Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կապ ունեն լրագրողի արձանը, եկեղեցին ու քահանայի տունը

Հոկտեմբեր 22,2014 14:03

«Եթե լրագրողի արձանը մեր բակում դնեին, ինչքանո՞վ այն կլիներ տրամաբանական ու իմաստալից: Հանրային տարածք մտնող ցանկացած բան պետք է ունենա իր իմաստը, կրի այն տարածքի հետ կապը»,- Aravot.am-ին ասաց քաղաքացիական ակտիվիստ Աննա Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ երեք տարի առաջ նա Նոր Նորք վարչական շրջանի՝ Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում իրականացվող շինարարության դեմ պայքարողներից էր: Նրա պայքարից հետո այգում կառուցվեցին թանգարան, եկեղեցի, քահանայի տուն, այսօր այգում է գտնվում նաեւ լրագրողի արձանը:

«Անկախ նրանից, որ լրագրողի արձանը չի կարող լինել տղամարդ, որովհետեւ լրագրողների 90 տոկոսը կանայք են, անկախ նրանից որ լրագրողի արձանը չի կարող լինել ֆոտոապարատով, որովհետեւ լրագրողի ձեռքին նախ եւ առաջ գրիչն ու միկրոֆոնն են ու չհաշվելով, որ դա կոնկրետ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին սիրաշահելու համար է արված, նրա ճիշտ պատճենն է, մի հարց է կարեւոր՝ ինչ կապ ունի լրագրողի արձանը, մի հատ անկապ եկեղեցին ու դրա կողքին մեկ այլ շինություն, որ ասում են՝ քահանայի տունն է: Եկեղեցու կառուցման հարցը չի քննարկվել, բնակիչներին չեն հարցրել՝ դուք աղոթելու տեղ ունե՞ք ու անկապ իրար կողքի շինություններ են դրել»,- դժգոհում է Աննա Շահնազարյանը:

Լուսանկարը՝ www.media.am-ի

Լուսանկարը՝ www.media.am-ի

Նա իր պայքարից երեք տարի անց էլ պնդում է, որ այգում թանգարանն ու մյուս շինությունները ապօրինաբար են կառուցել. «Թանգարանը ապօրինի, իրավական որեւէ հիմք չունեցող նախագիծ էր: Կանաչ գոտում կապիտալ շինարարությունները արգելված էին: Այն ժամանակ էլ ոչ ոք իրազեկված չէր ոչ թանգարանի, ոչ եկեղեցու, ոչ էլ առավել եւս՝ եկեղեցու կողքի շինության մասին: Այո՛, ես այդ շինությունների կառուցման դեմ ստորագրահավաք էի կազմակերպել, 1600 դեմ ստորագրություններ էի հավաքել, հանձնել քաղաքապետարանին, բայց խուժան մասսան էլ հակընդդեմ ստորագրությունների ցանկ էր բերել, թե կողմ են այդ շինություններին»:

Հիշեցնենք, որ լրագրողի արձանի հեղինակ Ալբերտ Սողիկյանը news.am-ի հետ զրույցում հիշել էր Աննա Շահնազարյանին ու պատմել, թե. «Կանաչներ կային, եկել, բողոքում էին, ասում էին՝ այստեղ օբյեկտ եք սարքում: Մի հատ սիրուն բոյով աղջիկ էր եկել՝ կտամ, կսպանեմ տարբերակով: Ասեցի՝ ինչ լավ ա՝ դու Օպերայի կառուցման ժամանակ չես ծնվել, էնտեղ մասնավոր տներ էին. էն ժամանակ, որ լինեիր, Օպերան կարող էր չլիներ: Տխուր բան էր դա, իրենք իրենց ասածն ասեցին, հանգստացան, որոշ լրագրողներ էլ մեզ օգնեցին, որ սա ռեստորան չհամարեն» :

«Արժանի չեմ համարում այդ մարդու ասածներին որեւէ կերպ անդրադառնալ: Թող google-ում որոնեն մեր պայքարի ժամանակվա լուրերը, տեսանյութերը ու տեսնեն՝ արդյոք նման տեղեկություններ կա՞ն, թե սրճարան, ռեստորան է կառուցվում, թող տեսնեն այնտեղ սրճարանի մասին խո՞սք կա: Մենք նման լուրեր չենք տարածել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արամ says:

    Հարգելի aravot.am, խնդրում եմ փոխանցեք այս «օրիորդին», որ եկեղեցին երբեք անկապ չի լինում, ինչպես իր նմանները: Ավելին, տասնյակ հազարավոր ջարդից մազապուրծ հայ գաղթականներին փրկած ու իրապես խոնարհումի արժանի մարդու՝ Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանն էլ այն մինիմումն է, որ կարող է հայ ազգը տալ՝ ի նշան երախտագիտության: Իսկ բոլոր այն մարդկանց, ում այս արարածը անվանում է«խուժան մասսա», միայն և միայն փառք ու պատիվ, որ նմաններին կարող են արժանի հակահարված տալ:

  2. Գոհար Վեզիրյան says:

    1600 ստորագրություն??????: Ակնհայտ սուտ է սա: Իմ ձեռքի տակ են այդ իրադարձության շուրջ հավաքված շուրջ 150 ստորագրություններ, որոնք սոսկ ստորագրություններ են: Բլանկի վրա չկա գրված որեւէ տեքստ, ավելին` ցանկում առկա են մարդիկ, որոնք ոչ միայն չեն ապրում այդ տարածքում, այլեւ կապ չունեն նշված հասցեների հետ: Զուգահեռաբար` պատրաստ եմ տրամադրել հազարն անցնող ստորագրություններ` իրական ու շարադրանքով, թե ինչին են միացել այդ մարդիկ: Բոլորը, անխտիր բոլորն իմացել են թե ինչ է կառուցվում այգու բետոնապատ, ընդգծում եմ բետոնապատ տարածքում: Բացառապես կեղծիք տարածողներն են միտումնավոր խեղաթյուրել իրականությունը` հայտարարելով, թե այգին զավթում են գիշերային ակումբ ու ռեստորան կառուցելու նպատակով: Երկու իրողություն կա, որոնց առկայության դեպքում ժամանակը հօգուտ դիմացինի է աշխատում: Առաջինի մասով կլռեմ: Երկրորդի մասով կասեմ` ստի ու ստախոսի համար ևս 40-օրյա ժամկետ է սահմանված: Այնպես որ ամեն ինչ ընթացավ հենց այս տրամաբանությամբ:

    ամեն օր կառուցվում են Օպերայի տարածքում: Ու այս հարցի շուրջ իբր պայքարողները սսկված հեռվից դիտում են գործընթացը: Հասկանում ենք` վախը մարդային է, եւ անկապ շինություն-օբյեկտների տերերը հանկարծ կարող են ահագին բացահայտումներ անել պայյքարողների մասին, ուստի` պետք է աղաղակել այլ վայրերում` ստացված գրանտը նպատակային ծախսելու պատրանք ստեղծելով: Այսօր Մանումնետի անտառում,Կենսաբանական այգում հսկայածավալ շինարարություն է ընթանում: Ոչ մեկը ծպտուն չի հանում: Կանաչ տարածքները զանգվածաբար ոչնչացվում են, բայց սրանք դեռ ընկած են ապատեղեկատվություն տարածելով:

    Շատ ուրախ եմ լրագրողի արձանի նախաձեռնության համար: Չլիներ այս փաստը, չէինք էլ մտածի, որ մեր կենսատարածքում ապրում են ահագին չար եւ մասնագիտական նախանձով սնվող մարդիկ:

    Հուսանք մի օր էլ բնապահպանի արձան կտեսնենք որեւէ վայրում տեղադրված:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031