«Եռյակը կարող է դառնալ վեցյակ, կարող է դառնալ երկյակ»,- այսօր` հոկտեմբերի 22-ին, «Ուրբաթ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նա համարում է, որ պետք է գիտակցել, որ տեղի է ունենում համագործակցություն այն հարցերի շուրջ, որտեղ կուսակցություններն ունեն միասնական կողմնորոշում. «Այսօրվա դրությամբ` սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների վերաբերյալ մենք ունենք նույն մոտեցումները: Այն հարցերը, որոնք իսկապես գիտակցում ենք, որ տարբեր են մեր մոտեցումները այդ հարցերն առայժմ քննարկման դրված չեն»:
Անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական եռյակի մոտեցմանը Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրմանը` Թեւան Պողոսյանը նշեց, որ եռյակում արտաքին քաղաքականությունը չի քննարկվում եւ եռյակ ձեւաչափը արտաքին մոտեցումների համար ճիշտ չէ օգտագործել. «Վստահ եմ ԵՏՄ-ն Հայաստանի համար չի ունենալու երկարատեւ շահերի սպասարկման դաշտ, իսկ այդ ինստիտուտի հաջողությանը ընդհանրապես չեմ էլ հավատում: Ապացույցն էլ այն բոլոր ինտեգրացիոն գործընթացներն են, որոնք տեղի են ունենում հետսովետական տարածքում, երբ որեւէ մի կառույց ոչ թե զարգանում է, այլ ամեն տարի պակասում է ինչպես անդամակցության, այնպես էլ իր կարեւորության իմաստով»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև