Հայաստանի կառավարությունը տուրիզմը զարգացնելու, ներդրումները ավելացնելու համար նպատակ է դրել ստեղծել Հայաստանի բրենդը՝ երկիրը աշխարհին ճանաչելի դարձնելու նպատակով։ Այս նպատակով այսօր Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակում GK brand ընկերության գլխավոր տնօրեն Վազգեն Քալաջյանը սեմինարի ընթացքում ներկայացրեց Հայաստանի համար նոր բրենդ ստեղծելու մեթոդները, նոր բրենդի վերաբերյալ կատարված հետազոտությունները:
«Աշխարհի շատ երկրներում Հայաստանը ասոցացնում են զոհի հետ: Մեր պատմությունը ստիպել է, որպեսզի շատերը Հայաստանին տան զոհի կարգավիճակ։ Այս պարագայում ո՞վ կցանկանա տոմս գնել եւ մեկնել մի երկիր, որը անհաջողակ է։ Ես դեմ չեմ ցեղասպանության քարոզչությանը, սակայն ցեղասպանությունից հետո են Հայաստանը նման կերպով ընդունում»,- այսպես իր ելույթում արտահայտվեց պրն Քալաջյանը։
Մասնագետի խոսքով՝ նման կերպով հնարավոր չի պատշաճ եւ աշխարհին ներկայանալի բրենդ ստեղծել Հայաստանի համար. «Լավը չի լինի բրենդը, եթե երկիրը ասոցացվում է զոհի հետ։ Պետք է ստեղծել դրական բրենդ՝ հիմնվելով դրական, բայց ճիշտ պատմությունների վրա»։
Պրն Քալաջյանը օրինակ է բերում, որ աշխարհում դեռ կան երկրներ, որտեղ չգիտեն Հայաստանի մասին, շատերը Հայաստանը շփոթում են Ալբանիայի կամ Ռումինիայի հետ, մյուսները միայն ցեղասպանության մասին են լսել, գերմանացիները գիտեն Հայաստանը ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի շնորհիվ, իսկ ֆրանսիացիները ամենաշատն են տեղեկացված Հայաստանի մասին: Այս առումով Հայաստանը աշխարհի երկրների ցանկում իր ճանաչելիությամբ 137-րդ տեղն է զբաղեցնում:
Կարդացեք նաև
Պրն Քալաջյանի խոսքով՝ զբոսաշրջիկներին եւ արտասահմանյան ներդրողներին ներգրավելու համար միայն այն փաստը, որ Հայաստանը Քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրն է, բավարար չէ. «Մենք չենք կարող միայն Քրիստոնեությունով ներգրավել մարդկանց, քանի որ հենց Իրանի կամ արաբական աշխարհի ներկայացուցիչներին, որոնք Քրիստոնեություն չեն դավանում, նման կերպով հրավիրել, որպեսզի ներդրումներ անեն, բավարար չէ»:
Պրն Քալաջյանը նշում է, որ Հայաստանի բրենդի ստեղծման համար հետազոտություններ են իրականացվել, հարցումներ են անցկացվել, որոնց մասնակցել են շուրջ հազարից ավելի մարդիկ: Բանախոսը առաջարկում է բրենդի ստեղծման համար որպես հիմնական առանցք ընդունել հետեւյալ դրույթները. «Առաջարկում եմ, որպեսզի բրենդի ստեղծման հիմք ընդունել նախ եւ առաջ ավանդույթները, հիմնվել մշակութային արժեքների վրա: Պետք է աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում շատ կան արարող անձիք: Չպետք է այնպիսի տպավորություն լինի, որ կարծես բոլորին թվա, որ երկիրը դատարկվում է: Այն մարդիկ, որոնք լքում են երկիրը, հենց նրանք են երկրի համար արարում, ստեղծում, նորարարություններ անում: Հայաստանը պետք է ճանաչեն որպես ստեղծող եւ հետազոտող երկիր, որտեղ չեն վախենում նորարարություններից եւ համարձակ կերպով ընդունում են մարտահրավերները»:
Պրն Քալաջյանը իր ելույթում նաեւ առաջարկեց բրենդի ստեղծման համար ունենալ բրենդի «դեսպաններ». «Մարդիկ, որոնք կկարողանան ներկայացնել Հայաստանը: Նրանք կարող են լինել տաքսու վարորդներից մինչեւ կառավարության ներկայացուցիչներ»:
Պրն Քալաջյանը ներկայացրեց բրենդի նախնական տարբերակը, սակայն չցանկացավ այն ավելի մանրամասնել եւ դեռեւս հասանելի դարձնել: Ուստի ձեզ ենք ներկայացնում միայն դրա անվանումը, սակայն փակագծերը դեռ չենք բացում. «Armenia. Rewards the bold- Հայաստանը, համարձակների համար»:
Պրն Քալաջյանը սեմինարի ընթացքում նաեւ ներկայացրեց բրենդ ստեղծելու գաղտնիքները, եւ այն, որ բրենդ ստեղծելու համար պետք է երկար ստրատեգիական պլան մշակել. «Արտադրանքը ստեղծվում է գործարանում, բրենդը ստեղծվում է ուղեղում»,- ահա այս արտահայտությամբ նա ներկայացրեց բրենդի ստեղծման ճանապարհները:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ