Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի աշխատակազմի ղեկավարը հակափաստարկներ բերեց

Հոկտեմբեր 22,2014 15:26

Այսօր «Նոյյան Տապանում» կայացած ասուլիսում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը հայտարարել էր , թե աշխատասենյակների չարտոնված խուզարկումներ են լինում աշխատակազմի ղեկավար Սամսոն Զատիկյանի կողմից եւ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հանձնարարությամբ: Նա նաեւ դժգոհել էր, որ Զատիկյանը IT ոլորտի հետ կապ չունի, եւ ոստիկանության գնդապետ է:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Զատիկյանը հավաստիացրեց, որ որեւէ մեկը որեւէ աշխատասենյակ մուտք չի գործել, բուհի անվտանգության եւ այլնի պատասխանատուն «Լեգեոն» կազմակերպությունն է, եւ նրանց աշխատակցի հետ միասին են հանգցրել անտեղի վառվող լույսերը, նայել են արդյոք էլեկտրասարքավորումները միացված չե՞ն կամ ջրի ծորակները բաց թողնված, մանավանդ իրենց մոտ վերջին շրջանում մեծ չափերի են հասնում էլեկտրաէներգիայի եւ ջրի ծախսերը: «Որեւէ մեկը որեւէ մեկի մոտ չի ներխուժել, իսկ խուզարկություն ասվածը դա իրավաբանական տերմին է, որը ոչ մի կապ չունի մեր բուհի հետ: Ի դեպ, այդ հարցը քննարկվել է ռեկտորատում, եւ նրանց պարզաբանումներ են տրվել»,-նշեց աշխատակազմի ղեկավարը: Պատասխանելով Խոյեցյանի այն արտահայտությանը, որ ինքը կոմպետենտ չէ, IT ոլորտից չի հասկանում եւ ոստիկանության գնդապետ է, Սամսոն Զատիկյանը նշեց. «Ես ինժեներ-տեխնոլոգ եմ, այո, նաեւ ոստիկանության գնդապետ եմ, մի՞թե դրանում վատ բան կա: Այժմ պաշտոնաթող եմ եղել եւ քաղաքացիական աշխատանքի եմ անցել, ինչի մեջ ոչ մի արտառոց բան չկա»:

Aravot.am-ի հարցին՝ իր կարծիքով ի՞նչ խնդիր է լուծում Խոյեցյանը, աշխատակազմի ղեկավարը պատասխանեց, որ նա նկատողություն է ստացել իրեն հանձնարարված աշխատանքները չկատարելու համար , այն է՝ ուսումնասիրել բոլոր համակարգիչների վիճակը, նաեւ միտումնավոր ձգձգել է իրեն հանձնարարված աշխատանքները: «Օրինակ, պրոռեկտոր Կարապետյանը ցանկացել էր օգտվել ամբիոնի համակարգչից եւ մուտք գործել բուհի ներքին Mulberry ցանց, սակայն պարզել էր, ուրիշ IP-ով մեկ այլ օգտատեր է այն օգտագործել: Այդ ահազանգի ուղղությամբ ոչ մի քայլ չէր կատարվել եւ պարոն Կարապետյանի բողոքի հիման վրա հարցերն ուսումնասիրվել էին, ու Խոյեցյանն ու իր տեղակալը կարգապահական տույժի ենթարկվել: Ընդհանրապես նրանք աշխատանքից անընդհատ բացակայել են: Կարգապահական տույժից հետո Խոյեցյանին հանձնարարվել է կարճ ժամանակում շտկել իրավիճակը, իսկ նա, փոխանակ իրավիճակը շտկելու, որոշել է հարձակման անցնել», – պատասխանեց Զատիկյանը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրթական բարեփոխումների գծով Միքայել Հարությունյանը եւս հաստատեց աշխատակազմի ղեկավարի ասածները, հավելեց, որ մինչ այժմ Խոյեցյանը ամփոփ ձեւով չի ներկայացրել բուհի համակարգչային տեխնիկայի եւ ընդհանրապես տեխնիկական միջոցների հաշվառման մասին հաշվետվություն, չնայած աշխատանքի ժամկետները երկարաձգվել են: Բայց հույս ունի, որ ռեկտորի հրամանն ի վերջո կկատարվի:

Իմիջիայլոց, բուհի ռեկտորի եւ աշխատակազմի դեմ բողոքող Խոյեցյանի քեռին է ՀՊՃՀ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, այժմ պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանը, որ հայտնի է նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ իր հրապարակումներով ու բողոքի ակցիաներով, եւ մեր տեղեկություններով, բուհի ռեկտոր դառնալու ցանկություն ունի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031