Հոկտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սանկտ Պետերբուրգի թեմի հոգևորականներից և Սանկտ Պետերբուրգի Հոգևոր Ակադեմիայի սաներից բաղկացած սիրողական ֆուտբոլային թիմը, որին ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների ու արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հանդիպման ընթացքում հյուրերը Նաթան Սրբազանին ներկայացրեցին ֆուտբոլային թիմի ստեղծման պատմությունը, Ոուս Ուղղափառ Եկեղեցու թեմերից ներս կազմակերպվող ֆուտբոլային հանդիպումները, ինչպես նաև անդրադարձան սպորտի միջոցով իրականացվող կարևոր սոցիալական-քարոզչական գործունեությանը` տեղեկացնելով, որ խումբը բարեգործական նպատակներով բազում խաղեր է անցկացրել նաև մանկատներում, ազատազրկման վայրերում, հանդիպումներ ունեցել տարբեր երիտասարդական, հասարակական կազմակերպությունների հետ:
Նաթան արքեպիսկոպոսն իր հերթին ողջունեց նման միջոցառումների անցկացումը, որոնց միջոցով հնարավոր է դառնում վստահություն առաջացնել հոգևորականի և Եկեղեցու հանդեպ, անմիջական շփումների միջոցով ծանոթացնել մարդկանց քրիստոնեական հավատքին և վարդապետությանը:
Սրբազան Հայրը հյուրերին մաղթեց հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ իրենց գործունեության մեջ` նաև վստահություն հայտնելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ ծրագրված ֆուտբոլային հանդիպումը կանցնի եղբայրական ջերմ մթնոլորտում:
Կարդացեք նաև
Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական համակարգ