Այս օրերին «Եռյակից» զանգահարում են քաղաքացիներին բնակարաններ եւ հրավիրում հոկտեմբերի 24-ի կայանալիք «Եռյակի» հանրահավաքին:
Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի մի քանի բնակիչներ Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին, որ «Եռյակի» համար աշխատողները բացի այն, որ հիշեցնում են հանրահավաքի մասին, ձեռքի հետ էլ քարոզ են անում` մարդկանց հուսադրելով, որ իշխանափոխության ճանապարհին են:
«Եռյակի» համակիրները զանգելով նշված թաղամասի Անդրանիկի եւ այլ փողոցների բնակիչների՝ հորդորում էին անպայման մասնակցել հանրահավաքին, մասնակցությունն էլ ապահովելու համար վստահեցնում էին, որ ցանկացողներին անվճար տաքսիներով տեղափոխելու են Ազատության հրապարակ:
«Ասեցին էսինչ ժամին կլինեք Անդրանիկի արձանի մոտ, ձրի տաքսիները ձեզ կտանեն հրապարակ, որ գնաք արձանի մոտ, կտեսնեք էդ տաքսիներին: Ասում էին` անպայման կգաք չէ՞, իշխանափոխություն է լինելու, ոնց որ համոզեն»,-մեզ հետ զրույցում պատմեցին բնակիչները:
Կարդացեք նաև
Aravot.am-ը փորձեց ճշտել, արդյոք անվճար տաքսիներով են մարդկանց շահագրգռում հանրահավաքին մասնակցել, եւ արդյոք անվճար տեղափոխումը ավելի շատ մասնակիցներ ապահովելու համար չի արվում: Այս առնչությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ին ասաց. «Ինձ զարմացնում է հարցի ծագման անհրաժեշտությունը, եւ ես չունեմ նման տեղեկատվություն»:
Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, ինչպես հենց բնակիչներն են ասում, հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «տիրապետության» տակ է, եւ հենց այս պատգամավորն է մշտապես ակտիվ գործունեություն ծավալում ընտրությունների ժամանակ: Այդ օրերին Ալեքսանյանի ընտանիքին պատկանող կազմակերպության երթուղային տաքսիներն են մարդկանց անվճար տեղափոխում ընտրատեղամասեր:
Ըստ երեւույթի, «Եռյակն» այս համայնքը հանրապետականների կողմից առավել խոցելի է համարում, ուստի մեկ առ մեկ զանգահարում է բնակիչներին եւ հորդորում մասնակցել հանրահավաքին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ