Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի վարչության պետը բողոքեց ռեկտորից եւ աշխատակազմի ղեկավարից (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 22,2014 13:20

Այսօր «Նոյյան Տապան» գործակալության մամուլի սրահում կայացած ասուլիսում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը, որ եկել էր իր օգնական Վահե Կիրակոսյանի հետ, հայտարարեց, թե Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) լարված մթնոլորտ է, իր ձեւակերպմամբ աշխատասենյակների չարտոնված խուզարկումներ են լինում:

«Այսօր Պոլիտեխնիկում սուր խնդիր է այն, որ ռեկտորի հանձնարարականով աշխատակազմի նոր ղեկավարը՝ Սամսոն Զատիկյանը, որը նախկինում քսան տարի աշխատել է ոստիկանական համակարգում եւ գնդապետ է, ոստիկանական մեթոդներով սկսել է ճնշումներ գործադրել տարբեր մարդկանց վրա, այդ հարցով դիմել ենք նաեւ դատախազություն…Աշխատակազմի ղեկավարը ՏՏ ոլորտի հետ կապ չունի, բայց փորձում է այդ վարչությունում վերակազմակերպել գործողությունները: Այդ մարդուն թվում է, թե եկել է գումարտակ կառավարելու»,-ասում է Խոյեցյանը:

«Ես իմ եւ իմ աշխատակիցների ռեալ անվտանգության խնդիր եմ տեսնում, եթե մարդը գիշերը մտնում է քո աշխատասենյակ, դա ոչ միայն էթիկապես ճիշտ չէ, այլեւ իրավական հետեւանք կարող է ունենալ: Ասենք, նա իմ համակարգչից ինչ-որ բան իրականացնի, պատկերացնում ե՞ք»:

Խոյեցյանը նշեց, որ երբ դժգոհել է, մեկ էլ զեկուցագիր է պտտվել, ըստ որի ռեկտորն է հանձնարարել, նպատակն էլ եղել է ՝ ստուգել՝ լույսերը միացրա՞ծ են մնացել, մոնիտորը անջատվա՞ծ է»: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետն ասում է, որ իր համար անհասկանալի պատճառներով ռեկտորի վերաբերմունքը վերջին շրջանում իր վարչության նկատմամբ սարսափելի սրվել է, նկատողություններ են տրվում իրեն եւ օգնականին:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ իրեն կասկածում են վերջին սկանդալի հետ կապ ունենալու մեջ, Վլադիմիր Խոյեցյանը պատասխանեց, որ բոլոր հարցերով ինքն է եղել ռեկտորի ներկայացուցիչը, դիմումները ինքն է գրել «6-րդ վարչություն»: «Ես ռեկտորի IT անվտանգությունն ապահովող մարդն եմ եւ շահագրգիռ եմ, որ ինձ ամենաքիչը կասկածեն»,-ասաց նա: Հավելեց, որ դիմել է նաեւ ԿԳ նախարարին:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031