Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսպիսի հարց ուղղեց կառավարությանը. «Համախառն պահուստների չափը տնտեսական կարեւոր բաղադրիչներից է: Դա կիրառվում է որպես տնտեսական անվտանգության չափանիշ, որ արտարժութային ռեզերվը միշտ մեծ լինի ավելի, քան 6 ամսվա ներմուծման ծավալը: Բայց 2013-ին ներմուծման 4 մլրդ 476 մլն դոլար ծավալ է արձանագրվել, 6 ամսվանը՝ 2 մլրդ, 238 մլն դոլար: Իսկ պահուստները 6 ամսվա ընթացքում պակասել են 550 մլն դոլարի չափով: Ստացվում է, որ մենք հիմա ունենք 1 մլրդ մոտ 600 մլն պահուստ, իսկ պետք է ունենայինք առնվազն 2 մլրդ 238 մլն պահուստ: Սա նշանակում է, որ մենք անցել ենք մի կարեւորագույն կարմիր գիծ՝ կապված մեր տնտեսական անվտանգության հետ»:
Լեւոն Զուրաբյանը կառավարության ներկայացուցիչներին խնդրեց ներկայացնել, թե իրենք ի՞նչ միջոցներ են ձեռնարկել, որ այս վտանգավոր իրավիճակը չլինի:
Կառավարությունն առաջարկեց հարցը ներկայացնել գրավոր՝ հաշվի առնելով հարցի ծավալը: Լեւոն Զուրաբյանը դժգոհեց, թե հարցի ծավալն ի՞նչ կապ ունի, ես ունեի նաեւ արձագանքման իրավունք:
Այդ իրավունքից նրան թույլ չտվեցին օգտվել՝ ասելով, որ դեռ կառավարությունը չի պատասխանել, որ արձագանքեք:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ