Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա ընդդեմ գայլերի նկատմամբ սպանդի. «Գայլերի որսի միջոցով չէ, որ պետք է փրկել ֆերմերային տնտեսությունները»

Հոկտեմբեր 22,2014 17:53

Սեպտեմբերի 18-ին կառավարությունը որոշել է գայլերին սպանելու պարգեւավճարներ հատկացնելու համար ՀՀ բնապահպանության նախարարությանը տալ 20 միլիոն դրամ։ Գումարը նախատեսված է 200 գայլի համար՝ յուրաքանչյուր գայլ սպանելու համար պարգեւավճարը կազմում է 100 հազար դրամ։

Որոշման դեմ այսօր կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում «Փրկենք գայլերին» նախաձեռնության անդամները, որոնք բավականին սակավաթիվ էին։

Այնուամենայնիվ, բողոքի ակցիան կայացավ: Նախաձեռնության անդամները «Գայլը բնության եւ մարդու անբաժան մասնիկն է», «Գայլը առողջ բնության երաշխիքն է», «Փրկենք գայլերին» պաստառներով կառավարության շենքի դիմաց վարչապետից պահանջում էին դադարեցնել գայլերի նկատմամբ որսը:

Բնապահպան Սիլվա Ադամյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ օրենքի դեմ ստորագրահավաք են իրականացրել եւ արդեն 500 ստորագրություն ունեն:
«Մենք առաջարկում ենք հետազոտություններ կատարել եւ հետազոտությունների հիման վրա ոչ բարբարոսական միջոցներով պայքարել ֆերմերային տնտեսությունների փրկության համար, չփորձել գայլի որսի միջոցով փրկել իրենց տնտեսությունները: Փորձը ցույց է տալիս, որ ոչ մի դրական բան չի լինում: Մենք չենք ունենա հարձակումների անկում, կլինի ուղղակի գայլաորս, որը մի քանի տարի հետո կբերի գայլերի պոպուլյացիայի անկմանը եւ ոչնչացմանը Հայաստանի տարածքից: Շատ քչերն են պատկերացնում, թե ինչպիսի լուրջ հետեւանքներով է այն հղի»,- նշեց տիկին Ադամյանը:

Բնապահպանը տեղեկացրեց, որ իրենք արդեն նամակով իրենց առաջարկությունները ներկայացրել են վարչապետին. «Ամեն մի շրջանում պետք է հետազոտություններ իրականացնել եւ հասկանալ, թե ինչպես կարելի է այդ գլխաքանակը ղեկավարել: Բացի դրանից եվրոպական փորձը ցույց է տալիս, որ գայլերին կարելի է արհեստական կեր մատուցել, որպեսզի նրանք իրենց գիշատիչ ունակությունները չկիրառեն տնտեսությունների վրա»:

Մեր հարցին, թե ինչպես անել, որպեսզի եւ՛ ոչխարներին գայլերը չհոշոտեն, եւ գայլերին չվերացնեն, տիկին Ադամյանը առաջարկեց, որ գյուղական տնտեսությունները պետք է պահեն գայլախեղդ շներ, որոնք պետք է վախեցնեն եւ հեռու քշեն գայլերին. «Բացի դրանից կան նաեւ էլեկտրական չոբաններ, որ կարելի է անցկացնել եւ պաշտպանել գյուղական տնտեսությունները»: Տիկին Ադամյանի խոսքով՝ 2011 թվականից գայլերի հարձակումների քանակը չի քչացել, չնայած նրան, որ նրանց նկատմամբ որսը չի դադարում:

Նախաձեռնության մեկ այլ անդամ՝ Կարինե Փանոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խնդիրը կարգավորելու համար հարկավոր է պայքարել անօրինական որսի դեմ, որպեսզի անտառներում կենդանիները չպակասեն եւ որպեսզի գայլերը կարողանան որսալ նրանց. «Պետք է նաեւ մշակել կրթական ծրագիր, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչպես է հարկավոր ոչխարին պաշտպանել գայլերից: Եթե պետությունը գումար է տրամադրել ծախսելու, ավելի լավ է այն գրագետ ծախսվի, մեր նպատակը ուղղակի համագործակցությունն է պետության հետ: Մեր նպատակն է, որ եւ գայլերը լինեն կուշտ եւ ոչխարները լինեն կենդանի»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031