Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպանը որոշ մանրամասներ ներկայացրեց ՀՀ և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին

Հոկտեմբեր 22,2014 13:28

«Ես այս պահի դրությամբ չեմ տիրապետում այդպիսի տեղեկությունների, որ ԵՄ-ն Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը փոխել է»,-Aravot.am-ի դիտարկմանը՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Ղարաբաղի մասին զեկույցի նախապատրաստման որոշումի ընդունումը հաճախ մեկնաբանվում է՝ որպես Եվրոպայի՝ ՀՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն, կամ երկակի ստանդարտների կիրառում, այսպես արձագանքեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Նա ասաց՝ «Գիտեմ, թե ինչ եք Դուք ակնարկում, բայց ուզում եմ ասել, որ Ձեր ասածը վերաբերում է խորհրդարանական մակարդակով կայացված որոշմանը: Այս առումով կարծում եմ, որ դեսպանը, որն արդեն պաշտոն է ներկայացնում գործադիր իշխանությունում, չի կարող մեկնաբանել կամ արտահայտվել այնպիսի որոշման նկատմամբ, որը կայացվել է օրենսդիրի կողմից»:

Այնուհետև դեսպանը շեշտեց. «Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, ապա այն գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասության տակ, և այդ իրողությունից ելնելով էլ պայմանավորված է մի քանի օրից Փարիզում կայանալիք գագաթաժողովը»:

Գագաթաժողովից սպասելիքների և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ Փարիզում կայանալիք հանդիպման մասին պարոն դեսպանն ասաց. «Բաքու պաշտոնական այցի, իսկ ՀՀ-ում պետական այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը առաջարկեց երկու նախագահներին հանդիպել Փարիզում: Նպատակը նոր լիցք հաղորդելն է ԼՂ կարգավորման գործընթացին: Ֆրանսիայի նախագահի առաջարկը ընդունվեց երկու նախագահների հանդիպման մասին: Առանց դիվանագիտական մանրամասներ հանրահռչակելու նշեմ, որ նպատակն է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին, որն ուղղված է հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կարևոր է, որ երկու կողմերը հաջողեն ստեղծել վստահության այն մթնոլորտը, որով պայմանավորված կլինի փոփոխությունների գրանցումը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Փարիզյան գագաթաժողովը կհաստատի, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլընտրանքային լուծման ճանապարհ չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031