Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ ներկա է գտնվել Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Գթության խոհանոցի» 21-րդ տարեշրջանի հերթական բացմանը: Արդեն 21 տարի գործող ծրագիրը երկրորդ տարին անընդմեջ համաֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողմից:
Ողջունելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնությունները. «Ընդհանրապես Երևանի քաղաքապետարանի ծրագրերի շարքում առանձնակի կարևորվում են սոցիալական ուղղվածության նպատակային ծրագրերը, որոնք որոշակիորեն կարող են թեթևացնել սոցիալապես անապահով ու խոցելի խմբերի մեր քաղաքացիների բեռը: Եվ, ինչպես նկատել եք, տարեցտարի այդ ծրագրերն առավել հասցեական են դառնում: Ընդհանուր առմամբ, այսօր մայրաքաղաքում գործում են 16 բարեգործական ճաշարաններ, որոնցից օգտվում են շուրջ 2500 շահառուներ: Որոշ ծրագրեր մենք իրականացնում ենք՝ համագործակցելով տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների հետ: Անշուշտ, շնորհակալ ենք բոլոր այդ կազմակերպություններին, սակայն թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես ուղղակի հայ մարդ, ինձ համար շատ ավելի ցանկալի կլիներ, որ նման օժանդակության կարիք ընդհանրապես չունենայինք, և հույս ունեմ, որ մենք մի օր իրոք այդ աջակցության կարիքն այլևս չենք ունենա: Իսկ քանի դեռ կա այդ կարիքը, մենք սիրով համագործակցում ենք և շարունակելու ենք այս ուղղությամբ մեր քաղաքականությունը: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել Գերմանական կարմիր խաչի մեր գործընկերներին և անձամբ պարոն Շայդեին՝ ցուցաբերած մարդասիրության ու վերաբերմունքի համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին մշտական հոգածության ու սոցիալական ծրագրերին ցուցաբերվող աջակցության համար, ընդգծել է, որ երկուստեք համագործակցությունն իսկապես արդյունավետ է ու հաջողված. «Համատեղ իրականացվող ծրագրերի նկատմամբ Ձեր հետևողականությունը, պարոն քաղաքապետ, ևս մեկ ապացույցն է Ձեր հոգատարության ու ջերմ վերաբերմունքի, որ ցուցաբերում եք մեր շահառուների նկատառմամբ: Իսկապես հաճելի է ամեն անգամ տեսնել Ձեր ջերմ շփումը տարեցների հետ ու նրանց փոխադարձ հարգանքն ու սերը Ձեր նկատմամբ»,- նշել է Կառլ-Հայնց Շայդեն:
Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրից օգտվում են Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջանների և հարակից վայրերի սոցիալապես անապահով շուրջ 450 տարեց շահառուներ:
Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների 120 շահառուի սպասարկումն իրականացվում է վարչական շրջանների կողմից անվճար հատկացված արտագնա սպասարկման կետերում: Քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ օրական մեկ անգամ տաք սննդից բացի շահառուները օգտվում են նաև «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի ներքո գործող սոցիալական այլ ծառայություններից: Կարիքավորներին ցուցաբերվող սոցիալական օժանդակության տարեցտարի ընդլայնվող ծառայությունների ոլորտն ընդգրկում է տարբեր տարիքային և ռիսկային խմբերի շահառուներ: Հարկ է նշել, որ «Գթության խոհանոց» ծրագրի սահմաններում մայրաքաղաքում իրականացվում է նաև «Տնային խնամք» ենթածրագիրը: 2004 թվականից իրականացվող «Տնային խնամք» ենթածրագրում ընդգրկված են Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների միայնակ տարեցներ, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն հոգալու իրենց առօրյա հոգսերը: Ծրագրի շրջանակում կամավորներն անհրաժեշտ սոցիալական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում շահառուներին, իսկ «Գթության խոհանոցի» գործելու ամիսներին տաք կերակուր են հասցնում նրանց:
Երևանի քաղաքապետարան