«Հայրս լուսադեմին գնում էր՝ հացի հերթ կանգնելու, իսկ ես արթնանում ու դաշնամուր էի նվագում: Հետո հայրս «յազվա ստացավ», ես էլ դարձա երաժիշտ»,- անվանի դաշնակահար Տիգրան Համասյանի խոսքերն են: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց, թե ինչպես ամեն ինչ սկսվեց. «Ես, կարելի է ասել, ծնված օրից եմ երաժշտություն լսել: Հայրս միշտ ռոք էր լսում, հորեղբայրս՝ ջազ, սոուլ, ֆանկ: Եվ երաժշտության հանդեպ իմ սերը դեռ մանկուց է ձևավորվել, ու թեև ծնողներս շատ վաղ նկատեցին, որ երաժշտության հետ շատ եմ կապված, բայց այն մութ ու ցուրտ տարիներին դա ծնողներիս այնքան էլ հույս չէր ներշնչում:
Առաջին մարդը, որ, 3 տարեկանից սկսած, միշտ կողքիս է եղել, հորեղբայրս է, և ինչի որ հասել եմ, նրա շնորհիվ է: Հետո 2000 թ. Երևանի երկրորդ ջազային փառատոնին նաև դաշնակահար Ստեփան Կոչոյանն էր մասնակցում իր տրիոյով: Նա Ֆրանսիայում մի քանի ջազ-փառատոների գեղարվեստական ղեկավար էր, և Երևանում ինձ լսեցուց մեկ ու կես տարի հետո հրավիրեց Ֆրանսիա՝ ինչ-որ փառատոնի մասնակցելու: Այստեղից էլ սկսվեց ամեն ինչ: Դրանից հետո սկսեցի մրցույթների մասնակցել տարբեր երկրներում, կապեր հաստատվեցին պրոֆեսիոնալների հետ: Ու սկսվեց»,- հիշում է դաշնակահարը:
Նա խոսեց նաև հայկական ժողովրդական երգերի վերամշակումների մասին, որոնց ուսումնասիրությամբ արդեն վաղուց է զբաղվում. «Հայկական ու, առհասարակ, ցանկացած ժողովրդական երաժշտություն, պետք է ճիշտ մատուցել, քանի որ ժողովրդականն ինքնին ամեն ինչ ասում է: Ժողովրդական երաժշտությանը «դիպչելիս» և ժամանակակից ձևով մատուցելիս փորձում եմ հնարավորինս զգույշ լինել: Որպեսզի կարողանաս ժողովրդականը մատուցել, պիտի նախ ուսումնասիրես այն, հասկանաս ու զգաս: Այս կամ այն ստեղծագործությունը մշակելիս ես չեմ մտածում՝ ինչպես դա անել: Պարզապես, գալիս է երաժշտությունը, այդ պահին երգն այդ տեսքով եմ պատկերացնում, որոշ ժամանակ անց նույն երգը նորից եմ մշակում, այն փոփոխվում է ներաշխարհիս փոփոխմանը համընթաց»,- ասում է Տ. Համասյանը:
Նա անդրադարձավ նաև կինոռեժիսոր Ադրիան Ռիվոլիերի՝ իր մասին նկարահանած ֆիլմին, որը կինոռեժիսորը շատ է ցանկանում ցուցադրել Հայաստանում, բայց այդ մասին հստակ պայմանավորվածություն դեռ չկա. «Ֆիլմն իմ նախաձեռնությամբ չի նկարահանվել: Ես նույնիսկ դեմ էի ֆիլմի ստեղծմանը,- ասում է Տ Համասյանը,- սակայն ես ու Ադրիանն ընկերացանք, և 3 տարի ինձ աշխարհի տարբեր ծայրերում հետևելուց հետո նա ստացավ ֆիլմ պատրաստելու թույլտվություն: Ֆիլմը Ադրիանի տատիկին է նվիրված: Նա ինձ ու իր տատիկին միասին շատ է նկարել, և ֆիլմը, ավելի շուտ, կարծես, տատ-թոռ հարաբերությունների մասին լինի: Ֆիլմը վավերագրական է, բայց այստեղ միայն իմ ստեղծագործելու ընթացքն է ներկայացված, ոչ մի հարցազրույց կամ մեկ այլ բան»:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ