Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը զոհվածների ընտանիքներին նույն շաբլոն պատասխաններն է ուղարկում

Հոկտեմբեր 22,2014 16:00

Նրանցից շատերի բնակարան ստանալու հերթը այդպես էլ չի հասնում

Ինչպես հայտնի է՝ հայոց բանակի խնդիրներով մտահոգ մեկ տասնյակից ավելի փորձագետներ, իրավաբաններ, լրագրողներ, նաեւ ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մշակել են բանակային բարեփոխումների մասին առաջարկությունների փաթեթ: Այն օրերս քննարկվում էր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Եվ մինչ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը հերթով ներկայացնում էր առաջարկվող փոփոխությունները, քննարկմանը մասնակցող՝ բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորներից մեկի մայրը՝ Անահիտ Առաքելյանը, նեղսրտեց, որ պաշտպանության նախարարությունը բնակարանների բարելավման հարցում անտեսում է գյումրեցի զոհված զինծառայողների ընտանիքներին: ՀՀ կառավարության 947 որոշման համաձայն՝ զոհվածներից շատերի ընտանիքները հաշվառված են ՀՀ ՊՆ բնակարանային բարելավումների ցուցակում: «Ես խնդրում եմ ուշադրություն դարձնել մի հարցի, որը մտատանջում է շատերիս:

Մեզանից շատերը բնակվում են խղճուկ բնակարանային պայմաններում, օրինակ՝ իմ ընտանիքը զբաղեցնում է ընդամենը 20 քառակուսի մետր բնակմակերես՝ հայրական տանը: Արդեն 17 տարի հերթագրված եմ նախարարության սոցվարչության հերթացուցակում, մինչեւ հիմա դեռ սպասում եմ ու զգում եմ, որ երեւի մի 17 տարի էլ պիտի սպասեմ՝ մինչեւ հերթս հասնի: Ամեն անգամ թմբկահարելուց մի լավ թմբկահարում են, թե արտոնություններ են տալիս զոհված զինծառայողների ընտանիքներին: Միշտ շաբլոն պատասխան է գալիս. երբ սխալվում, հետաքրքրվում եմ, թե ե՞րբ է ի վերջո հերթս հասնելու, պատասխանում են՝ 2003-2005 թվականներին հերթագրված անօթեւաններին բնակարաններով ապահովելուց հետո նոր միայն կանդրադառնանք բարելավումների հերթացուցակին: Բայց, եղբայր, քաղաքում մարդիկ ամեն տարի ստանում են եւ բնակարանային գումարներ, եւ բնակարաններ Մուշ թաղամասում»,- դժգոհեց Անահիտ Առաքելյանը: Տիկինն ասաց, որ ոչ մի արտոնություն հաշվի չեն առնում, մինչդեռ կան զոհված զինծառայողների ընտանիքներ, որոնք անօթեւան են, կան բարելավման կարիք ունեցողներ, ինչպես նաեւ տանը հաշմանդամ ունեցողներ: Ըստ Անահիտ Առաքելյանի՝ նրանց ընդհանրապես չի հետաքրքրում՝ փողոցո՞ւմ ես ապրում, նեղությա՞ն մեջ, թե՞ բարեկամների տանը: «Գյումրիում հերթականությունը բացարձակապես չի պահպանվում: Ես վաղուց հերթագրված եմ այդ ցուցակում, բայց եղել է, որ մարդիկ հերթագրվել են 2009, 2010 թվականներին, չես հասկանում՝ ի՞նչ տրամաբանությամբ է այս թվին հերթագրված ընտանիքներին տրվել բնակարաններ: Հերթականությունը Գյումրիում չի պահպանվում»,- շարունակեց Անահիտ Առաքելյանը:

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանն ու այս քննարկմանը մասնակից պաշտոնյաները՝ Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, ինչպես նաեւ Գյումրու զինկոմիսար Խաչատրյանը հիշեցրին, թե այդ հերթականությունը Գյումրիում չի որոշվում, այլ պաշտպանության նախարարությունում: «Ես նկատի ունեմ, որ գյումրեցիների նկատմամբ խտրական վերաբերմունք են ցուցաբերում, գյումրեցիներին անտեսում են: Ես գիտեմ՝ ոնց են որոշում, նախարարությունը մարզպետարանի հետ միաժամանակ է որոշում, բայց ամեն անգամ գրելուց շաբլոն պատասխան եմ ստանում՝ ձեր հերթը կհասնի, բարելավում կստանաք: Իսկ նախարար Սեյրան Օհանյանին գրելուց երբեւէ պատասխան չենք ստանում, նախարարությունն ամրագրում է սոցվարչություն, էնտեղից էլ պատասխանը գալիս է, իբր հանգստացնում են մեզ ու վերջ: Այ, էսպիսի հարցերը պիտի ներառվեն բարեփոխումների մեջ, որ մարդիկ մի քիչ սթափ լինեն»,- ասաց սպանված զինվորի մայրը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Ազատամարտի վետերանների միության կանանց խորհրդի անդամները, որի կազմում են զոհված ազատամարտիկների ու զինվորների հարազատները, այդ թվում նաեւ՝ Անահիտ Առաքելյանը, ուղիղ երկու տարի առաջ նույն թեմայով ասուլիս էին հրավիրել՝ դարձյալ նշելով, որ ՊՆ-ն իրենց տալիս է շաբլոն, «քոփի փաստ» արած պատասխան՝ «Սպասեք, ձեր հերթը կհասնի»: Հայրենիքի համար կյանք ներդրած ազատամարտիկների կանայք ու բանակում զոհված զինվորների մայրերն այդ ժամանակ հեգնում էին. «Ոչինչ, Սեյրան Օհանյանը ավելի կարեւոր ծախսերի մեջ է՝ ջիփերն է շատացնում»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031