այլ ոչ թե Ազգային պատկերասրահի նկուղներից , ուր ,կարծում եմ, կողմնակի անձանց մուտքը արգելվում է :
Հարգելի Մուշեղ Գրիգորյան, մեծ հարգանք ունենալով Ձեր եւ Ձեր հոր՝ Զուլում Գրիգորյանի հանդեպ, ուզում եմ տեղեկացնել, որ ինֆորմացիոն սխալը տեղի չի ունեցել լրագրողի մեղքով, սակայն նյութի տակ թողած Ձեր մեկնաբանությունից այդպես է հասկացվում: Միջոցառման ժամանակ Զուլում Գրիգորյանն է այդպես ասել, գուցեեւ՝ սխալմամբ:
Հարգելի Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ այդ օրվա ձայնագրություն ունե՞ք: