«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում ստեղծված թեժ իրավիճակից հետո ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին հարց տալուց առաջ ճշտեց՝ «Դուք հիմա հանգի՞ստ եք»:
Վարդան Այվազյանը պատասխանեց, որ, որպես կանոն, ինքը միշտ է հանգիստ: Զարուհի Փոստանջյանն էլ ասաց՝ «Ցանկալի է, որ այդ միշտը շարունակվի»:
«Այդ ցանկություններդ ի կատար կածենք, թե ուրիշ ցանկություններ էլ կան՝ խնդրեմ»:
Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց, թե քանի՞ կրպակատեր, կոշկակար ու վարսահարդար է գործում, ովքեր զբաղվում են մանր ձեռնարկատիրական գործունեությամբ. «Չունե՞ք հաշվարկ, թե ում վրա պետք է տարածվեն այս արտոնությունները»: Նա առաջարկեց արտոնություն տալ սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ սոցիալական նպաստի տեսքով, ոչ թե ձեռնարկատիրական գործունեությանը տալ:
Կարդացեք նաև
Վարդան Այվազյանն ասաց՝ «Թե քանիսն են, կառավարության ներկայացուցիչը կփորձի պարզաբանել, բայց միայն փոքր ու միջին բիզնեսի բազան, ըստ նախնական գնահատականների, 2.5 մլրդ դրամի կարգի գումարի մասին է խոսքը»:
Զարուհի Փոստանջյանը եզրակացրեց. «Այս պահի դրությամբ մենք կարող ենք արձանագրել, որ չունենք համայնքների ցանկը: Այս պահի դրությամբ չունենք, թե քանի տնտեսվարող սուբյեկտ է սահմանամերձ համայնքներում աշխատում, այս պահին չունենք արձանագրած, որ այնտեղ ապրող բնակիչն ազատվելու է այն ուղղակի հարկերից, որ այս պահին իր նկատմամբ տարածվում է՝ գույքահարկն է, հողի հարկն է, արտոնություն չկա նաեւ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի հետ կապված»:
Վարդան Այվազյանը արձագանքեց. «Այս պահի դրությամբ ես արձանագրում եմ, որ ինչ էլ ես ասեմ, մեկ է, դուք ասում եք ձեր ասածը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ