Վահե Էնֆիաջյանի հարցը Տրանսպորտի և կապի նախարարին
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ԱԺ-ում Կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ բարձրացրեց Գեղարքունիքի մարզի Ծովակ, Մաքենիս, Լճավան և Ախպրաձոր համայնքների 12 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման և Մաքենիս համայնքի 1800 մ երկարությամբ խմելու ջրագծի կառուցման հարցերը:
«Նախ ուզում եմ հիշեցնել, որ այս հարցը իմ կողմից ձևակերպվել է դեռևս սեպտեմբերի սկզբին, պաշտոնական գրությունը ստացել եմ սեպտեմբերի 10-ին, բայց ինչ-ինչ պատճառներով միայն այս քառօրյայի ժամանակահատվածում հնարավորություն ունեցա հարցը բարձրացնել:
Նշեմ, որ խնդիրն ուսումնասիրվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կողմից, և ես կցանկանայի իմանալ, թե ո՞վ է զբաղվելու այս հարցով և ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը»,- ելույթի ժամանակ հայտարարեց Վահե Էնֆիաջյան:
Կարդացեք նաև
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, ասաց, որ ճանապարհների վերակառուցման հարցը ընդգրկվելու է 2015-16 թթ. Համաշխարհային բանկի միջոցով ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհների ցանկում:
Պատգամավորը ճշտող հարցում արեց, թե կոնկրետ ի՞նչ ժամկետի ընթացքում կլուծվի ճանապարհի վերակառուցման հարցը, քանի որ այդ գյուղերի համար խնդիրն օրհասական է:
Նախարարը պատասխանեց, որ վերակառուցման վերաբերյալ գրությունը սկզբնաժամկետով և վերջնաժամկետով հստակեցված 1-1,5 ամսվա ընթացքում կներկայացվի:
Ջրագծի կառուցման վերաբերյալ նախարարը պատասխանեց, որ մարզպետների մակարդակով հարցն արդեն քննարկում է, և հուսով է, որ հարցին շուտով լուծում կտրվի: