ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր բացվեց «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» խորագրով ցուցահանդեսը:
Երեք երիտասարդ նկարիչները «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարվա ապրիլին մեկնել էին Տալլին՝ աշխատելու տեղի տպագրական գրաֆիկայի արվեստանոցներում: Մոտ մեկամսյա ստեղծագործական աշխատանքի արդյունքները ցուցադրվել են Էստոնիայի ազգային գրադարանում. «Տղաների աշխատանքները շատ լավ ընդունվեցին ինչպես հասարակ դիտողների, այնպես էլ մասնագետների կողմից,- ասում է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը,- հենց դրա համար էլ որոշեցինք նույն ցուցահանդեսը տեղափոխել նաև Հայաստան»:
Տիգրան Սահակյանը Էստոնիայում կազմակերպված ցուցահանդեսը փորձի փոխանակմանն ու մշակույթների ծանոթությանը միտված շատ դրական քայլ է համարում:
Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հայ և էստոնացի նկարիչների ձեռագրերը բավականին տարբեր են, և ցուցահանդեսը հետաքրքիր է եղել նաև այդ տարբերությունների առումով. «Զգացմունքային, էմոցիոնալ պահը մեզ մոտ ավելի շեշտված է: Էստոնացիները տեխնիկապես վարպետորեն են աշխատում, բայց զգացմունք չկա: Գուցե խառնվածքից է, չգիտեմ»,- նշեց նա:
Կարդացեք նաև
Իսկ ահա Արման Վահանյանի համար Տալլինի ցուցահանդեսն ինչ-որ առումով ճակատագրական նշանակություն է ունեցել. «Ես երկար տարիներ զբաղվել եմ տպագրական գրաֆիկայով, բայց վերջին տարիներին դադարեցրել էի, որովհետև Հայաստանում այն զարգացած չէ: Այսինքն՝ դու դա անում ես միայնակ, ու արդյունք չկա, որովհետև արձագանքող էլ չկա: Բայց դա բնական է, քանի որ շատերին անհասկանալի է, թե դու ինչ ես անում: Դրանից, ինքնըստինքյան, քո ցանկությունն էլ է աստիճանաբար մարում: Իսկ Տալլինում կազմակերպված ցուցահանդեսից հետո իմ մեջ արթնացավ նորից աշխատելու ցանկությունը»,- պատմեց Ա. Վահանյանը:
Տիգրան Կիրակոսյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ուրախությամբ նշեց, որ էստոնացի դիտողն իր գործերը չի շփոթել էստոնացի նկարիչների գործերի հետ. «Իմ նկարներին նայելիս ասում էին՝ հստակ երևում է, որ էստոնացի նկարիչ չեք: Ես դա որպես հաճոյախոսություն ընդունեցի,- ասում է նկարիչը,- իհարկե, էստոնացիների մասին վատ բան չեմ ուզում ասել, պարզապես, տարբերություններ շատ կային: Հիմնական տարբերությունը, երևի, խառնվածքի մեջ է. նրանք ավելի սառն են, հավասարակշռված, կանոնակարգված: Մենք ավելի տաքարյուն ենք, ավելի բուռն խառնվածք ունենք: Իսկ դա անխուսափելիորեն արտահայտվում է յուրաքանչյուրիս ստեղծագործության մեջ»:
Տեղեկացնենք, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր բացված ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 15-ը: Մուտքն ազատ է:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ