Լրահոս
Օրվա լրահոսը

15 տարվա խնդիրը «Առավոտի» օգնությամբ լուծում կստանա

Հոկտեմբեր 22,2014 18:16

Մեզ էր դիմել Իջեւան քաղաքի բնակիչ Սուրեն Իսախանյանը; Նա խիստ դժգոհ էր, որ իրեն պատճառված 165 հազար դրամ վնասի վերականգնման հարցը 15 տարի չի լուծվում:

1999թ.-ին Իսախանյանը Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչ Վահան Կարապետյանի հետ բեռնակրությամբ է զբաղվել Բագրատաշենի շուկայում: Նրանք երրորդ բեռնակրի հետ միասին գիշերել են վագոն-տնակում: 1999թ. հունվարի 23-ին, ժամը 22-ի սահմաններում Վ. Կարապետյանը ալկոհոլ օգտագործած վիճակում վագոն-տնակում բարձր երաժշտություն է միացրել, խանգարել: Երաժշտության ձայնը իջեցնելու Ս. Իսախանյանի պահանջից հետո Վ. Կարապետյանը դանակով հարվածել է Իսախանյանի որովայնին, պատճառել ծանր մարմնական վնասվածք: 1999թ. ապրիլի 23-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սուսաննա Ներսիսյանի վճռով Վ. Կարապետյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Դատարանը որոշել է քաղաքացիական հայցը բավարարել եւ Վ. Կարապետյանից հօգուտ Ս. Իսախանյանի, որպես վերջինիս առողջությանը պատճառված վնաս, բռնագանձել 165 հազար դրամ: Ս. Իսախանյանն ասաց,որ անցած տարիներին դատական ակտերի հարկադիր կատարողները բազմիցս իրեն հայտնել են, որ Վ. Կարապետյանը ֆինանսներ կամ գույք չունի, որպեսզի դրանից բռնագանձում կատարեն: Իսախանյանի խոսքերով՝ Կարապետյանը հրաժարվել է վճարել 165 հազար դրամը, ասելով որ ինքը իր պատիժն ազատազրկման վայրում արդեն կրել է:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Բարսեղյանի 2011թ. հուլիսի 4-ին օրինական ուժի մեջ մտած վճռով որոշվել է հօգուտ Սուրեն Իսախանյանի 165 հազար դրամ բռնագանձելու համար Վ. Կարապետյանի ,վերջինիս կնոջ, երկու զավակների համատեղ գույքից՝ 4 կտոր վարելահողերից եւ մեկ խոտհարքից առանձնացնել Վ. Կարապետյանին պատկանող քառորդ մասը, եւ 165 հազար դրամի բռնագանձումը տարածել առանձնացված մասի վրա: Ս. Իսախանյանը մեզ ասաց, որ այլեւս չի հավատում օրենքի կիրառմանը:

Հոկտեմբերի 20-ին մենք Ս. Իսախանյանի հետ այցելեցինք դատական ակտերի հարկադիր կատարման Տավուշի մարզային բաժին: Բաժնի աշխատակից աղջիկները չկարողացան համակարգչով գտնել այդ գործը, ասելով, որ պետք է իմանալ վարույթի համարը: Ս. Իսախանյանն ասաց, որ այս տարվա ապրիլին բաժնի աշխատակիցները ասել են , որ ի վիճակի չեն նրան օգնելու, ինքն էլ զայրացած պատռել է գումարը բռնագանձելու մասին որոշումը; Բաժնի աշխատակիցներն ասացին, որ բաժնի պետ Վահագն Ֆարհադյանը Երեւանում է գտնում, մասնակցում խորհրդակցության:

Հոկտեմբերի 21-ին զանգահարեցինք պ-ն Ֆարհադյանին: Նա ասաց, որ թող Ս. Իսախանյանը ներկայանա իրեն, որպեսզի հարցին լուծում տրվի: Զանգահարեցինք Իսախանյանին, որ նա գնա ԴԱՀԿ մարզային բաժին: Իսախանյանը տեղեկացրեց , որ ԴԱՀԿ ներկայանալուց առաջ ինքը գտել է գումարը բռնագանձելու մասին որոշումը: Այն պատռված չի եղել, այլ՝ կորած: Ս. Իսախանյանն ասաց, որ ինքը այդ փաստաթղթով ներկայացել է Վ. Ֆարհադյանին, վերջինս գործին ընթացք է տվել, գրություն ուղարկել ԴԱՀԿ Արագածոտնի մարզային բաժնին, որպեսզի վերոհիշյալ գումարը բռնագանձվի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031