Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն թույլ չի տա ՀՀԿ-ի վերարտադրությունը

Հոկտեմբեր 22,2014 17:30

Անգամ այն պարագայում, եթե ՀՀԿ-ականները սկսեն լավ բաներ անել

«Ես չեմ ցանկանում հիմա մեկնաբանությունների մեջ մտնել, որովհետեւ մոտեցումս սկզբունքային է: Բոլոր փորձերը` բովանդակային քննարկումների մեջ ներքաշելու, նպատակ ունեն մեր հիմնական ասելիքից շեղելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` արձագանքելով դիտարկմանը, որ թեպետ ԲՀԿ-ն հայտարարել է, թե սահմանադրական բարեփոխումների մասով բովանդակային քննարկումների մեջ չի մտնելու, սակայն արդեն մի քանի օր է՝ հրապարակվել է հայեցակարգը, իբրեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ թեկուզ «սպորտային հետաքրքրությունից» ելնելով՝ կարդացե՞լ եք այն: «Կարող է` բովանդակությունը լինի դրական: Անշուշտ, այնտեղ կան ոչ մի կերպ չընդունվող կետեր, բայց կան նաեւ դրական կետեր, որոնք հիմնականում դեկլարատիվ բնույթի են: Ասենք, համամասնական ընտրակարգն ունի բազմաթիվ ենթակետեր, որոնք իրականում անընդունելի են եւ այնքան էլ համամասնականի չեն բերում: Օրինակ՝ իշխանության թեւերի բալանսավորումն իրականում ունի անընդունելի ենթակետեր եւ այլն, բայց հարցն այն է, որ ես չեմ ցանկանում այդ ամենի մեջ մտնել: Այո, կան դրական կողմեր, բայց կան նաեւ բացասական կողմեր, բայց այս քննարկումն արհեստականորեն ստեղծվում եւ մեզ է հրամցվում նրա համար, որպեսզի հետո հարց տրվի` բա որ այդքան լավ բաներ կան, ինչի՞ կողմ չեք»,- շարունակեց Տիգրան Ուրիխանյանը` հավելելով, որ այդ լավ բաները պետք էր անել տարիներ առաջ, երբ վերջնահաշվարկը դեպի նախագահի լիազորությունների ավարտ չէր սկսվել, այլ երբ իրենք իրենց պաշտոնավարման ընթացքում կզգային իրենց իսկ առաջ քաշած նախագծի «իբր դրական» հատկանիշները:

Երեկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով ոչ իշխանական ուժերի բովանդակային քննարկումներից դուրս քննադատությանը, ասել էր. «Այն, որ ընդհանրապես ցանկացած լուրջ քննարկման ժամանակ երբ լսում եք ընդամենը գնահատական, բայց ոչ բովանդակային քննադատություն, դա խոսում է հենց այդ գնահատականի արժեքի մասին»: Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեցինք` իրավացի չէ՞ իշխանության ներկայացուցիչը, քանզի այսպիսի քննադատությունը մի տեսակ ինքնանպատակ եւ մերկապարանոց է դառնում: Տիգրան Ուրիխանյանը հարկ համարեց մեկ անգամ եւս հստակեցնել. «Մենք չենք տալիս գնահատական, որովհետեւ խոսքը գնում է վերարտադրվելու մասին: Չենք ուզում վերարտադրություն, չենք ուզում վերարտադրության համար ոչ լավ, ոչ էլ վատ նախապայման: Ոչ մի նախապայման չենք ուզում: Ես դրա վրա բեւեռում եմ բոլորի ուշադրությունը: Նույնիսկ եթե պիտի լավ բան արվի, որ այս իշխանությունը վերարտադրվի… մարդկանց պետք չէ այս իշխանության վերարտադրումը»:

ԲՀԿ-ական պատգամավորին խնդրեցինք հստակ մատնանշել մի քանի դրույթներ, որոնք ապահովելու են իշխանության վերարտադրությունը, քանզի շատ փորձագետներ իրենց վերլուծություններում հստակ օրինակներ են բերում, որոնք ապահովելու են իշխանական լծակների ու լիազորությունների նվազեցում` ի հաշիվ ընդդիմությանը վերապահված իրավունքների՝ մի բան, որի մասին ընդդիմադիրներն արդեն տարիներ շարունակ խոսում են: «Դուք նորից ինձ ստիպում եք, որ ես նույնը կրկնեմ` նվազում են, թե չեն նվազում, լավ է, թե վատ է. ինչեւիցե, որեւէ դեպքում իշխանության վերարտադրման համար որեւէ հնարավորություն չպիտի ստեղծվի: Թուլացնում են նախագահի ինստիտուտը. ճիշտ ի հեճուկս իրենց իսկ դիրքորոշման, երբ մենք դրա մասին խոսում էինք տարիներ առաջ, մեզ պատասխանում էին` այս կիսապատերազմական պայմաններում նախագահի լիազորությունների թուլացումը կարող է սպառնալիք հանդիսանալ երկրի համար: Ուրեմն դրանում կարող է շահագրգիռ լինել միայն այն ուժը, որն այլեւս հնարավորություն չունի տիրապետելու նախագահի պաշտոնին: Սա պարզ չի՞, ամեն ինչ պիտի ուղի՞ղ ասվի: Ասում եմ: Ի՞նչ է, այդ սպառնալիքներն այլեւս չկա՞ն, թե՞ իրենց համար ձեռնտու տարբերակի դեպքում կարելի է երկրի համար սպառնալիքներ առաջացնել»:

Վերջերս «Առավոտին» տված մի հարցազրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասել էր, որ եթե իշխանությունը հրաժարվի կառավարման համակարգի փոփոխությունից, ԲՀԿ-ն միգուցե վերանայի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր մոտեցումը: Քանի որ հայեցակարգը դեռ քննարկումների փուլ պիտի անցնի, եւ փոփոխությունները բացառված չեն, հետաքրքրվեցինք` այդ մոտեցումը դեռ ուժի մե՞ջ է: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ԲՀԿ-ում յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի: Ստեփան Մարգարյանն էլ ԲՀԿ-ի առանցքային դեմքերից է, ու նրա կարծիքը դիտարկման ենթակա է. «Բայց վերանայի եւ թույլ տա, որ իշխանությունը վերարտադրվի՞: Իհարկե` ոչ: Եթե դա բացառվում է, ապա, միգուցե հնարավոր է»: Հիշեցմանը, որ հայեցակարգի նախագիծը ներկայացնելիս Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, մեր զրուցակիցը հակադարձեց. «Իսկ ո՞վ ասաց, որ նախագահի պաշտոնում առաջադրվելն է վերարտադրվելու հնարավորությունը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031