Անձնագիր ցույց կտաս՝ լավաշդ կստանաս
Արդեն քանի օր է՝ նոր կառուցվող, բազմահարկ «Մալաթիա մոլ» առեւտրի կենտրոնի տաղավարներից մեկի մոտ մարդկանց կուտակումներ են: Պարզվում է՝ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որոշել է անվճար կերակրել Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին: Պատգամավորի հովանավորությամբ ամեն օր նոր տեխնոլոգիաներով լավաշ է թխվում եւ բաժանվում բնակիչներին: Այս տեսարանը մութ ու ցուրտ տարիների «տալոնով» հացի հերթերն է հիշեցնում:
«Արդեն 10 օր է՝ ամեն առավոտ հացի փռից 3 հատ իմ հասանելիք լավաշն եմ վերցնում: Պարոն Ալեքսանյանը մեզ լավ է նայում, ինչ հարցով դիմում ենք՝ օգնում է»,- մեզ հետ զրույցում ասաց թոշակառու Ալինա տատը: Նա իր շատ հասակակիցների պես ամեն օր շտապում է մոլ, հերթ է կանգնում, որ անվճար հաց տանի տուն:
Բարեգործության լուրը լսելուն պես՝ այլ վարչական շրջանների բնակիչները եւս շտապել են օգտվել անվճար հացից, սակայն երբ հերթերն ու լավաշի պահանջարկը մեծացել է, ակցիայի կազմակերպիչները հայտնաբերել են եւ սահմանափակումներ դրել՝ համայնքի բնակիչներին հորդորելով լավաշ ստանալու ներկայանալ անձնագրերով:
Մշտական հաճախորդներից փորձեցինք ճշտել նաեւ, թե եղե՞լ են դեպքեր, որ անձնագիրը մոռանալու դեպքում իրենց բաժինը չտան: Ակցիայի ամենաակտիվ մասնակիցներից մեկը պատասխանեց. «Չէ՜, մեզ արդեն դեմքով ճանաչում են»:
Կարդացեք նաև
Նշենք, որ Սամվել Ալեքսանյանի նոր «Մալաթիա մոլ»-ը կառուցվում է Սեբաստիա փողոցի «Երեւան CITY» սուպերմարկետի հարեւանությամբ:
Հուշող ցուցատախտակից հասկանում ենք, որ շինարարությունը պետք է ավարտվի մինչեւ 2016թ. հոկտեմբեր, սակայն անավարտ շինությունում՝ փոշու ու կեղտի հարեւանությամբ, արդեն ակտիվորեն սկսել են վարձակալության հանձնել տարածքներ: Դա են վկայում նաեւ ապակի չունեցող հատվածների վրա տեղադրված հայտարարությունները:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.10.2014