«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ արդեն մեկնարկած հանրային լսումների շրջանակներում այսօր տեղի ունեցավ հանդիպում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Սոցիալական ապահովության ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ քննարկեց նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի հասցեականությունն ու արդյունավետությունը, ներկայացրեց սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը այդ ծախսերի վրա:
Քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր, տրվեցին պարզաբանումներ: Արդյունքում բարձրաձայնվեցին հետևյալ կարծիքները, մասնավորապես` հաշվարկել մինչև 300 000 վերին շեմ, քանի որ այդ դեպքում ցածր աշխատավարձ ստացողները չեն տուժի, եղավ նաև առաջարկ չաշխատող կանանց նույնպես տրամադրել 18 000 երեխայի խնամքի նպաստ:
Հանդիպման երկրորդ փուլին հասարակական կազմակերպությունների հետ քննարկմանը միացավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով շատ կարևորեց օրենքի նախագծային փուլում հանրային լսումները:
«Ցանկացած առաջարկություն բխում է բոլորիս նպատակներից ու շահերից և դրանք պարտադիր պետք է քննարկվեն: Կառավարությունը պատրաստ է ցանկացած ձևաչափի քննարկումների: Մենք բաց ենք հանրային քննարկման համար, բաց ենք լսել և ընդունել ողջամիտ առաջարկներ և հանրային լսումներին նախատեսում ենք մասնակից դարձնել պատգամավորներին,գործատուներին, շահագրգիռ բոլոր կողմերին»,- շեշտեց նախարարը:
Կարդացեք նաև
Առաջիկայում հանրային լսումներ կիրականացվեն նաև գործատուների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին