Նառերի վրա ննջում են նրանք՝
Գարշահոտ խցի մարմնադարանում,
Իսկ իմ հավատի պերճանքները թանկ
Ազգիս բճերն են դրսում գողանում։
Անհնար է այս կծիկը քանդել՝
Ճիշտ ու սխալից գլուխ չեմ հանում,
Միայն տեսնում եմ, իմ «Թշվա՜ռ, անտե՜ր»,
Ամուլ եզներն են հիմա զորանում։
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ,
բանաստեղծ ոգու ու զրույցի
Ամուլ, ողորմելի ճորտեր։ Բութ կշտությունից բխկացող երեսներ։ Հանցապարտ, անթասիբ լրբեր։ Դուք, որ քերել եք ձեր հիշողության գրատախտակից Հայրենիք ու պատիվ, երախտիք ու պարտք, զինվոր ու սահման։ Դուք, որ մեր պետության Արյունոտ դրոշը դարձրել եք ողորմելի մի լաթ նեխած կրունկների։ Դուք, որ հերոսներին թնդանոթի միս եք կարծել, ու ազգը բորոտ մի կույտ, չարաչար սխալվում եք, թե հաղթել եք։ Ծեծված ու տրորված այդ կույտը մեջքը կշտկի, ու դուք ձեր նաշում էլ հանգիստ չեք գտնի, քանզի գերեզման չեք ունենա։
Որպես Քադաֆի մի նոր։
Ձեր որդիները բովանդակ աշխարհով վտարանդի կդառնան մեր ձեռքով, ոսկու գերության մեջ նրանց կյանքը դժոխքի կվերածվի, ու չեն ունենա դարձի շավիղ դեպի տուն։ Հանրապետական կոչված այդ այտուցը, ոգու էբոլա տարածող այդ քաղցկեղը, ահա քսան տարի մահվան սերմեր է ցանում ու չի հագենում մեր արյունից, ինչպես օսմանը 1915-ին։ Տոմսի ուժով մարդամեջ մտնելու այդ սեւ ժանտախտը բռնել է երկիրը ու աղետալի բեղունությամբ մտնում է ամեն տուն, ճագարաճ է տալիս ու բազմանում։ Նախագահ ու կառավարություն, դպրոց ու մանկապարտեզ, գյուղ ու քաղաք, դատախազ ու դատավոր, կուզիկ պոետներ ու սատանայի բաժին տերտերներ։ «Հայր մեր» ասող, ու աչքից թաքուն հրեշտակ սպանող ոստիկանապետ։ Շատ եք ու անհաշիվ։
Կարդացեք նաև
Բայց տասնչորսամյա մի ծերունի, ով սրբատեսիլ մի պատանյակ է ընդամենը, փոխեց մեր կյանքը, հանեց մեր աչքերի քողը, ցրեց խավարն ու հույսի մոլորումը մեր միջից։ Նա, ով իր աչքերով տեսավ կյանքի մեծ հարվածը. քսիով մոլեգնած ոստիկաններ, գետնին տապալված ծնող, բիրտ ու անխնա բռնություն։ Ի՞նչ պատճառով էին նրանք խմբով ծեծում հորը՝ Շանթին, ու Շահենը չպիտի նույնը աներ։ Ո՞վ է այսքան լկտիություն սերմանել տգետ ոստիկանի մեջ, ով ցուցմունք տվեց հորը պաշտպանող երեխայի դեմ, ու անիծեց իրեն ծնող արգանդը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյան, դու որդի կունենաս, կյանքը բումերանգ է։ Քո որդին վաղը ուրանալու է քեզ ու ամեն Աստծո օր թույն է խառնելու քո բաժին հացին։ Հարցնելու է. «Շահենն ու Շանթը առավել վտանգավո՞ր նկատվեցին, քան ավազակ Լիսկային մարզպետ նշանակող վարչապետն ու նախագա՞հը… քան «Առագաստում» դաշնակցական Պողոսին զուգարանում սպանած Կուկուն եւ Քոչարյանի մնացած շնե՞րը…»։ Թուք ու նախատինք քո կերած կաթին, դատավոր։ Մեր անտղամարդ երկրի բանտերում տեղ ու դադար չկա, ձու գողացողին ձի գողացողի չափ են դատում. սրանց հարկավոր պահի սահման քշելու համար փամփուշտի բաժին եք պահո՞ւմ։ Ո՞վ է որոշել, որ մի մարդաթափ, թշնամու բերան երկրում այսքան բանտարկյալ պահվի։ Ես համամիտ չեմ Պարույր Հայրիկյանի այն մտքին, թե այս դատավճռի կայացման հարցում «տրոյկա» չկա։ Գուցե պարզապես վախենո՞ւմ է ասել, որ կա «տրոյկա»։ Նախագահը, ահա միանձնյա «տրոյկան», եւ իրար բերան թքած, իրենց շողքից վախեցող իշխանության ստորին ճահճուտներում թրեւ եկող զանազան չնթոներ։ Ոգու սով է, որ բնության մեջ հայ տեսակի համատարած մահն է գուժում։ Ես ոչ մի թշնամուց չեմ նեղանում արդեն ու այսօրվանից պատերազմ եմ հայտարարում ախոռանիստ պալատներին, փշրում եմ հնազանդ ստրուկի շղթաներն իմ ու իմ միջեւ։ Ամաչում եմ, որ դրսում եմ, որ չկարողացա պաշտպանել մի մատ երեխային, ով մեր խիղճն է ու վճիտ արցունքը մեր երկրի։
Սակայն մորեխների վազքը հասկից հասկ, հունտերն ավերում է, բայց արմատը չի սպանում։ Մեր երկրի, մեր տեսակի բնիկ Արմատը Շահենն է ու նրա նման ազնիվ, անվախ, կռիվ տվող հոգիներն են։ Ոչ մի թշնամական «տրոյկա» իր մորմի ճանկերով չի կարող մարել նրանց ազնիվ հոգու անհատակ խորքի մեջ վառվող ազատության մշտակայծ հուրը։
«Նա դատավարության կողմ չէր, այլ ուժային կառույցի՝ ոստիկանության կողմից ներգրավված գերի»: Ռուզան Մինասյանի այս գրառման տողերն ինձ տարավ հեռավոր 1967 թվականը, Ստեփանակերտի ամառային զբոսայգու տարածքում տեղի ունեցող բաց դատավարության նիստին։ Երբ Կուրոպատկինո սովխոզի հայ գյուղատնտեսի իննամյա որդուն գյուղի ադրբեջանական դպրոցի դիրեկտոր Արշադ Մամեդովը, գլխին մեխեր գամելով, սպանել էր նկուղում։ Ու թուրք ենիչերիի կինը դատից հետո ցինիկաբար հայտարարել էր՝ «Արշադ, պայմանավորվել ենք, տասը տարի չէ, տասը օր էլ չես նստելու, քո կշռով մեկ ոսկի ենք տվել»։ Գազազած հայերը, եւ նրանց հետ Ռուդիկ Օգանովը, հարձակվել, ոստիկանների ձեռքից խլել էին երեք հանցագործին, սպանել ու խարույկի վրա այրել էին դիակները։ 1990 թվականի օգոստոսին, երբ Ստեփանակերտում հանդիպեցի Օգանովին, նոր էր վերադարձել ադրբեջանական տանջարաններից, մնացել էր իր հիշողության բեռի հետ միայնակ, ներկան կարծես կապ չուներ իր հետ։ Ու աչքը չէր կտրում աղբյուրից ջուր խմող ադրբեջանցի գյուղացիներից։ «Չէ, ես սրանց պիտի վերցնեմ, տես ոնց են հոռացել, տես ինչ ազատ են իրենց զգում»։ Աղաչեցի չանել այդ բանը։ Հասկացա, որ վրեժը դեռ չի լուծել, որ նրա աններում հոգին մահից այլեւս չի վախենում։ Իր տեր Աստվածը լքել էր նրան…
Երեւի մեր բաժին Աստվա՞ծ էլ է լքել մեզ…Չգիտեմ, միգուցե…Բայց վստահաբար ոչ տասնչորսամյա այն ծերունուն՝ սրբատեսիլ պատանյակ Շահենին, ով ընդամենն ու այլեւս, փոխել է մեր կյանքը։
ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա
«Առավոտ» օրաթերթ
21.10.2014