«Անվտանգությունը միայն առաջին գիծը չէ, եւ միայն բանակը չէ»,- այսօր` հոկտեմբերի 22-ին, «Ուրբաթ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նա նշեց, որ եթե Հայաստանի` ԵՏՄ-ի հետ հարաբերությունները խորանան եւ ժամանակի ընթացքում Հայաստանը չվերականգնի անվտանգության ոլորտում քաղաքական բաղադրիչների բարեփոխումների համագործակցությունը Եվրամիության հետ, ապա իրավիճակն ավելի վատ է լինելու: Նրա կարծիքով` արտաքին գործերի նախարարությունը եւ շահագրգիռ ինստիտուտները պետք է բոլոր հնարավոր միջոցները օգտագործեն, որպեսզի մինչեւ տարվա վերջ հասցնեն ստորագրել Ասոցացման պայմանագրի քաղաքական բաղադրիչը. «Հայաստանը պետք է իր շահերը հետապնդի: Բոլորիս ասվում է, որ ԵՏՄ-ն միայն ու միայն տնտեսական միություն է եւ միայն ու միայն տնտեսական ոլորտի խնդիրներով է համագործակցում: Եթե այդպես է, եկեք այս ժամանակը լավագույնս օգտագործենք եւ քաղաքական բաղադրիչի շուրջ եւս մեկ անգամ բանակցենք: Ունենք Ուկրաինայի փորձը, որ հնարավոր է քաղաքական բաժինն առանձին ստորագրել, տնտեսականը` առանձին»:
Թեւան Պողոսյանը նկատեց, որ նոյեմբերի 1-ից իշխանությունների նոր պատասխանատուներ են լինելու Եվրամիության ղեկավարության կազմում, եւ դա նա լավ հնարավորություն է համարում բանակցելու համար. «Այսօրվանից սկսած՝ մինչեւ նոյեմբերի 1-ը լավագույն ժամանակն է բոլոր մեխանիզմները եւ միջոցները օգտագործելու համար, որպեսզի հասցնեն այդ նոր իշխանությունների հետ մի փոքրիկ հաջողություն ապահովել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ