Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Կառավարությունը նորից ձեզ ստել է, խաբել է»

Հոկտեմբեր 22,2014 16:29

Սահմանամերձ գյուղական համայնքներում ձեռնարկատիրական գործունեությանը հարկային արտոնություններ տալու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ ակնկալում են այդ օրենքից գործարարության մի այնպիսի ծաղկում, այնպիսի աճ, որը տնտեսության համար կլինի նշանակալի. «Պարզ է, որ նպատակը սահմանամերձ համայնքներում դեմոգրաֆիական վիճակի հնարավոր վատթարացման կանխարգելումն է: Պետք է ընդունել, որ ցավոք, այդ գերառաջնահերթությունը, որ այսօր Հայաստանում գոյություն ունի կապված ՀՀ-ում դեմոգրաֆիական խնդիրներով, սա, որպես նախաձեռնություն, թեեւ ողջունելի է, գովելի է, բայց ոչ ամբողջական ու ոչ համակարգված մոտեցման հետեւանք է: Եվ նախորդ, եւ նոր ձեւավորված կառավարության ծրագրերում դեմոգրաֆիական քաղաքականության նոր ազգային ծրագիր մշակելու անհրաժեշտություն է արձանագրված»:

Ըստ Սամվել Ֆարմանյանի, ընդդիմությունն անտեղի է շահարկում այդ հարցը, որ օրինագծում չկա հստակություն, թե կոնկրետ որ համայնքներին է դա վերաբերվում: Նրա խոսքերով՝ «Պարզից էլ պարզ է, որ ինչպես պարոն Փաշինյանը նշեց, գործող օրենսդրությամբ իսկապես սահմանված են սահմանամերձ բոլոր համայնքները: Պարզից էլ պարզ է, որ կառավարությանն այստեղ իրավունք վերապահել առանձին ցանկով հաստատելու կոնկրետ շահառու այս օրենքով համայնքների ցանկը: Խոսքը պետք է լինի այն համայնքների մասին, որոնք մշտապես կրակահերթերի տակ են: Այստեղ օրենքի հետ հակասություն չկա»:

Ըստ Սամվել Ֆարմանյանի, օրենքում պետք է արձանագրել, որ այդ արտոնությունները սահմանվում են 20 տարով, որովհետեւ այժմ ընդդիմությունը քննադատում է, որ որեւէ ժամկետ չկա օրենքում: Սամվել Ֆարմանյանի խոսքերով՝ եթե նպատակը ժողովրդագրական խնդիրներն են, 20 տարվա ընթացքում եթե այդ խնդիրը կվերանա, բնական վերարտադրության խնդիրը կլուծվի, կարելի է օրենքը վերանայել:
Ըստ Սամվել Ֆարմանյանի, պետք է նպատակների մեջ ազնիվ լինել՝ թե ի՞նչ նպատակ է հետապնդում այս օրենքը:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ վստահեցրեց, որ կառավարությունը հերթական անգամ խաբում է եւ ստում է. «Ապրելով սահմանամերձ համայնքներում, դուք իրապես բախվում եք այնպիսի խնդիրների, որը ոչ միայն անվտանգության եւ կյանքին է ձեր սպառնում, ձեր առողջությանն է սպառնում, այլ նաեւ դուք ունեք սոցիալական տարրական խնդիրներ: Կարծում էիք, որ կառավարությունը պետք է ձեր այդ խնդիրներին արձագանքեր: Կառավարությունը վստահեցրեց, որ այո, պետք է բերի մի այնպիսի նախագիծ, որը պիտի թեթեւացնի ձեր սոցիալական լուծը եւ դուք կունենաք ավելի նպաստավոր պայմաններ՝ այդպիսի վտանգավոր պայմաններում ապրելու համար:

Մինչդեռ մենք տեսանք, որ կառավարությունը մերժեց այն նախագիծը, որով ձեզ պետք է տրվեին սոցիալական արտոնություններ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, գույքահարկի, հողի հարկի հետ կապված: Եվ բերեց մի օրինագիծ, որի անվանումն է Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին: Մենք հասկանում ենք, որ շատերն են այցելել ձեզ հատկապես այն օրերին, երբ տեղի էին ունենում պատերազմական գործողություններ եւ գիտեն ինչպիսի պայմաններում եք դուք ապրում: Հասկանալի է, որ դուք ունեք ուղղակի աջակցության կարիք, բայց այս օրենքով այդ աջակցությունը ձեզ չի տրվել: Դուք նորից մուծելու եք այնպես, ինչպես Երեւանի բնակիչն է մուծում էլեկտրաէներգիայի, ջրի վարձը, գազի վարձը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031