ԱԳ նախարարի պատասխանը Ազգային Ժողովում լրագրողների հարցին
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո, լրագրողների խնդրանքով պատասխանելով Փարիզում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վերաբերյալ հարցին, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.
«Մենք բարձր ենք գնահատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունը։ Փարիզում կայանալիք հանդիպումը երրորդ գագաթաժողովն է, որ նախաձեռնվել է համանախագահ երկրների կողմից վերջին երեք ամսվա ընթացքում։ Դա ցույց է տալիս եռանախագահ երկրների հաստատակամությունը` շարունակելու միասնական ակտիվ ջանքերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու նպատակով։
Իսկ թե ինչու՞ բանակցային գործընթացում առաջընթաց չկա, կարծում եմ` պարզ է բոլորի համար: Պատճառը ո՛չ Ղարաբաղն է, ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ եռանախագահները: Պատճառն Ադրբեջանն է։ Եթե ոչ վաղ անցյալում Ադրբեջանի գործելաոճը բանակցային գործընթացում կարելի էր բնորոշել որպես «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ», ապա այժմ այն կարծես թե արտահայտվում է «ոչ մի քայլ առաջ և մի քանի քայլ ետ» սկզբունքով:
Թե ինչքանով հնարավոր կլինի կառուցողական դաշտ բերել ադրբեջանական կողմին, ցույց կտա ժամանակը։
Հայաստանը մշտապես դրական է արտահայտվել եռանախագահ երկրների կողմից հանդիպումների, հատկապես ամենաբարձր մակարդակով հանդիպումների կազմակերպման վերաբերյալ, և, ինչպես միշտ, մենք կառուցողական տրամադրվածությամբ ենք գնում Փարիզի հանդիպմանը»:
ՀՀ ԱԳՆ