Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե ամուսինը դավաճանել է՝ չի նշանակում, որ ձեզ չի սիրում»

Հոկտեմբեր 22,2014 15:30
amusnalucutyun

Տարբեր ազգեր պսակադրության, ամուսնության յուրօրինակ ավանդույթներ ունեն, իսկ ամուսնալուծությունները կարծես թե պիտի առանձնապես չտարբերվեն, բայց, օրինակ, հայերի ամուսնալուծություններն, ի տարբերություն այլ ազգերի, առանձնանում են:

«Առավոտի» հետ զրույցում «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը, պատասխանելով մեր հարցին՝ հայ ամուսինների ամուսնալուծության դեպքում կա՞ որեւէ առանձնահատկություն, ասաց. «Այո, շատ են տարբերվում»:

Պարոն Գասպարյանը, որն աշխատանքային փորձ ունի նաեւ արտերկրում, ասաց, որ Հայաստանում շատ-շատ դեպքերում ամուսնալուծվելուց հետո կարծես թե հայտարարված թշնամիներ են ձեւավորվում. «Շատ քիչ ամուսիններ կան, որ եթե նույնիսկ որոշել են ամուսնալուծվել, ապա պետք է որոշ սահմաններ պահպանեն՝ գոնե հանուն իրենց երեխաների կամ իրենց ապագա ընտանիքի: Միջանձնային թշնամություն է ծագում ընտանիքների մեջ, եւ մեկը մյուսին հակառակ բաներ է անում:

Ես հիշում եմ՝ աշխատում էի մի դեպքի հետ, որ երեխայի վարքի խանգարումը կապված էր այն բանի հետ, որ մայրն անվերջ փորձում էր բացասական դեր տալ հոր կերպարին, ասելով՝ այ, պապադ էս էր անում, նենց չլինի, որ դու էլ անես: Բայց հայրը լավ կողմեր էլ ուներ, երեխան դա նկատում էր, տեսել էր: Հետո կինն էլ խոստովանեց՝ հա, ունեցել է դրական կողմեր, բայց հետո ի՞նչ, եթե ինձ դավաճանել է, գնացել է, ուրիշ ընտանիք ունի, ուրեմն վերջ»:

Հոգեբանն ամուսնալուծվողներին խորհուրդ տվեց. «Եթե մեծերով որոշել եք, որ այլեւս չեք կարող համատեղ կյանքով ապրել, այնպես արեք, որ դա ոչ երեխաների եւ ոչ էլ ձեր սեփական հոգեկան անդորրը չխաթարի: Դուք կարող եք բաժանվել այնպես, ինչպես ասենք՝ ընկերաբար բաժանվել եք ձեր նախկին շրջապատի մարդկանցից, որոշել եք, որ այլեւս համատեղ չեք կարող ապրել: Հիշեք՝ որքան մենք ընկերներ ենք ունեցել, որոնցից բաժանվել ենք. կյանքը մեզ տարել է ուրիշ տեղ, ուրիշ աշխատանքային վայր, որոշ խնդիրների պատճառով մենք նրանցից հրաժարվում ենք, բայց դա չի նշանակում, որ մենք դարձել ենք հավերժական թշնամիներ»:

Ինչ վերաբերում է ամուսիններից տղամարդու դավաճանությանը, որը հաճախ կանայք ամուսնալուծության պատճառ են դարձնում, հոգեբանն ասաց. «Դավաճանության մի շարք գործոններ կան՝ երեւացող եւ չերեւացող, պետք չէ դավաճանելու համար միայն տղամարդուն մեղադրել: Եթե ձեր ամուսինը ձեզ դավաճանել է, դա չի նշանակում, որ նա ձեզ չի սիրում, երբեմն կնոջ համար դա նարցիսական հարված է, եւ նրան թվում է՝ սերը փոխարինվեց, անկողինը պղծվեց եւ այլն: Բայց դավաճանությունը կարող է այլ դրդապատճառներից լինել»:

Ն. Բ.

«Առավոտ» օրաթերթ
21.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031