Շեքսպիրն ասում էր՝ «կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասան»: Բայց դե թատրոնը միայն բեմն ու դերասանները չեն: Եթե Ստանիսլավսկու հանդերձարանն ու տեխնիկական աշխատակազմը մի կողմ թողնենք, լավ ներկայացման համար առնվազն բարձրարժեք սցենար է պետք ու բարձրակարգ ռեժիսոր: Իր հազարամյա պատմության ընթացքում հայերս ամեն դեր խաղացել ենք, այնպես որ՝ դերասանական առումով ոչ մի խնդիր չկա: Այ, սցենարիստների ու ռեժիսորների խնդիրը բարդ է:
Իշխանությունները ժողովրդավարական սցենար են գրում՝ երկարաժամկետ հայեցակարգեր ու ծրագրեր են մշակում, տարբեր միջազգային կառույցների միանալով` պարտավորություններ ստանձնում, հետո դրանք ամբողջությամբ չկատարած՝ հին դաշնակիցների ստեղծած նոր կառույցներին միանում: Հինգ տարին մեկ անգամ էլ տարբեր ընտրություններ են կազմակերպում, մեկ՝ նախագահական, մեկ՝ խորհրդարանական, այդ ընթացքում նաեւ՝ տեղական ինքնակառավարման: Եվ գործող անձինք ամեն անգամ տարբեր հնարքներով՝ բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի խոստումներով, երբեմն կաշառք բաժանելով, համոզում են հանդիսատեսին, որ այս անգամ էլ հենց իրենք պետք է կատարեն գլխավոր հերոսների դերը, որպեսզի կարողանան իրենց իսկ մշակած սցենարով լավ ներկայացում բեմադրել:
Ու երբ ռեժիսորները մի օր հասկանում են, որ ձախողել են, ինչպես թատրոնում է ընդունված՝ մեղքը սցենարի վրա են բարդում: Թե՝ այնքան էլ ժողովրդավարական սցենար չէր, թե՝ մի դերասանի թատրոն էր, պետք է սցենարը փոխել, մենակենտրոն համակարգից անցում կատարել մարդակենտրոն համակարգի, որ հանդիսատեսը գոհ լինի:
Բայց հանդիսատեսն էլ, համենայնդեպս՝ զգալի մասը, չի հավատում ու ոչ էլ ուզում է ժողովրդավարություն խաղալ: Կուզեր, իհարկե, որ գլխավոր հերոսի դերն իրեն վերապահվեր, բայց քանի որ չի պատկերացնում ներկայացման մեջ իր կերպարի անելիքը, հարմարվում է խաղի կանոններին: Երբեմն–երբեմն ծափահարում է, երբեմն՝ ծիծաղում, երբեմն՝ կլանված նայում, ավելի հաճախ՝ լուռ ձանձրանում. միայն ներկայացման ավարտից հետո, թատրոնի շենքից դուրս գալով, ազդարարում է՝ հիմար ներկայացում էր:
Ժամանակ առ ժամանակ ընդդիմությունն է խոստանում ու վստահեցնում՝ այ, եթե մենք գրենք սցենարը ու մենք բեմադրենք, դուք կլինեք գլխավոր հերոսը: Իշխանությունն էլ՝ վախենալով, որ ժողովուրդը կարող է հավատալ, ավելի մեծ խոստումներ է տալիս, կատարման ժամկետ դնում ու կատարման փորձեր անում:
Այնինչ դժվար չէ իսկապես ժողովրդական բեմադրություն անելը, քանի որ մեր սցենարիստ-ռեժիսորներն ու հանդիսատեսը նույն մենթալիտետն ունեն, նույն կուռքերին են երկրպագում ու նույն սկզբունքներին դավանում: Հանդիսատեսը ոչ անկախական սցենար է ուզում, ոչ էլ ժողովրդավարական: Պարզապես ուզում է, որպեսզի բեմադրիչներն ավելի պարզ լինեն, ու խաղի կանոնները՝ ավելի որոշակի:
Կարդացեք նաև
Պատկերացրեք այսպիսի սցենար՝ պարզ հայտարարում են, որ թափուր է այսինչ մարզպետի պաշտոնը՝ «ցանկացողները պետք է համապատասխան գնառաջարկ ներկայացնեն»: Կարելի է նույնիսկ բաց, հրապարակային աճուրդ բեմադրել՝ պաշտոնի նախնական գինը՝ այսքան, ո՞վ ավելի:
Եվ ինչո՞ւ ընտրություններն էլ աճուրդով չբեմադրել, նախագահինը՝ տեղական մրցույթ (պետք է Հայաստանի քաղաքացի լինի), իսկ Ազգային ժողովինը՝ միջազգային: Այո, ինչո՞ւ չէ, թող մեր սփյուռքահայ բարեկամներն էլ մասնակցեն: Կամ, ասենք, խոշոր շինարարական մրցույթների, պետական գնումների ժամանակ, ինչո՞ւ մրցութային փաստաթղթերում, առաջադրանքի պայմաններում միանգամից միջնորդավճարն (ՏՑՍՈՑ) էլ չընդգրկել: Պարզ, թափանցիկ, հասկանալի եւ ընդունելի: Գումարի մի մասն էլ թատրոնի բյուջե կմտնի՝ հարկերի տեսքով:
Ու կարիք չկա ընտրությունից ընտրություն անիմաստ ու անիրագործելի խոստումներ շռայլել, հետո էլ դրանց ձեռքը կրակն ընկնել: Պետք է սցենարում պարզ գրել՝ «ուզում ենք իշխանության գալ, որ բոլոր յուղոտ պաշտոնները բաժանենք մեր բարեկամներին, որ խոշոր բիզնեսները մոնոպոլիզացնենք, մանր ու միջինը մեր համախոհներին տանք»:
Հանդիսատեսը միանգամից կհասկանա, որ ազնիվ արվեստագետների հետ գործ ունի, որ հաստատ կկատարեն իրենց բոլոր նախընտրական խոստումները, եւ առանց 5-10 հազարի էլ բուռն ծափահարությունների կարժանացնի:
Այո, կյանքը բեմ է, մարդիկ՝ դերասան: Բոլորս մեր դերն ենք խաղում, բայց հաճախ այնքան կեղծ ու ապաշնորհ, որ նույն Ստանիսլավսկու ոճով ուզում ես գոչել՝ «չեմ հավատում»: Չեմ հավատում ոչ սցենարիստին, ոչ բեմադրիչին ու ոչ էլ հանդիսատեսին:
ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.10.2014