Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ իրավիճակ՝ ԱԺ-ում. Փաշինյանն ու Այվազյանը արա-ով վիճում են՝ իրար պապա ու շեֆեր խառնում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 22,2014 14:20

Այսօր ԱԺ-ում շարունակվում է կառավարության ներկայացրած սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությանը հարկային արտոնություն տալու օրենսդրական փաթեթի քննարկումը:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն իր խոսքում ասաց, որ դա նոր տնտեսական քաղաքականության սկիզբն է: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց՝ «Դե եթե տնտեսական քաղաքականություն է, անունը այդպես էլ դնեիք: Անունը դրել եք սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին փաթեթ, ինչի մասին ասես, բերել մտցրել եք ստեղ: 90 տոկոսն այս օրենքի բովանդակության ոչ մի առնչություն չունի սահմանամերձ գյուղերի հետ: Ճանապարհային վճարի մասին, բնապահպանական եւ բնօգտագործման մասին օրենքներում եք փոփոխություն բերում, ամբողջ հաշվապահությունը նորից խառնում եք իրար: Հետո էլ ասում եք, որ սահմանամերձ գյուղերի օբյեկտներին տալիս ենք հարկային արտոնություն: Կներեք, մենք տեսել ենք ձեր տված արտոնությունը»:

Նիկոլ Փաշինյանը օրինակ բերեց «Շրջանառության հարկի» մասին օրենքը, երբ առեւտրականները դուրս եկան փողոց ու ասին՝ ախպեր, չենք ուզում ձեր հարկային արտոնությունը, թողեք հանգիստ աշխատենք. «Հիմա այս օրենքով ցույցերի եք հանում սահմանամերձ գյուղերի փոքր օբյեկտների աշխատողներին: Դուրս են գալու ցույց անեն, ճամփա փակեն, ասեն ձեր արտոնությունները չենք ուզում, որովհետեւ այնքան նշել եք, թե ՀԴՄ կտրոնը ոնց պիտի լինի, թուղթը ոնց պիտի լինի, հաշիվը ոնց պիտի լինի, էլեկտրոնային եղանակով պիտի լինի»:

Կառավարությունը նշել է, որ կառավարության որոշմամբ պետք է որոշվի, թե որն է սահմանամերձ շրջանը, այսինքն՝ ում վրա է այս օրենքը տարածվում: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ դա չի կարող կառավարությունը որոշել, որովհետեւ կա այդ մասին օրենք ու օրենքով հատ-հատ սահմանվել է, թե որոնք են սահմանամերձ շրջանները. «Այդ օրենքով, ի գիտություն ձեզ, սահմանամերձ են համարվում նաեւ հայ-թուրքական սահմանի բոլոր գյուղերը՝ առանց բացառության: Կառավարությունը ո՞նց կարող է օրենքը վերախմբագրի: Հետո որ ասում եք՝ տատիկները վարսավիրանոց են գնում, պապիկները վարսավիրանոց են գնում, սահմանապահ գյուղերում տատիկ-պապիկները կամ մազ չեն կտրում կամ իրար մազ են կտրում, դրանով լուծվում է: Իսկ հոսանքի, գազի փող ամեն օր են տալիս: Այդ մարդկանց տալիս եք գիտահետազոտական արտոնություններ, որոնց էֆեկտն այդ մարդիկ երբեք չեն տեսնի»:

Վարդան Այվազյանը դիտողություն արեց Փաշինյանին, որ օրենքը կարդա, նոր մեկնաբանի, իսկ «Շրջանառության հարկի» մասին օրենքը, նա ասաց, որ քննարկվելու է դեռ. «Գնում է հարկային բեռի թեթեւացում, բյուջեն կտրում ենք, մենակ հարկային բեռը թեթեւացնենք: Սա ենք ասում, ուրիշ բարդ բան չենք ասում: Տատիկ-պապիկները այդ խանութից են հաց առնում»:

Նիկոլ Փաշինյանը տոնը բարձրացրեց. «Երբ արտոնություն եք տալիս ու մարդիկ դրա դեմ ցույց են անում, դա նրանից է, որ ինչքան արտոնություն եք տալիս, այնքան քթներից հանում եք մարդկանց: Ինչի՞ եք անունը դրել սահմանամերձ, Հայլուրով, հեռուստացույցով ասում եք, թե սահմանամերձ տարածաշրջաններին արտոնությո՜ւն ենք տալիս: Ոչ մի բան էլ չեք տալու: Այդ տատիկ-պապիկների մասին, որ այդքան մտածող լինեիք, այս 25 տարին տատիկներին չէիք թալանի ու միլիոնատերեր դառնայիք: Եկել եք տատիկ-պապիկների մասին մտածող եք դառել, որ իրանք հաց առնե՞ն: Տատիկ-պապիկները 100 հազար դրամներով նիսյաներ ունեն իրանց խանութներում, փողը տվեք այդ մարդկանց, թող գնան իրանց նիսյաները փակեն: Եվ ոչ թե տանեք ձեր օբյեկտները, հարկային արտոնությունների տակ սահմանամերձ գոտիներով ձեր միլիարդները կրկնապատկեք»:

Վարդան Այվազյանը նետեց՝ «Սահմանամերձ համայնքներում ինչքան օբյեկտներ ունեմ, քեզ եմ տալիս, հանգստացի՛»: Նիկոլ Փաշինյանը վրդովվեց ու սկսեց տեղից գոռգոռալ:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը չէր կարողանում հանդարտեցնել դահլիճում կրքերը: Նիկոլ Փաշինյանը բղավեց, որ նկատի ունի իր շեֆերին:

Վարդան Այվազյանը պատասխանեց. «Դու ես, այ տղա, դո՛ւ: Չես կարա դու լավ անես, ուր մնաց կողքիդ նստածը: Տո դու շատ պստիկ ես, որ իմ շեֆերի հարցերը կարանաս լուծես: Անկապ կողքից խոսացողներին էլ կխնդրեմ…Ամոթը չափ ունի բոլորի համար, սուտի գոռգոռալով չի»:

Հերմինե Նաղդալյանն ասաց, որ սա ԱԺ է, ձեզ կոռեկտ պահեք, երբ գոռում եք, ցույց եք տալիս, որ ուրիշ արգումենտ չունեք: Փաշինյանը գոռաց՝ «Դուք մեզ չպիտի ասեք, թե մեզ ոնց պահենք: Վարդան Այվազյանը այստեղ հիշեց «պապաներին». «Պապաներդ պիտի ասեն: Պապաներդ, որ զադանյա են տալիս, քո պապաները պիտի ասեն քեզ, թե ոնց խոսաս, արա՛, եղա՞վ»:

Փաշինյանը՝ պատասխանեց. «Եղավ էլ, մի 3 բան էլ ավել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Նիկոլն ու Զառան հատուկ միսսիա ունեն—- պառլամենտը մաքսիմում ուկրաինական ռադային նմանեցնելու, ուր բոլոր հարցերը լուծվում են ճղճղոցների, հետո էլ բռունցքների միջոցով: Որ հետո ասեն — քաղաքական ճգնաժամ է: Պատվեր չէ, բա ինչ է?? Էլ պատվերը ոնց է լինում??

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031