Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկրված միսը կթանկանա. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 22,2014 11:25

Հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը դառնում է Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ։

Այդ անդամակցության ամենաէական ազդեցությունը լինելու է այն, որ ոչ ԵՏՄ անդամ երկրներից ներկրվող ապրանքների վրա կիրառվելու են զգալիորեն ավելի բարձր մաքսատուրքեր, որոնց պատճառով դրանք թանկանալու են։ Թեեւ մինչ օրս իշխանությունները մեզ համոզում են, թե լայն սպառման մի քանի հարյուր ապրանքատեսակների գծով Հայաստանը մի քանի տարվա արտոնություններ է ստանալու։

Պետք է արձանագրենք, որ դա այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Ավելին՝ այդ պնդումը կարելի է որակել հեքիաթ, իսկ ավելի անկեղծ լինելու դեպքում՝ պետք է պնդենք, որ դա լկտի սուտ է։ Ոչ ԵՏՄ անդամ երկրներից ներկրվող ապրանքների մեծամասնությունը թանկանալու է, քանի որ դրանց վրա հենց 2015 թվականի հունվարի 1-ից սկսած կիրառվելու են ԵՏՄ-ի բարձր մաքսատուրքերը։ Դրանում համոզվելու համար ընդամենը պետք է ավելի ուշադիր ուսումնասիրել ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը՝ իր մի քանի հարյուր էջանոց հավելվածներով։ Դրանցից մեկը հենց այն ցանկն է, որում ներառված ապրանքների մաքսատուրքերի գծով Հայաստանը ստանում է մի տարվա արտոնություն։ Այս ցանկը ամբողջ փաթեթի ամենակարեւոր փաստաթուղթն է։

Եւ ուրեմն, ո՞ր ապրանքներն են թանկանալու, ե՞րբ եւ որքան։ Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչպես է կազմված ցանկը, ներկայացնենք մի քանի մանրամասներ։ Աշխարհի բոլոր ապրանքները ունեն իրենց ծածկագրերը։ Յուրաքանչյուր ապրանքի տարբեր տեսակները ունեն իրենց ենթածածկագրերը։ Օրինակ՝ կենդանի կովի ծածկագիրը հետեւյալն է 0102 21 300 0: Մորթած կովի թարմ մսի ծածկագիրը այլ է՝ 0201 10 000: Նույն կովի արդեն սառեցված մսի ծածկագիրը բոլորովին այլ է՝ 0202 10 000 1: Միայն կովին վերաբերվող ծածկագրերի շարքը կարելի է երկար շարունակել, քանի որ այդ կենդանու վերջույթները այլ ծածկագրով են, ներքին օրգանները՝ այլ, տարբեր կերպ մշակված մսի տեսակները ունեն տարբեր ծածկագրեր։ Բոլոր ապրանքների ծածկագրերը անցնում են 18 հազարից։ Ու եթե ուսումնասիրենք մեր կառավարության ներկայացրած արտոնյալ ապրանքների ցանկը, պարզ կդառնա, թե ինչ է մեզ սպասվում։ Ու քանի որ բերեցինք խոշոր եղջերավոր անասունի օրինակը՝ հենց դրանից էլ սկսենք։

Ըստ պաշտոնական վիճակագրության, ամեն տարի ոչ ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ է ներկրվում մոտ 20 միլիոն դոլարի տավարի սառեցված միս։ Ներկայումս այդ մսի վրա դրված է 10 տոկոս մաքսատուրք, իսկ այդ ապրանքի ծածկագիրը հետեւյալն է՝ 0202 30 900 4: Հիմա նայում ենք ԵՏՄ անդամակցության պայմանագրի համապատասխան հավելված-ցանկը եւ տեսնում ենք, որ արտոնյալ մաքսատուրքերի ցանկում այդ ծածկագրով ապրանքը բացակայում է։ Այսինքն՝ հունվարի մեկից այդ ապրանքի վրա կիրառվելու է ԵՏՄ-ի սահմանած միասնական մաքսատուրքը՝ 15 տոկոս։ Պարզ թվաբանությունը հուշում է, որ սառեցված ոչ տեղական տավարի մսի վաճառքի գինը կբարձրանա ուղիղ 5 տոկոսով՝ եթե հիմա 2000 դրամ է, կդառնա 2100 դրամ։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031