Նոյեմբերի 10-15-ը Կորեայում կայանալու են ԱԻԲԱ-ի ընտրությունները, որտեղ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվել է Չինգ-Կու Վուն, որը վերջին տարիներին ղեկավարելով մարզական այդ կառույցը, բավականին նորամուծություններ է մտցրել՝ փորձելով փրկել սիրողական բռնցքամարտի հեղինակությունը, դիտարժանությունը:
Առաջիկա ընտրություններում ԱԻԲԱ-ի գործկոմի անդամների թեկնածուների մեջ առաջին անգամ առաջադրված է նաեւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, որը մարզաձեւում երկար ճանապարհ ունի անցած: Ինչպե՞ս կայացվեց այդքան լուրջ ու կարեւոր որոշումը, Արթուր Գեւորգյանն Aravot.am-ին ասաց. «Առաջարկը պարոն Վուից է եղել: Առաջին ծանոթության ժամանակ մեր մեջ շատ հետաքրքիր զրույց ծավալվեց, ընդհուպ, մինչեւ տեսակետների բախում: Նրան դուր եկավ, որ կա մեկը, որն իրեն հակառակվում է: Ու պարոն Վուն, հարցնելով, թե ինչի՞ ես ԱԻԲԱ-ի գործկոմում չեմ, առաջարկեց, որպեսզի գալիք ընտրություններում ես էլ լինեմ թեկնածուների մեջ»:
Հարցին, թե ընտրվելու շանսեր կա՞ն, Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Շատ բարդ ընտրություններ են լինում: 260 երկիր պետք է քվեարկի: Մրցակցությունը մեծ է լինելու: Թեկնածուներն ինքնակենսագրություն են ներկայացրել: Ինքս ուսումնասիրել եմ իմ ապագա մրցակիցների կենսագրությունը, որպեսզի կողմնորոշվեմ, թե իմ ձայնն ո՞ւմ եմ տալու: Ի տարբերություն շատերի, ես սպորտից եմ, հենց բռնցքամարտից: Ընդորում՝ թե սիրողական, թե պրոֆեսիոնալ: Երկու օլիմպիական խաղեր, աշխարհի ու մայրցամաքային առաջնություններ անցած մարզիկ եմ, աշխատել եմ կառավարման ոլորտում եւ այսօր էլ քաղաքականության մեջ եմ: Այսինքն, ներկայանում եմ բավականին ակտիվ դաշտից: Կարծում եմ՝ սրանք պետք է որ նրանց հետաքրքրեն»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջի