Երեւանում այսօր մեկնարկեց «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան 2014» արդյունաբերական ցուցահանդեսը, որն անց է կացվում արդեն վեցերորդ անգամ։ Ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանից եւ Ռուսաստանից իրենց էներգետիկան, մեքենաշինությունը, մետալուրգիան, շինարարությունը, տրանսպորտը, հեռահաղորդակցությունը, ապահովագրությունը, գյուղատնտեսությունը, բժշկությունը, կրթությունը եւ այլ ոլորտներ ներկայացնող ընկերություններ։
Էքսպոյից առաջ բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը եւ նշեց, որ էքսպոյին այս տարի մասնակցելու են Ռուսաստանի 9 մարզերից առաջատար ընկերություններ. «Հույս ունեմ, որ գործնական այս մթնոլորտը ռուս-հայկական հետագա համագործակցությանը մեծապես կնպաստի»։ Դեսպանը, առանձնացնելով այն հանգամանքը, որ Հայաստանը հոկտեմբերի տասին ստորագրել է ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը, նշեց, որ այս կերպ ռուսական եւ հայկական ընկերությունների համագործակցությունն ավելի կամրանա։ Իսկ մաքսատուրքերի վերացումը, ըստ նրա, տնտեսության զարգացմանը կնպաստի։
Aravot.am-ը էքսպոյի ընթացքում շրջեց ռուսական ընկերությունների մի քանի տաղավարներով։ Մեզ հետ զրույցում, ընկերությունների գրեթե մեծ մասը նշեցին, որ իրենց բիզնեսի զարգացմանը խոչընդոտում են Ռուսաստանի նկատմամբ արեւմուտքի կողմից կիրառած պատժամիջոցները. «Այն փաստը, որ ռուսական ռուբլին արժեզրկվել է, իսկ դոլարի կուրսը բարձրացել, շատ է դժվարացնում առեւտուրը»,- մեզ հետ զրույցում նշեց կենցաղային տեխնիկա արտադրող Սիբիրյան «Սակուրա» ընկերության ներկայացուցիչը։
Կարդացեք նաև
Ռուսական մեկ այլ ընկերության, պոմպեր արտադրող «Պասկալ» ընկերության ներկայացուցիչն էլ, խոսելով Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցների բացասական արդյունքից, նշեց, որ պատժամիջոցները ազդում են բոլորի վրա. «Ամեն ինչի գները բարձրանում են, հումքի գինը աճում է, եվրոյի եւ դոլարի կուրսը բարձրանում է։ Հիմա եվրոպական արտադրանքը ավելի թանկ կլինի, քան մերը, սակայն չեմ կարծում, որ մեծ տարբերություն լինի»։
Ընկերությունների մեծ մասը վստահ են, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ համագործակցելով, իրենք կկարողանան զարգացնել իրենց բիզնեսը, իսկ Հայաստանի հետ հույս ունեն մեծացնել առեւտրաշրջանառության ծավալները։
Նշենք, որ «Էքսպո-Ռուսաստան Հայաստան 2014»-ը անցկացվում է Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի, ՌԴ Պետական Դումայի, Ռուսաստանի ԱԳՆ-ի և ճյուղային նախարարությունների աջակցությամբ, նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության, Զարգացման հայկական գործակալության, երկու երկրների գործարար շրջանակների աջակցությամբ եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի աջակցությամբ:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ