Այսօր պաշտոնապես բացվեց ամերիկահայ բժիշկ Հովհաննես Օյունջյանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ Գյումրու «Տեքստիլ» թաղամասում կառուցված «Վարդուհի» արվեստի դպրոցը: Ինչպես տեղեկացրել ենք, այն կրում է բարերարի քրոջ`Վարդուհու անունը, որը Հովհաննես Օյունջյանի բնութագրելով. «Ինձի կյանք տված է»:
Կ.Պոլսի մերձակա Չիլինգար գյուղում ծնված Հովհաննես Օյունջյանը մեր զրույցում պատմեց, որ ինքը եղել է 15 օրական, երբ հարևան թուրքերը հարձակվել են իրենց գյուղի վրա`փամփուշտներ կրակելով օդի մեջ: Հայերը, խուճապի մեջ ընկնելով, դուրս են վազել տներից, փախել են` օրորոցի մեջ մոռանալով փոքրիկ Հովհաննեսին: Քույրը` Վարդուհին, հիշելով, որ իր փոքր եղբայրը օրորոցի մեջ է, այդ կրակոցների միջով հետ է դարձել, եղբորը հանելով օրորոցից, այնպիսի դիրքով է նրան գրկել, որ կրակելու դեպքում թուրքի փամփուշտը իրեն դիպչի, ոչ թե եղբորը: 94-ամյա բժիշկը իր երախտագիտությունը քրոջը հայտնեց Գյումրու կենտրոնում գերժամանակակից, շքեղ, բոլոր պայմաններով հագեցած արվեստի դպրոց կառուցելով:
Այստեղ, ըստ Հովհաննես Օյունջյանի, սովորելու են թե բալետ, եվրոպական տանգո , թե երաժշտություն, քանդակագործություն, արվեստի պատմություն, թատրոն, ասմունք և այլն… Ուսուցիչների ֆինանսական ծախսերն անգամ հոգալու է 94-ամյա բարերարը: Իր հոր և մոր անունը կրող «Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների դպրոց-վարժարան»-ի սաների համար արվեստի դպրոցը լինելու է անվճար, իսկ մյուս երեխաների համար սիմվոլիկ, չնչին գումար, ասենք ամսական 500 դրամ:
Կարդացեք նաև
Բարերարը խոստովանում է, որ ինքը իրականում ոչ թե կապվեց Գյումրիի հետ, այլ ամուսնացավ այս քաղաքի հետ: «Ես ոչ թե կապվեցի Գյումրիի հետ, այլ ամուսնացա, եթե Գյումրին ինձ հավանի, ես կապրեմ Գյումրիի հետ, եթե չհավանի, կամուսնալուծվեմ»,- ասաց Հովհաննես Օյունջյանը: Նա տարվա 6 ամիսը անցկացնում է Նյու Յորքում, 6 ամիսը` Հայաստանում` իրեն ավելի լավ զգալով հայրենիքում:
Մենք բժշկից հետաքրքրվեցինք`ճի՞ շտ են արդյոք Գյումրիում տարածված այն տեղեկությունները, որ արվեստի դպրոցը կառուցելու համար բարերարը վաճառել է Ստամբուլի իր առանձնատունը: Նա ասաց. «Ոչ, ճիշտ չեն. իմ Ստամբուլի տունը հրաշալի տուն էր, կարող էի վաճառել շատ բարձր գներով , բայց շատ չնչին գումարով ծախեցի, դուրս ելա: Այնպես որ այդտեղի գումարը այստեղի համար ոչինչ է, ծովի մի կաթել էր»: Իսկ թե ինչու բժիշկը չուզեց պահել Ստամբուլի տունը, նա ասում է, որ դա գաղտնիք է:
Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է նաև արհեստի դպրոց կառուցել, դարձյալ գեղեցիկ շենքով, որպեսզի երեխաները արհեստ սովորեն:
Նշենք, որ բժիշկը 16 տարի է` բարեգործություններ է անում Գյումրիում. նա կառուցեց Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող թիվ 21 դպրոցը` այն իր ծնողների պատվին «Արմենակ և Եղիսաբեթ Օյունջյանների դպրոց-վարժարան» անվանակոչելով: Այստեղ սովորող 50-ից ավելի երեխաներ շարունակական կրթաթոշակ են ստանում, 100 ուսանողների վարձավճարներն է փոխանցում: Նրա ներդրումների չափը Գյումրիում հասնում է 6 միլիոն դոլարի:
Մանրամասները տեսանյութերում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«…փախել են` օրորոցի մեջ մոռանալով փոքրիկ Հովհաննեսին: Քույրը` Վարդուհին, հիշելով, որ իր փոքր եղբայրը օրորոցի մեջ է, այդ կրակոցների միջով հետ է դարձել, եղբորը հանելով օրորոցից, այնպիսի դիրքով է նրան գրկել, որ կրակելու դեպքում թուրքի փամփուշտը իրեն դիպչի, ոչ թե եղբորը»:
Դեպի Կարս փախելիս էլ փոքրիկ Գուրգեն Յանիկյանն է սահնակից ընկնում: Մայրը միայն հետո է դա նկատում: Չնայած բազում հորդորների՝ մայրն ու փոքրիկ եղբայրը (ձյան միջով) մի քանի կմ. հետ են գնում, փոքրիկ Գուրգենին գտնում կիսասառած: Այդ նույն Գուրգեն Յանիկյանն էր,որ 1973 թ-ին Լոս Անջելեսում 2 թուրք հյուպատոսի սպանելով՝ սկիզբ դրեց ԱՍԱԼԱ-ի գործողություններին:
Նախախնամությու՞ն:
Շնորհակալություն:
էս տեսակին թողած, ինչու եք լրատվամիջոցի թեկուզ կես տողը տրամադրում լիսկաներին… արժանի մարդկանցով ձեր և մեր կյանքը իմաստալից դարձրեք
Երկար արև ունենաս, սիրելի բժիշկ… ու՞ր էր Ձեր գիտակցման դյուզն ինչ մասն ունենային իշխողները… Քանի կան Ձեր նմանները, մեր ազգը կհառնի…