Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հայ ժողովրդի լավագույն բարեկամն ու ընկերն եմ»

Հոկտեմբեր 22,2014 14:00

Վլադիմիր Սպիվակովը երախտապարտ է հայ ժողովրդին
ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին

«Անչափ շնորհակալ եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից նմանօրինակ ուշադրության արժանանալու համար: Երախտապարտ եմ եւ չափազանց զգացված իմ նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի եւ փառատոնի այսօրվա համերգը հոբելյանիս նվիրելու նախաձեռնության համար…»,- սա աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Մոսկովյան միջազգային երաժշտության տան նախագահ Վլադիմիր Սպիվակովի ուղերձից հատված է՝ ուղղված Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին: Օրերս Արամ Խաչատրյանի անվան միջազգային երկրորդ փառատոնի շրջանակներում կայացած համերգով Երիտասարդական նվագախումբը նշեց արվեստագետի ծննդյան 70-ամյակը:

«Առավոտին» տված հարցազրույցներում Սպիվակովը մշտապես նշել է, որ ինքը հայ ժողովրդի լավագույն բարեկամն է ու ընկերը, քանի՜-քանի անգամ հայաստանյան համերգների ժամանակ (Երեւանում եւ Գյումրիում) մեր հանդիսատեսը հնարավորություն է ունեցել շփվելու նրա արվեստի հետ: Կատարողական վիրտուոզ ազատություն, լուրջ դժվարությունների հաղթահարման զարմանալի թեթեւություն, կա ամեն ինչ՝ եւ հնչյունի թրթռուն տատանում, եւ նվագախմբային պայթյուններ, օդեղեն պիանո, որոտընդոստ ֆորտե, ինչ-որ տեղ՝ իմպրովիզացիոն ազատություն, բայց եւ ձեւի հստակ գծագրություն: Այսպես համառոտ կարելի է բնութագրել երաժշտին:

Անդրադառնալով Սերգեյ Սմբատյանին ուղղված շնորհակալական ուղերձին, կարելի է ակնկալել, թե որքան է շնորհակալ հայ երաժիշտը Սպիվակովից: 17 տարեկան էր Սերգեյը, երբ 2004թ. 12 հայ պատանի երաժիշտների հետ մասնակցեց «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» միջազգային փառատոնին, որը կազմակերպել էր Սպիվակովի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը: Հիշյալ փառատոնին մասնակցում էր 847 պատանի, իսկ կազմակերպիչներն էին Ռուսաստանի կառավարությունը եւ Սպիվակովի միջազգային հիմնադրամը: Եզրափակիչ գալա համերգին հայ երաժիշտներից ելույթ ունենալու իրավունք էին ստացել սաքսոֆոնահար Էդուարդ Ներսիսյանը եւ ջութակահար Սերգեյ Սմբատյանը:

Մոսկովյան մամուլն էլ փառատոնին մասնակից ԽՍՀՄ հանրապետությունների երաժիշտներից հատկապես առանձնացրել էր մեր պատանիների ոչ միայն կատարումը, այլեւ արտիստականությունը: 1999թ. Սպիվակովի անվան միջազգային բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ստեղծման եւ նրա միջոցով մեր տաղանդավոր երեխաներին օգնելու գաղափարը պատկանում է հենց համաշխարհային փառքի հասած երաժշտին, չնայած հիմնադրամը կայացել է մեր երկրի համար անցումային շրջանին բնորոշ բոլոր տնտեսական, մշակութային դժվարություններին զուգընթաց: 2009 թվականին էլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի բազայի վրա հիմնեց մանկական նվագախումբ (ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան), որին աջակցեցին ՀՀ մշակույթի նախարարությունը, ՄԱԿ-ի հայկական գրասենյակի մանկական հիմնադրամը (UNICEF) եւ «ԱրմենՏել» ընկերությունը:

Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ելենա Սմբատյանը մեզ փոխանցեց, որ իր գոյության տարիներին հիմնադրամը աջակցել է շուրջ 900 տաղանդավոր երեխաների: Աջակցությունը եղել է եւ կրթաթոշակների տրամադրման, եւ միջազգային վարպետության դասերի, եւ մրցույթ-փառատոներին մասնակցելու տեսքով: 50 կրթաթոշակակիրներ էլ դարձել են բազմաթիվ հանրապետական, միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիրներ:

Վլադիմիր Սպիվակովն էությամբ լավատես է ու նաեւ վաղվա օրվա նկատմամբ հավատն է նրա հաջողությունների գրավականը: Ժամանակին՝ 2001թ., «Առավոտի» ընթերցողներին մաեստրոն փոխանցել էր. «Մարդն առօրյա իր ապրելակերպով հիշեցնում է բնությունը: Տեսեք. բնության մեջ երկինքը մթագնում է, ճեղքվում կայծակների փայլատակումներից, փոթորկվում է ծովը, մոլեգնում է հողմը եւ մի պահ թվում է, թե եկել է աշխարհի վերջը: Բայց այս ամենը ժամանակավոր է: Հետո ամեն ինչ հանդարտվում է ու կարծես սկսվում է գեղեցիկ մեղեդու ելեւէջներով կյանքի նոր շրջան…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031