Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանից հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է, որ Հառիճում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անվան փողոց կա: Ի պատասխան մեր հարցի, մարզպետարանի պաշտոնյան փոխանցեց, որ գյուղերում փողոցները անուններով չեն կոչում, այլ պարզապես համարակալում են, դա ռեգիստրի կանոնադրությամբ է:
Իսկ որ Հառիճի գյուղապետը այդուհանդերձ ռուսերեն լեզվով փողոցներից մեկում Նուրսուլթան Նազարբաևի անունն է փակցրել, Կարլեն Աբրահամյանն այդ կապակցությամբ ասաց. «Այդ մասին, հարցրեք գյուղապետից: Նա կապեր ստեղծող անձնավորություն է, հնարավոր է հանուն այդ կապերի է արել, գյուղում ինչ-որ ներդրումներ բերելու ակնկալիքով, ես ինքս չեմ տեսել այդ փողոցը: Բայց տեղյակ եմ, որ գյուղապետը բավական սերտ կապեր ունի ղազախների հետ, ղազախներն այդ գյուղում գրադարան էին հիմնել: Ղազախստանի դեսպանը անընդհատ հյուրընկալվում է այստեղ: Ես մի անգամ առիթ ունեցա մի միջոցառման ժամանակ հանդիպել Հայաստանում Ղազախստանի դեսպանին, ասեմ, որ շատ տպավորված եմ: Շատ գրագետ անձնավորություն է, Ղազախստանի հայ համայնքի մասին ամեն մի տեղեկության տիրապետում է ու հետաքրքիր պատմություններ ներկայացրեց Ղազախստանում հայերի կյանքից: Շատ շոյվեցի, երբ դեսպանը Լևոն Միրոզյանին, որը 1933-1937 թվականներին եղել է Ղազախստանի կոմկուսի առաջին քարտուղարը, ներկայացրեց որպես Ղազախստանի ազգային հերոսի: Ես, բնականաբար, շատ էի կարդացել Լևոն Միրոզյանի մասին, միշտ հետաքրքրվում եմ ղարաբաղցիներով, իմ հայրենակիցներով, բայց դեսպանի շուրթերից լսելը մի ուրիշ հաճույք էր…Ալմա-Աթայում Լևոն Միրզոյանի անվան փողոց կա: Նա ստալինյան ռեպրեսիաների զոհ դարձավ, նրան գնդակահարեցին որպես ղազախ նացիոնալիստի…
Կարդացեք նաև
Դեսպանի ներկայացրածից մեկ պատմություն ևս կար իմ մոտ տպավորված, Նուրսուլթան Նազարբաևը` Ղազախստանի նախագահը, իր երկրի կոնյակի ամենամեծ գործարանը առանց մրցույթի տվել է հայ բիզնեսմենի` մի կողմ թողնելով ղազախ բիզնեսմենների` գործարանին տեր կանգնելու, աշխատեցնելու ցանկությունը: Հայ գործարարի անուն ստույգ չեմ հիշում, բայց երբ ղազախ գործարարները Նազարբաևից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է հանձնում հային, վերջինս պատասխանել է` հայը գիտի կոնյակ պատրաստելու գաղտնիքները, սա կոնյակ է, կումիս չէ , որ դուք աշխատեցնեիք (կումիսը ձիու կաթն է, որը շատ է ընդունված խմել Ղազախստանում)» :
Ի դեպ, կոնյակի գործարանի մասին դեսպանի պատմությունը մեզ գրեթե նույնությամբ ներկայացրեց նաև Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը:
Անցած տարի Տաուշի մարզ կատարած իր այցի ժամանակ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը ևս նշել էր, որ մի ժամանակ շարք ապրանքատեսակների, կոնկրետ կոնյակի և գինու արտադրության մենաշնորհը պատկանում է հայ ձեռնարկատերերին: Այս մասին տեղեկանում ենք Տաուշի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Նշենք, որ հայ պատմաբանների փաստմամբ, այժմ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ամեն կերպ փորձում է անվանափոխել Լևոն Միրզոյանի անվան փողոցը :Այն հայի, որի առաջ խոնարհվում են բոլոր ղազախները, որովհետև հայն է ծաղկեցրել Ղազախստանը, հիմնել այս երկրի տնտեսությունը, արդյունաբերությունը, մշակույթը: Ըստ պատմաբանների, Ղազախստանի նախագահը, տուրք տալով Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերություններին, նաև Թուրքիայի հետ սերտ կապերին, ոչ միայն վատթարացնում է հայերի հետ հարաբերությունները, այլ իսպառ փորձում է ջնջել հայ պետական գործչի անունի Ղազախստանի պատմության էջերից:
Այս թեմային կանդրադառնանք առաջիկայում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ինչու զարմանալ-մենք էլ նոյնն ենք անում։
Ես միշդ չեմ հասկացել թէ ինչպէս կարելի է Հայաստանի անկախութեան յիշատակում կատարել ամէն տարի մեծ շուքով չյիշել նոյնիսկ առաջին նախագահին անունը `որ ի միջի այլոց Ղազախ չէ։
Կամ ինչպէս տօնել Շուշիի ազատագրումը եւ Ժիրայր Սիֆիլեանին անունին վրայէն խոշոր ոստում կատարել։ Ան ալ ղազախ չէ։
Բժիշկ նախ բժշկեա զանձն քո։