Հոկտեմբերի 21-ին Բուդաղյանների գործով հերթական դատական նիստն էր Գորիսում: Տեսաձայնային ժապավենի դիտումը և լսումն ավարտելուց հետո հարցաքննվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ տուժող Լորետա Բարսեղյանը:
Նա ասաց, որ ինքը որպես կին, որպես մայր ջանքեր է գործադրել ողբերգությունը կանխելու համար, սակայն չի կարողացել, որի արդյունքում արձանագրվեց 1 մահ և 2 վիրավոր: Տիկին Բարսեղյանը կոչով դիմեց 2 կողմերին` լինել խաղաղ, լարվածություն չստեղծել, որովհետև բոլորն էլ ապրում են Գորիսում:
Տիկին Բարսեղյանն այնուհետև ներկայացրեց 2013 թ հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցածը, ինչ ինքը տեսել է:
Լորետա Բարսեղյանին լսելուց հետո Բուդաղյանների շահերի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը հարցեր ուղղեց նրան: Նա մասնավորապես հարցրեց` քանի տեսախցիկ կա իրենց տանը և դրանք որտեղ են տեղադրված, Լորետան գիտի՞ արդյոք, որ տեսախցիկներից մեկը ուներ ձայնագրելու հնարավորություն, ձեր ամուսնու ննջասենյակի պատուհանները որ կողմն են նայում և այլն:
Կարդացեք նաև
Լորետա Բարսեղյանը պատասխանելով հարցերին՝ ասում էր, որ դրանք մեղադրանքի ծավալի մեջ չեն մտնում, իսկ ինչ վերաբերվում է ձայնագրող սարքերին, ապա տեսախցիկները տեղադրվել են մայիսի 28-ին և ինքը չգիտի որն ինչ ֆունկցիա ունի և այլն:
Դատական նիստը թույլատրվել է միայն ձայնագրել: Լորետա Բարսեղյանի ցուցմունքը եւ հետագա հարցուպատասխանն ամբողջությամբ՝ ձայնագրության մեջ:
Բուդաղյանների գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Գորիս