Այսօր ԱԺ-ում Սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեությանը հարկային արտոնություն տալու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթի քննարկումն էր: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին հարց ուղղեց. «Հիմա այդ արտոնությունը, որ տալիս եք, եղբա՛յր, ո՞ւմ եք տալիս ու ինչի՞ համար եք տալիս: Օրենքը այս հարցերին պետք է պատասխանի: Ո՞նց կարող ենք արտոնություն տալ՝ չիմանալով ում եւ չիմանալով, թե ինչքան ժամանակով: Այստեղ կառավարությանը վստահել-չվստահելու խնդիրը չի: Մենք ուրախ ենք, որ կառավարությունն ընդառաջում է, բայց սկզբունքային հարց կա՝ չիմանա՞նք ում ենք տալիս ու ինչքա՞ն ենք տալիս: Դուք տեսե՞լ եք, որ հարկային արտոնություն տան այն մարդուն, որն իրենց եկամուտն է բերում, ո՞վ է ուրիշի հարսով փեսուն լավություն անում: Տուրքեր կան, արտոնագրային վճարներ կան, գնացեք հստակ գրեք: Ինչը վերաբերում է եկամտահարկին, ուրիշ հարց, որ հստակ օրենք ունենայինք, որ տար, մնար տեղական բյուջե, ոչ թե գար հանրապետական բյուջե: Ո՞վ է տեսել եկամտահարկը գա հանրապետական բյուջե»:
Վարդան Այվազյանը պատասխանեց. «Թե ում ենք տալիս՝ հստակ ասել ենք: Տալիս ենք սահմանամերձ համայնքներին, որի ցանկը կհաստատի կառավարությունը: Հիմա դուք դեմ եք, որ կառավարությունն է սահմանում: Հիմա, երբ հիշողությունս սկսում եմ պրպտել, որոշակի արտահայտումներ են տեղի ունենում: 1995-ին ձեր վարչապետության օրոք դուք բերեցիք մի օրենք, որը կառավարությանը հնարավորություն էր տալիս որոշում ընդունել, որն ուներ օրենքի ուժ: Հա՜, այն ժամանակ ուրիշ էր, հիմա ուրիշ է»:
Ինչ վերաբերում է եկամտահարկը տեղական բյուջեի մուտքի մաս դարձնելուն, Վարդան Այվազյանն ասաց, որ ինքը ժամանակին, որպես Չարենցավանի քաղաքապետ եւ քաղսովետի նախագահ նման առաջարկով հանդես եկել է 2-3 անգամ. «Ձեր գլխավորությամբ մի քանի հոգով բացարձակապես չթույլատրեցիք, ասացիք միայն հողի հարկը: 15 տոկոսն անգամ չթույլատրեցիք: Եկեք հիշողությունները չպրպտենք: Այո, ես համաձայն եմ, որ համայնքների զարգացման ատրիբուտը ֆինանսական անկախությունն է»:
Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Դա պատասխան չի: Մեր ժամանակ տենց է եղել՝ լավ է եղել: Կար պատերազմ: Պետք էր՝ արել ենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ