Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշարված» մտածողության հետեւանքները

Հոկտեմբեր 22,2014 12:00

Իրական եւ հնարովի թշնամիներից պաշտպանվելն ավելի հեշտ է,
քան ինչ-որ բան ստեղծելը

Մի քանի ամիս առաջ ընկերներս ինձ ծանոթացրել էին սփյուռքահայ մի մտավորականի հետ՝ հրաշալի, բարի մարդու, որը բացի իր հիմնական գործից՝ նաեւ զբաղվում է հասարակական գործունեությամբ, հոդվածներ է գրում: Բայց ծանոթացնելուց առաջ ինձ զգուշացրել են՝ այդ մարդն ապրում է 19-րդ դարի «պաշարված» մտածողությամբ: Պարզ է, թե ինչու է մեր ազգի մեջ այդ մտածողությունը գերակայում: Պատմականորեն է այդպես դասավորվել: Բազմաթիվ երկրներում մենք գոյատեւել եւ գոյատեւում ենք որպես համայնք, որպես այլազգիներով շրջապատված փոքրամասնություն:

Հայաստանի անկախ եւ ոչ անկախ պետությունում մենք՝ հայերս, ճնշող մեծամասնություն ենք կազմում, սակայն եթե վերցնենք տարածաշրջանը, ապա դարձյալ դառնում ենք «պաշարված ամրոց»: Եթե դու ապրում ես այդպիսի ամրոցում, ապա քո հիմնական զբաղմունքը թշնամիներից պաշտպանվելն է, ոչ թե զարգանալն ու բարիքներ ստեղծելը: Մտահորիզոնդ սահմանափակվում է պաշտպանական խնդիրներով՝ այդ բառի լայն իմաստով, ինչն, ի վերջո, վատ է անդրադառնում նեղ իմաստով պաշտպանության, պետության անվտանգության վրա:

Մեր պաշարված մտածողությունն ունի նաեւ արտաքին աղբյուր՝ դա մեր ռազմավարական բարեկամ Ռուսաստանն է: Վերջինս չնայած հսկայական եւ բնական ռեսուրսներով չափազանց հարուստ երկիր է, բայց այնտեղ, ըստ ավանդույթի, քաղաքական մտքի գլխավոր դրույթն այն է, որ Ռուսաստանը շրջապատված է թշնամիներով, որոնց ուշքն ու միտքը երկիրը կործանելն է, իսկ երկրի ներսում կա հզոր «հինգերորդ շարասյուն», ազգային դավաճաններ, որոնք կատարում են արտաքին թշնամու պատվերը:

20-րդ դարում մենք ականատեսն էինք, թե ինչպես էր Խորհրդային Միությունը պաշտպանվում «ամերիկյան իմպերիալիզմից», «ճապոնական միլիտարիզմից», «Բոննի ռեւանշիզմից», «Տիտոյի ռեւիզիոնիզմից», սիոնիզմից եւ մաոիզմից: Այդ բոլոր բազմապիսի եւ բազմատեսակ թշնամիներին, ըստ պաշտոնական վարկածի, երկրի ներսում աջակցում էին «մի խումբ թափթփուկներ», որոնք իրենց արեւմտյան տերերի հրահանգով խանգարում էին կոմունիզմի կառուցմանը:

Պուտինյան Ռուսաստանն այս առումով շատ առաջ չի գնացել՝ բավարար է լսել գլխավոր քարոզիչ Դմիտրի Կիսելյովին: Էլի բոլոր կողմերից ցանկանում են երկիրը հոշոտել, բայց երկրի ղեկավարը հերոսաբար պաշտպանվում է այդ հարձակումներից: Համացանցում հանդիպել եմ համապատասխան պաստառների՝ Ռուսաստանը մի քանի կողմից շրջապատված է երախները բաց, մեծ ատամներով բորենիներով, իսկ Պուտինը թուրը ձեռքին աջուձախ զարկում է գիշատիչներին: Ի՞նչն է ավելի հեշտ ղեկավարել՝ պաշարված ամրո՞ցը, թե՞ աշխարհի քաղաքակրթության մի մասը, որը ստիպված է այդ աշխարհի հետ մրցակցության մեջ մտնել: Ինչի՞ վրա է պետք ամենաշատը փող ծախսել, երբ դու պաշարված ամրոց ես: Զենքի: Իսկ ո՞ր ծախսերն են ամենաանթափանցը եւ կոռուպցիոն ռիսկեր պարունակողը: Դա՝ իմիջիայլոց:

«Պաշարված» մտածելակերպի երկու աղբյուր ունենալով՝ մենք՝ ժամանակակից հայաստանցիներս, բնականաբար, նույնպես ապրում ենք այդ գաղափարներով, ձգտում ենք նաեւ ներքին կյանքում էլ որքան հնարավոր է շատ թշնամիներ «կուտակել», որպեսզի հետո հնարավոր լինի «հերոսաբար» պայքարել նրանց դեմ: Այս դեպքում նույնպես «պաշարված ամրոցում» ապրելը ինչ-որ տեղ ավելի հեշտ է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Կարծում եմ գույները խիստ մգացնում եք, հարգելի Արամ: Այդպիսի մոտեցումը Ձեզ նույնպես ի վերջո պաշարելու է Ձեր նկարագրած ՛՛ամրոցի՛՛ դեմ ՛՛հերոսաբար՛՛ պայքարող մեկ այլ ամրոցում: Եվ ինչն է տարբերությունը… ամրոցի դրոշը? վիճելի հարց է…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031