Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայ առաքելական եկեղեցու կանոնադրության որոշ հոդվածներ արդեն պատրաստ են. «Հայ առաքելական եկեղեցու համար իր կանոնադրությունը մշտապես կարևորագույն խնդիր է եղել, սակայն ժամանակները թույլ չեն տվել, որ եկեղեցին կարողանա ձեռնամուխ լինել այդ կանոնադրության վերջնական կազմությանն ու մշակմանը: Մինչդեռ, կանոնադրություն ունենալն անհրաժեշտություն է, քանի որ դրա բացակայության դեպքում ցանկացած կառույց խոցելի է»,- ասաց քահանան՝ հավելելով, որ արդեն ընդունված է Եկեղեցական ներկայացուցչական ժողովի կանոնադրությունը, և վերջնական տեսքի է բերվում Գերագույն հոգևոր խորհրդին վերաբերող հատվածը: Նրա խոսքով՝ դրանք կմտնեն կանոնադրության մեջ: Կընդգրկվեն նաև թեմերին վերաբերող արդեն հաստատված և ուժի մեջ մտած այն հոդվածները, որոնցով սահմանվում են թեմերի կազմության, թեմական առաջնորդների ընտրության և այլ հարցեր:
Տեր Վահրամը դժվարացավ հստակ ասել, թե երբ ամբողջովին պատրաստ կլինի կանոնադրությունը, բայց վստահեցրեց, որ այդ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատանքներ են տարվում:
Տեր Վահրամ քահանա Մելիքյանն այսօր նաև պաշտոնապես հերքեց թեմական ուղենշային կանոնադրության ընդունումից հետո տարածված կարծիքն այն մասին, որ Մայր Աթոռը ցանկանում է Նվիրապետական աթոռները՝ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքարաններն իջեցնել թեմերի մակարդակի. «Ես պաշտոնապես հերքում եմ դա՝ տեղեկացնելով, որ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը մշտապես նախանձախնդիր է եղել, որ իր Նվիրապետական աթոռները, որոնք անբաժանելի մաս են կազմում Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու, մշտապես լինեն պայծառ, զորեղ, որովհետև Նվիրապետական աթոռների ուժն ու զորությունը հենց Մայր աթոռի զորությունն են»,- ընդգծեց քահանան:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ