Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Ոչ ոք չի կարող նախագահին փոխել»

Հոկտեմբեր 22,2014 19:25

Ընդդիմությունն ասում է, որ կառավարման ճգնաժամ է, ձեր կարծիքով՝ կա՞ այդպիսի ճգնաժամ`այսօր խորհրդարանում, նիստի ավարտից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով այս հարցին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Հիմա ինձ խճճում եք հարցերի մեջ: Որտե՞ղ կա ճգնաժամ, կառավարությունո՞ւմ, կառավարմա՞ն: Դուք տեսե՞լ եք որևէ մի հարց, որ մենք չենք կարողանում կառավարել: Մենք շատ լավ կառավարում ենք: Դեռ նույնիսկ մենք փորձում ենք մեր լիազորությունները եւ պոտենցիալը 100 տոկոսով օգտագործել: Մենք առաջիկայում կառավարելու ենք ավելի լավ, արդյունավետ եւ հաջորդ տարվա մեր բյուջեն, որ ներկայացնելու ենք Ազգային ժողով, ավելի իրատեսական է»:

Վարչապետն ասաց, որ  կառավարությունը պատասխանատվություն է կրում 2015-ի բյուջեի համար, քանի որ դա իր ղեկավարածկառավարության կազմած բյուջեն է: «Բոլոր այն ծրագրերը, որոնք մենք ներկայացնում ենք և Ազգային ժողովի հավանությանը որ կարժանանա, իրատեսական են, և մենք կիրականացնենք 2015 թվականին: Ամեն դեպքում այսօր մեր հանդիպումները, մեր կառավարության ակտիվությունը, մեր այցելությունները փորձում են հիմքեր ստեղծել, որպեսզի մեր տնտեսության զարգացումն ապահովենք: Դուք բոլորդ գիտեք, որ այս արագ փոփոխվող աշխարհում մեծ խնդիրներ կան՝ տարածաշրջանային, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններ, որոնք ուղղակի իրենց բացասական ազդեցությունը կարող են ունենալ Հայաստանի տնտեսության վրա: Բայց դրա համար մենք լրացուցիչ միջոցներ ենք փորձում փնտրել, քայլեր, նախաձեռնություններ, որպեսզի կարողանանք ապահովել 4 տոկոս տնտեսական աճը, որ մենք նախատեսում ենք 2015 թվականի բյուջեում», -մանրամասնեց Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ իր ղեկավարած կառավարությունը հակված է առկա խնդիրներին լուծում տալ: «Կառավարության առջև հավաքվում են բնակիչներ, որոնք ունեն տարիներով կուտակված խնդիրներ: Դրանք պետք է մենք կամաց-կամաց լուծելով գնանք: Ունենք լուծելու նաև մեր սոցիալական խնդիրները, որ այսօր առկա են, որից որ այսօր ածանցվում է արտագաղթ, աղքատություն: Մենք պետք է ձեռնամուխ լինենք աղքատության նվազեցմանը և նաև արտագաղթի նվազեցմանը: Մենք հայտարարել ենք, դուք բոլորդ գիտեք, որ մեզ համար գերական մեր քաղաքացիներն են, մեր քաղաքացու սոցիալական խնդիրներն են»,- ասաց վարչապետը:

Լրագրողներից մեկի հարցին`եռյակն ասում է, իշխանափոխություն է անում, անհանգստացած չե՞ք, վարչապետը պատասխանեց. «Ինչի՞, հանրահավաքի համա՞ր, բա ժողովրդավար երկիր ենք, պիտի հանրահավաք արվի: Իշխանափոխության մասին ես կոնկրետ որևէ հիմք չեմ տեսնում: Պահանջը 12 պլուս մեկ կետերի մասին է: Մենք գրավոր պատասխանել ենք: Ասում են՝ պահանջը իշխանափոխությունն է: Դե իշխանափոխություն ասելով չէ, պետք է հիմքեր լինեն: Ես որևէ, ինչպես դուք ասացիք, կառավարման ճգնաժամ չեմ տեսնում: Հակառակը, տեսնում եմ, որ կառավարությունն ակտիվ աշխատում է և պետք է էլ ավելի ակտիվ ու արդյունավետ աշխատի»:

Վարչապետը նաեւ քաղաքացիական հասարակությանը, քաղաքական ուժերին, խորհրդարանական բոլոր ուժերին կրկին կոչ արեց` միասին աշխատենք. «Եթե իրենց նպատակն է մեր ժողովրդի, մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին տալ լուծում, ապա ես տեսնում եմ միասնական լուծում, միասնական ուժերի համատեղում: Սա է իմ ցանկությունը: Ասում են՝ նախագահին են ուզում փոխել: Ոչ ոք չի կարող նախագահին փոխել»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031