Երեկ լուսադեմին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մեկնեցին Ալմաթի՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը:
Աշխարհի ուժեղագույն ծանրորդները, բացի չեմպիոնական տիտղոսներից ու մրցանակային տեղերից, պայքարելու են 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար: Ըստ աշխարհի առաջնության պաշտոնական կայքէջի, Ղազախստանում ընդհանուր առմամբ մրցահարթակ մտնելու են 75 երկրների 683 մարզիկներ: Հայաստանը ներկայացված է լինելու 14 ծանրորդներով (6 աղջիկ եւ 8 տղա):
Մեկնելուց առաջ մեր հավաքականների գլխավոր մարզիչներ Արտաշես Ներսիսյանն ու Պողոս Պողոսյանը «Առավոտին» փոխանցեցին այն ծանրորդների անունները, որոնք մեկնում են Ալմաթի:
Աղջիկներ: 48 կգ՝ Էլեն Գրիգորյան, 53՝ Աննա Գովելյան, 63՝ Իզաբելլա Յայլյան եւ Քրիստինե Պետրոսյան, 69՝ Մելինե Դալուզյան, +75՝ Հռիփսիմե Խուրշուդյան:
Տղաներ: 56 կգ՝ Սմբատ Մարգարյան, 69՝ Վանիկ Ավետիսյան, 77՝ Հակոբ Մկրտչյան եւ Արա Խաչատրյան, 85՝ Աղասի Աղասյան, 105՝ Սիմոն Մարտիրոսյան, +105՝ Հայկ Հակոբյան եւ Ռուբեն Ալեքսանյան:
Ի՞նչ մարզավիճակում են մեր ծանրորդները մեկնում Ալմաթի եւ ի՞նչ խնդիրներ են դրված նրանց առջեւ աշխարհի առաջնությունում: «Առավոտն» այս հարցերի շուրջ զրուցել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանի հետ:
– Պարոն Խեչանյան: Ծանրորդներն ինչպե՞ս են նախապատրաստվել աշխարհի առաջնությանը:
Կարդացեք նաև
– Ամբողջական պլանով ու դեռ մի բան էլ ավելի: Ֆեդերացիան ոչ միայն լիովին իրականացրել է հաստատված բոլոր ուսումնամարզական հավաքները, հավաքական թիմերին գործուղել միջազգային ու եվրոպական ֆեդերացիաների հովանու ներքո կազմակերպվող պաշտոնական առաջնություններ, այլեւ՝ ելնելով անհրաժեշտությունից, աշխարհի առաջնություն մեկնող մեր հավաքականների թեկնածուների համար այլ երկրների ընտրանիների հետ համատեղ լրացուցիչ հավաք կազմակերպել Թեոդոսիայում: Հիմա էլ մոտ երկու շաբաթ առաջ ուղարկում ենք մրցավայր՝ կլիմայափոխվելու, տեղում համատեղ հավաքներ անցկացնելու:
– Ծանրորդների առջեւ ի՞նչ խնդիրներ են դրված:
– Սա օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ բերող աշխարհի առաջին առաջնությունն է ու մեր գերնպատակը ոչ այնքան մեդալներ նվաճելն է, ինչը մարզական արդյունք ցույց տալու առումով ծանրորդի համար որոշակի ռիսկի հետ է կապված, այլ Ռիո դե Ժանեյրոյի՝ հնարավորին չափ շատ ուղեգրեր նվաճելը: Այ, 2016 թվականի օլիմպիական խաղերում արդեն կարելի է մեդալների համար էլ պայքարել:
– Քանի՞ ուղեգրի մասին է խոսքը:
– Ելնելով այս պահի մեր իրական հնարավորություններից՝ տղաների՝ 5, աղջիկների՝ 2: Դրա համար մեր ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանի, հավաքականների մարզիչների հետ խնդիր ենք դրել թիմային պայքարում տեղ զբաղեցնել լավագույն տասնյակում:
– Այսինքն, մեդալների համար պայքարել ի վիճակի չե՞նք:
– Ես նման բան չասացի: Իհարկե, հանգամանքների հաջող զարգացման դեպքում կպայքարենք: Իսկ իրական հնարավորություններ ասելով՝ նկատի ունեմ, որ տղամարդկանց հավաքականում որակազրկման պատճառով մի քանի ուժեղ ծանրորդ են պակասում, որոնք թիմին կարող են միանալ արդեն եկող գարնանը: Իսկ աղջիկների թիմում, գիտեք, Հռիփսիմե Խուրշուդյանը մայր դառնալուց հետո է սկսել մարզվել ու կիլոգրամներն ավելացնելու տեղ եւ ժամանակ ունի, իսկ Մելինե Դալուզյանի եւ Քրիստինե Պետրոսյանի բավականին բարդ վիրահատություններից դեռ մի տարի էլ չի անցել: Այնպես որ, շտապելու հարկ չկա:
– Եկող տարվա աշխարհի առաջնությունում նույնպես վարկանիշային միավորներ են հաշվարկելու:
– Եկեք ժամանակից առաջ չանցնենք: Ասեմ միայն, որ վստահ եմ՝ հաջորդ առաջնությանն ավելի հաջող ենք մասնակցելու: Բայց կրկնում եմ. մեր գերնպատակն օլիմպիական խաղերն են:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.10.2014