«Երջանիկ ազգերը պատմություն չունեն, իսկ եթե պատմություն չունեն, ուրեմն հեղափոխություններ էլ իրենց պատմական տարեգրերում չունեն»,-ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն այս ասացվածքը հիշեց` Մամուլի ազգային ակումբի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած ասուլիսին` պատասխանելով հարցին, արդյոք հեղափոխությունը վա՞տ բան է, որի համար երբեմն ձերբակալում են: Դեսպանը նաև նկատեց. «Հեղափոխությունները` որպես այդպիսիք չեն ծրագրավորվում: Եթե ժամանակ առ ժամանակ պայթում են հեղափոխությունները, դա ազդակ է, որ ինչ- որ մի տեղ, ինչ որ բարեփոխումներ չեն կատարվում»:
Հարց հնչեց նաև ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես, խորհրդարանական համակարգին անցման մտադրություններին: Անրի Ռենոն ըստ էության զգուշացնող հայտարարությամբ հանդես եկավ. «Տասնյակ տարիներ Ֆրանսիայում այս համակարգն է եղել, որը հանգեցրեց քաղաքական անկայունության, մինչդեռ այլ պետություններում այն հաջողություն բերեց: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր երկիր պետք է իր իրավիճակին համապատասխան որոշում կայացնի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ